Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին Վրաստանը ներկայացնելու է Ազգային ժողովի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն, որը Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավարն է:
Վրացական civil.ge կայքի հաղորդմամբ՝ նույն օրը Թուրքիայում անցկացվելիք Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին Վրաստանը կներկայացնի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն և խոհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին:
Վրաստանը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ապրիլի 15-ին Վրաստանի խորհրդարանում լիագումար նիստի ժամանակ Ախալքալաքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Պետրոսյանը հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կոչով: Մի շարք պատգամավորների միջև ծավալված բանավեճից հետո խորհրդարանի խոսնակը հստակ նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Վրաստանի խորհրդարանում չեն պատրաստվում քննարկել:
Ապրիլի 24-ին Երևանում հիշատակման արարողություններին ներկա կլինի 60 երկրի պատվիրակություն, որոնցից 4-ը ներկայացված կլինի նախագահի մակարդակով՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի և Սերբիայի: