Իսրայելի նախագահն ընդունել է հայ համայնքի ղեկավարներին

Armenim0415Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինն իր նստավայրում հանդիպել է Իսրայելի հայ համայնքի ղեկավարներին` հիշատակելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որը Իսրայելի նախագահի գրասնեյակի պաշտոնական հաղորդագրությունում նշվում է որպես «հայկական ողբերգություն»:

Ողջունելով հյուրերին` Ռիվլինն ասել է. «Մենք բարոյապես պարտավոր ենք մատնանշել փաստերը` որքան էլ դրանք սարսափելի լինեն: Մենք չպետք է անտեսենք դրանք: Հայ ժողովուրդը ժամանակակից զանգվածային սպանությունների առաջին զոհն է եղել: Մենք չենք ձգտում մեղքը դնել որևէ կոնկրետ երկրի վրա, սակայն համաձայն ենք ջարդերի զոհերի և սարսափելի հետևանքների հարցում»:

Իսրայելի նախագահն ընդգծել է հրեա ժողովրդի` ջարդերը հիշատակելու պարտավորության կարևորությունը և ասել է. «Այսօր, երբ ֆունդամենտալիզմի վիշապը կրկին գլուխ է բարձրացնում, մենք պետք է հիշենք, որ չարիքը որևէ կոնկրետ կրոնի բնորոշ չէ, այնպես ինչպես որևէ կոնկրետ երկրի կամ էթնիկ խմբի առանձնահատկությունը չէ: Մենք չպետք է թույլ տանք, որ որևէ մեկը ցինիկաբար օգտագործի մարդու իրավունքների լեզուն քաղաքական նպատակներով: Երկու շաբաթ առաջ մենք` հրեա ժողովուրդը, նշում էինք Հոլոքոստի հիշատակման օրը: Սարսափելի Հոլոքոստից հետո հայ ժողովրդի ողբերգությունը հիշատակելը հրեաների պարտավորությունն է` մարդկային և բարոյական: Ես հպարտ եմ ընդունել ձեզ այստեղ` նախագահական նստավայրում` հիշատակելու այս օրը ձեզ հետ»:

Հանդիպման մանսակիցներից Երուսաղեմի հայոց պատրիարք, արքեպիսկոպոս Արիս Շիրվանյանն իր հիասթափությունն է հայտնել այն կապակցությամբ, որ Իսրայելը հայերի ջարդերը «ցեղասպանություն» չի որակել:

«Նախագահը հայտարարել է, որ ի գիտություն է ընդունել այս քննադատությունը և կարծում է, որ Իսրայելի ղեկավարությունը պետք է անի ավելին` բարձրաձայնելու հայերի սպանության խնդիրը: Նա ընդգծել է կայացած քննարկման կարևորությունը»,- հաղորդում է Իսրայելի նախագահի կայքը:

Հայկական համայնքի ներկայացուցիչներն այսպիսի առիթով առաջին անգամ էին հրավիրվել Իսրայելի նախագահի մոտ:

***

Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հունվարի 28-ին Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթ ունենալով Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ [նշվում է հունվարի 27-ին – ՍիվիլՆեթ], խոսել էր նաև Հայոց ցեղասպանության մասին՝ ակնարկելով, որ ողբերգություն վերապրած ազգերը պետք է կարողանան կիսել նաև մյուսների ցավն ու տառապանքը: Հայոց ցեղասպանության համատեքստում, սակայն, նա խոսել էր նաև Խոջալուի դեպքերի մասին:

Իսրայելցի հայտնի ցեղասպանագետ, Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոնի կարծիքով՝ դատապարտելի է, որ մինչ այժմ Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դատապարտելի է նաև, որ Իսրայելի նախագահը Հայոց ցեղասպանության համատեքստում խոսել է Խոջալուի մասին: ՍիվիլՆեթի cԿԱՃԱՌ հաղորդմանը կարդացած դասախոսությունում պրոֆեսոր Աուրոնը պատմել է, թե ինչպես է ինքը Իսրայելի նախագահին խորհուրդ տվել ՄԱԿ-ի ելույթում օգտագործել «ցեղասպանություն» եզրը, ինչին ի պատասխան Ռիվլինն ասել է, որ չի կարող արտահայտել իր մասնավոր կարծիքը: