Ապրի Հրանուշ Հակոբյանը

Ապրի Հրանուշ Հակոբյանը։ Ապրի։ Բայց մենք, միևնույն է, արժանի ենք ծանոթանալու այն մարդու բժշկական թղթերին, ով այս կնոջը պաշտոն է վստահել։ Որովհետև ապրելն այլ բան է, պետական պաշտոն զբաղեցնելն այլ բան։ Հրանուշ Հակոբյանը երեկ զարմանում էր՝ ինչու՞ են մեր հայրենակիցները հեռանում Հայաստանից։ Ինձ էդ հարցը հետաքրքիր չէ։ Երբ քեզ պետական պաշտոն են վստահում, հիմնական հարցը փոխվում է՝ իսկ ինչու՞ մնան մեր հայրենակիցները, եթե այդպես էլ անհայտ է մնում, թե բժշկական ի՞նչ փաստաթղթերի առկայությամբ է Սերժ Սարգսյանը նախագահ, Հովիկ Աբրահամյանը՝ վարչապետ, իսկ Հրանուշ Հակոբյանը՝ Սփյուռքի նախարար։ Էս հարցերը պատասխան չունեն։ Ավելին, Հրանուշ Հակոբյանը Հայաստանի դատապարտվածության ծանրության կենտրոնն է փորձում փոխել։ Նա Սփյուռքին կոչ է անում մարդա հազար դոլար ներդնել մեր բանկերում։ Այսինքն, Սփյուռքն է մեղավոր, որ ներդրումներ չեն անում, որպեսզի ոտքի կանգնենք։ Որովհետև պետությունը 24 տարի է, ինչ գոյություն ունի, ու դեռ անհրաժեշտություն կա, որ Սփյուռքը էստեղ ներդրումներ անի։

Նախ արել է, անում է և կանի։ Երկրորդ, Սփյուռքը պարտավոր չէ ներդրումներ անել։ Երրորդ, Սփյուռքը կոնկրետ մարդիկ են, որոնք սիրում են հասկանալ, թե հանուն ինչի՞ պիտի այս կամ այն ռիսկային գոտում ներդրումներ անեն։ Սփյուռքը պիտի որ իմանա, որ կոռուպցիան Հայաստանում 40 տոկոս է, աղքատների ցուցանիշը մեր երկրում մոտենում է ցեղասպանության զոհերի ցուցանիշին, իսկ արտագաղթն ընդհանրապես մի թեմա է, որը վերաբերում է միայն իշխանության էությանը։ Ի՞նչ կապ ունեն աշխատավարձերը առանց իշխանության կերպարի։ Ինքնին աշխատավարձեր չկան։ Կան պետության կազմակերպած տնտեսական քաղաքականության արդյունքում ձևավորվող աշխատավարձեր։ Հայաստանում ռեալ մոտ 2 միլիոն մարդ է ապրում։ Դա ի՞նչ թիվ է, տիկին Հակոբյան։ Ո՞ր մի միլիարդատեր սփյուռքահայը չգիտի, որ այս մարդկանց պահելը խաղ ու պար է։ Որ այս մարդիկ աղքատ են ոչ թե արդյունաբերության բացակայության, այլ բյուջեի գողության պատճառով։

Ընկերներ, մոռացեք Սփյուռքի մասին։ Ինձ՝ ՀՀ քաղաքացուս համար վիրավորական է Սփյուռքը ի փողն իմ տնտեսության վրա «տղա» բերելը Հովիկ Աբրահամյանի, Ալեքսանդր Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, Սամվել Ալեքսանյանի բիզնես գոյության դաշտում։ Ինչպես Սամվել Կարապետյանի կառուցած եկեղեցիներն են վիրավորական։ Ուղղակի վիրավորական է։ Ինչպես վիրավորական է ամբողջ ՀՀԿ-ի գոյությունը իշխանության մեջ։ Սփյուռքից փող մուրալը նույնն է, ինչ ՀՀԿ-ից ազնիվ իշխանավոր ակնկալելը։ Ես չեմ ասում, թե ներդրումներ չպետք է արվեն։ Ես ասում եմ՝ տոտալ հանցագործության դաշտում ներդրումներ չպետք է արվեն, դրանք քամուն մատնած ներդրումներ են։ Եվ եթե Սփյուռքը չարձագանքի Հրանուշ Հակոբյանին, ինքը մեղավոր չի լինի։ Ավելին, թեմա է, թե ինչպե՞ս է մինչև հիմա փող հավաքել «Հայաստան» հիմնադրամը։ Այսինքն, Սփյուռքն իրականում ողորմած է և աչքածակություն է նրանից հավելյալ փող ակնկալելը։

Սփյուռքը մեղավոր կլիներ, եթե Սփյուռքի նախարարը սփյուռքահայ լիներ ու չիմանար՝ ինչ է Սփյուռքը։ Իսկ հիմա մեղավոր եք դուք, որ հնարել եք բացարձակապես Հայաստանի հետ կապ չունեցող Սփյուռքի նախարարությունը և մշակութային հիմարություններ եք իրականացնում։ Հայաստանի քաղաքացին, չասեմ ձեզ պաշտոն է վստահել, բայց ձեզ վստահված պաշտոնին վայիս չի լինում, որպեսզի դուք պետություն սարքեք ձեր գյորա, եթե սփյուռքը պետք է ներդրումներ անի, գնացեք, թող սփյուռքահայ ներդրողները գան Հայաստան սարքեն։ Եվ հետո, սփյուռքն արդեն 25 տարի ներդրումներ է անում, եթե քթի ծակ ունենայիք, չէիք գնա նրանց դիմաց նստի ու ասի՝ էս փոքր երկրում ո՞նց կարող է 10 հոգի շաքար ներկրել։ Դա վիրավորանք է ոչ միայն Հայաստանի քաղաքացու հասցեին, այլև սփյուռքահայի։ Որովհետև արհամարհանք է տեսնում Հայաստանի հանդեպ։ Տեսնում է, որ իր երկիրը ղեկավարելու հայտ ներկայացրած մարդը գործարարությունից ոչինչ չի հասկանում, շաքարը պատկերացնում է, ներդրում բառը գիտի, «փոքր» բառի իմաստը ոնց որ թե չի խառնում, բայց ասածը ոչ մի կապ չունի գործարար մթնոլորտի հետ։ Հիմա սփյուռքահայը ինչու՞ պիտի իր հազար դոլարը բերի ու դնի մեր բանկերում։

Ընկերներ, Սփյուռքը նախ ունի միայն մեկ իրավունք, որը ոչ մի կերպ պարտավորության չի ձգում՝ սիրել իր Հայրենիքը։ Այսինքն, սիրել այն հողը, որտեղ դեռ ոտք չի դրել, որի «աչքերի» մեջ չի նայել։ Ինքը «պարտավոր» է սիրել իր նախնիների տառապանքի և Ցեղասպանության արդյունքը։ Որովհետև հենց կտրվեց էդ «արդյունքից», Ցեղասպանությունն էլ կդառնա ավելորդ, Հայաստանն էլ։

Մեկնաբանել