Թուրքիան խորհրդակցությունների համար հետ է կանչել Վիեննայում իր դեսպանին

Թուրքիան ապրիլի 22-ին խորհրդակցությունների համար հետ է կանչել Վիեննայում իր դեսպանին այն բանից հետո, երբ Ավստրայի խորհրդարանն ընդունել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն:

Թուրքիայի արտգործնախարարության` դեսպան Հասան Գյողյուշին հետ կանչելու վերաբերյալ հաղորդագրությունում ասված է. «Այդ հայտարարության ընդունումը խիստ վրդովեցրել է մեզ: Ավստրիայի խորհրդարանը չունի իրավունք և իրավասություն` թուրք ժողովրդին մեղադրելու մի հանցագործության մեջ, որը հակասում է օրենքին ու պատմական ճշմարտությանը: Հարկ է իմանալ, որ Թուրքիան և թուրք ժողովուրդը չեն մոռանա այս զրպարտությունը` ընդդեմ իրենց պատմության»:

Թուրքիայի արտգործնախարարությունը նշել է, որ «Առաջին աշխարհամարտի իրադարձությունները ծուռ հայելիների միջով դիտարկելը, ընտրողական և ինչն ավելի վատ է` խտրական կարծիքներ հնչեցնելը և ցեղասպանության պես ծանր մեղադրանքներ բարդելը ոչ այլ ինչ, է, քան իրավունքի սպանդ»:

«Մենք այս կապակցությամբ մեր տեսակետը հայտնել ենք Անկարայում Ավստրիայի դեսպանին, ինչպես նաև խորհրդակցությունների համար հետ ենք կանչել Վիեննայում մեր դեսպանին»,- ասված է հաղորդագրությունում:

***

Ավստրիայի խորհրդարանի բոլոր վեց խմբակցություններն ընդունել են համատեղ հայտարարություն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Հայտարարությունը պաշտոնապես հրապարակվել է ապրիլի 22-ին Ավստրիայի խորհրդարանի նիստում, որի մեկնարկին բոլոր ուժերը լռության րոպեով հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Մեկնաբանել