Սաակաշվիլին Բաքվում հանդիպել է Ալիևի հետ

Բաքվում տեղի է ունեցել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Սաակաշվիլին Բաքվում մասնակցում է միջազգային համաժողովի, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Սաակաշվիլին: Վրացական լրատավամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում և տևել է շուրջ մեկ ժամ: Վրաստանի դատախազությունը դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ Սաակաշվիլիին ձերբակալելու և արտահանձնելու պահանջով:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը և գլխավոր դատախազությունը չեն մեկնաբանել վրացական կողմի դիմումը:

***

Միխեիլ Սաակաշվիլին, որը Վրաստանից հեռացել է 2013թ. նոյեմբերին՝ իր նախագահական լիազորությունների լրանալուց մի քանի օր առաջ, հիմնականում ապրում է ԱՄՆ-ում և Ուկրաինայում:

Ներկայում նա Ուկրաինայի նախագահի խորհրդականն է:

Վրաստանում Սաաակաշվիլին մեղադրվում է Քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածով, այդ թվում՝ պետական միջոցների վատնում, խաղաղ ցուցարարների հետ հաշվեհարդարի կազմակերպում, գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքի ապօրինի տիրացում և այլն: Քանի որ Վրաստանի նախկին նախագահն այդպես էլ չի ներկայացել դատախազություն՝ հարցաքննության, որպես նրա խափանման միջոց է ընտրվել հեռակա կալանքը: Իրեն առաջադրված մեղադրանքները նա անհիմն է համարում:

Ապրիլի 28-ին Թբիլիսիում մեկնարկել է նրա դատավարությունը:

Մեկնաբանել