Նեպալում երկրաշարժից տուժել է ութ մլն մարդ. ՄԱԿ

NepalՆեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժել է ընդհանուր առմամբ 8 մլն մարդ, որոնցից 1,4 մլն-ին անհրաժեշտ է անհապաղ պարենային օգնություն. այսպիսի հայտարարություն է արել Միացյալ Ազգերի Կազմակերպությունը:

Նեպալի կառավարության վերջին տվյալներով՝ զոհվածների թիվը հասել է 4310-ի: Երկիր սկսել է առաքվել մարդասիրական օգնություն, սակայն մինչև հիմա կա բժշկական սարքավորումների, սննդամթերքի սուր կարիք:

Ապրիլի 25-ին Նեպալում տեղի է ունեցել 7,8 մագնիտուդով երկրաշարժ: Երկրի մայրաքաղաք Կատմանդուում ավերվել են բազմաթիվ շենքեր, գյուղական շրջաններում ավերածությունների մասշտաբն է՛լ ավելի մեծ է:

Նեպալում և հարևան երկրներում շարունակում են զգացվել ստորգետնյա ցնցումներ: Տեղի ունեցած երկրաշարժը Նեպալում վերջին 81 տարում ամենաավերիչ աղետն էր, որը հանգեցրել է լեռներում սողանցքների. արդյունքում զոհվել է 18 մարդ: Եվս 200 հոգի գտնվում են արտաքին աշխարհից կտրված վիճակում՝ լեռան լանջերին: Նեպալի կառավորությունը, ինչպես հաղորդում է BBC-ն, հայտարարել է, որ արտերկրից օգնության կարիք ունի, ընդ որում՝ ցանկացած:

Մեկնաբանել