Երանի ապրիլի 24-ին Թուրքիայի բոլոր քաղաքներում սուգ լիներ. Դեմիրթաշ

Դիարբեքիրը Ապրիլի 24-ին

Ապրիլի 24-ին, Դիարբեքիրի Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության նախաձեռնությամբ, Սուրբ Սարգիս հայկական կիսավեր եկեղեցու շրջակայքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է կազմակերպվել: Այստեղ հավաքվել է հոծ բազմություն՝ աշխարհի տարբեր երկրներից եկած հայեր, նաև՝ քրդեր ու ասորիներ:

Ներկա էին Թուրքիայի խորհրդարանի քուրդ պատգամավորներ, խորհրդարանում ներկայացված Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը, Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթեն Քըշանաքը: Նա ասել է. «Հայ եղբայրների, հայ ժողովրդի ապրած տառապանքը, հայերի Ցեղասպանությունը, կորուստները երբեք չենք մոռացել և չենք մոռանա: Ցավը, տառապանքը և Ցեղասպանության ողբերգությունը զգում ենք մեր սրտում: Չենք ցանկանում դեպի ապագա շարժվել ու առաջ ընթանալ այս վերքի ու ողբերգության հետ»:

Սելահեթթին Դեմիրթաշն էլ ասել է. «Երանի այսօր Թուրքիայի բոլոր քաղաքներում սուգ լիներ»: Մասնակիցները պարզել են անմոռուկի պատկերով պաստառներ, հնչել են հայերեն երգեր:

Ապրիլի 23-ին Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում էլ կանադահայ երաժիշտ Րաֆֆի Պետրոսյանը դաշնամուրային համերգ էր տվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Մեկնաբանել