Հայաստանում ՏՏ-ի ստարտափ շարժում է սկսվել

Դուք օգտվում եք Google Drive-ից կամ Dropbox-ից, բայց երբեք ձեր ֆինանսական հաշիվներին առչնվող տեղեկատվությունը դրանց չեք վստահում: Դուք ուզում եք ծրագրավորող դառնալ՝ առանց ավանդական դասընթացներ հաճախելու: Դուք ծրագրավորող եք, և ուզում եք միջազգային խոշոր ընկերություններում ընդունվել աշխատանքի, բայց չգիտեք ինչպես: Դուք ուզում եք ավելի անվտանգ, հեշտ և որակյալ տաքսիներից օգտվել՝ առանց խաբվելու և ժամանակ կորցնելու:

Այս և մի շարք այլ խնդիրների արդյունավետ և միջազգային շուկայի պահանջներին համահունչ լուծումներ են առաջարկում հայկական սկսնակ ՏՏ ընկերությունները, որոնք ֆինանսավորում են ստանում «Գրանատուս Վենչուր Ֆոնդ I» առաջին վենչուրային ֆոնդից Հայաստանում: Նախորդ շաբաթ Երևանի ռեստորաններից մեկում հրավիրված բիզնես նախաճաշին «Գրանատուս Վենչուրսի» և ֆոնդի կողմից ներդրումներ ստացած ընկերությունների ներկայացուցիչները ներդրողներին, կառավարության ներկայացուցիչներին և ֆոնդի լոկալ խորհրդատվական ցանցի անդամներին պատմեցին իրենց ծրագրերի մասին:

2013թ. հոկտեմբերին հայաստանյան առաջատար խորհրդատվական ընկերություններից մեկի հիմնադիր Մանուկ Հերգնյանի, հայկական արմատներով սինգապուրյան վենչուրային կապիտալիստ Պիեր Հենեսի և Լոնդոնում ՏՏ ոլորտի ֆինանսական խորհրդատու Երվանդ Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Գրանատուս Վենչուր Ֆոնդառաջին վենչուրային ֆոնդը: Ֆոնդի առաջին ներդրողները հայաստանյան և սփյուռքահայ ձեռներեցներ և մասնավոր կազմակերպություններ են, որոնց հետ 1:1 համամասնությամբ Համաշխարհային բանկի «Էլ. հասարակություն և նորարարություններ մրցունակության համար» ծրագրի շրջանակում համաներդրում է կատարել ՀՀ կառավարությունը: Գործունեության մոտ 1.5 տարվա ընթացքում ֆոնդի կառավարիչ «Գրանատուս Վենչուրս» ընկերությունը արդեն հաջողությամբ ներդրում է կատարել հինգ նախագծերում, ևս երկու նախագծի ֆինանսավորում վերջնական փուլում է: Ընդհանուր ներդրումների չափը մոտ 1 մլն դոլար է:

«Գրանատուսի» գործընկեր Պիեր Հեննեսը: «Գրանատուսի» գործընկեր Պիեր Հեննեսը:

Հայաստանի ստարտափ էկոհամակարգում ձևավորվում է կրիտիկական զանգված

Ֆինանսավորում ստանում են մեծամասամբ գլոբալ շուկայի վրա կենտրոնացած նախագծերը: «Երկուսուկես տարի առաջ, երբ սկսեցինք ֆոնդի համար դրամահավաքը, շատ քիչ էին հետաքրքիր ընկերությունները, որոնց մեջ կարելի էր ներդրում անել և ակնկալել, որ դրանք գլոբալ հաջողություն կունենան: Հիմա ընկերությունների ներկապնակը, որոնց մեջ կարելի է ներդրում անել, շատ ավելի հետաքրքիր է: Դա շատ կարևոր է»,- ասում է «Գրատանուս Վենչուրսի» գործընկեր (partner) Երվանդ Սարգսյանը:

«Նոր ընկերություններ կան, որոնց մեջ ծրագրում ենք ներդրում անել: Ճանապարհի սկզբին ենք, բայց արդեն հետաքրքիր ներդրումներ արել ենք: Այս տարի ծրագրում ենք մինչև տասը ներդրում ունենալ: Դա մեզ համար ներդրումների քանակի լավ չափ կլինի»,- ասում է նա:

«Գրանատուսի» մյուս գործընկերը՝ Պիեր Հեննեսը (Pierre Hennes) հետաքրքիր զուգահեռներ անցկացրեց Սինգապուրի և Հայաստանի միջև: Դիտարկմանը, թե ինչպես կարող է ՏՏ ոլորտը կայուն հաջողություն ունենալ Հայաստանում, երբ ընդհանուր տնտեսական համակարգը լուրջ խնդիրներ ունի, Հեննեսը պատասխանեց. «Եթե Հայաստանում ՏՏ ոլորտը հաջողում է ընդհանուր համակարգից որոշակիորեն առանձնացված, ապա Սինգապուրի ոլորտը զարգացել է համակարգի շնորհիվ, մշակույթի պատճառով: Հայերը ավելի անհատակենտրոն են, չինացիներն ավելի ընդհանրական հոգեբանություն ունեն»: Այնուամենայնիվ, նրա կարծիքով, որևէ ոլորտի երկարաժամկետ զարգացման համար պետք է վստահություն լինի համակարգի և մարդկանց միջև, և Սինգապուրում այդ վստահությունը ստեղծվել է:

«Գրանատուսը»՝ ստարտափ էկոհամակարգի կարևոր հանգրվան

«Գրանատուս Վենչուրսը» կարևոր առաքելություն ունի Հայաստանի ստարտափ էկոհամակարգի կայացման գործում՝ մի կողմից ֆինանսավորման հեռանկար ապահովելով սկսնակ ընկերությունների համար, մյուս կողմից՝ օտարերկրյա ստարտափներին իր ներդրումների շնորհիվ Հայաստան բերելով:

«Գրատանուս Վենչուրսի» գործընկեր Երվանդ Սարգսյանն ասում է, որ 2.5 տարվա մեջ ՏՏ ոլորտում մեծ փոփոխություն է եղել: Երվանդ Սարգսյանն ասում է, որ 2.5 տարվա մեջ Հայաստանում ՏՏ ոլորտում մեծ փոփոխություններ են եղել:

«Մեր պորտֆելի ընկերությունները ստեղծել են մոտ 35-40 աշխատատեղ Հայաստանում: Խոսքը մասնագիտական և բարձր վարձատրվող աշխատատեղերի մասին է, ինչը շատ կարևոր է Հայաստանի համար: Այդ թվի մեջ չի մտնում սպասարկող և հարակից անձնակազմը: Առաջիկա երկու տարիների ընթացքում նախատեսում ենք բարձր մասնագիտական աշխատատեղերի թիվն ավելացնել երեք անգամ»,- նշեց Պիեր Հեննեսը:

«Գրանատուս Վենչուրսի» կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանն ասում է, որ իրենց թիրախում ՏՏ սկսնակ ընկերություններն են, բայց ընդհանուր մանդատն ավելի լայն է՝ բարձր տեխնոլոգիաներ. «Ելնելով Հայաստանում ՏՏ-ի ավելի զարգացած մակարդակից, ֆոնդի չափերից և ներդրումների վերադարձման ավելի կարճ ցիկլից՝ ներդրումներն արվում են մոբայլ և առցանց լուծումների, թվային մեդիայի, սպառողական ինտերնետի և ցանցային այլ տեխնոլոգիաների բնագավառում»:

«Գրանատուս Վենչուրսը» ստեղծել է գլոբալ խորհրդատվական ցանց, որտեղ ներգրավված են աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերություններում բարձր դիրք և մեծ փորձառություն ունեցող բազմաթիվ գործարարներ, վենչուրային ներդրողներ, ճարտարագետներ: Խորհրդատուները ժամանակ առ ժամանակ օգնում են այս կամ այն ներդրման հետ կապված խորհուրդներով և առաջատար ընկերությունների հետ կապեր հաստատելով:

«Գրանատուսի» ներդրումային ռազմավարությունը

«Մենք դիտարկում ենք այնպիսի ընկերությունների, որոնք ունեն նախնական նմուշներ, առաջին փորձնական հաճախորդներ: Ներդրումները գնում են արտադրանքի կամ լուծման լրամշակմանը, թիմի ընդլայնմանը, ինչպես նաև շուկայի զարգացմանը»,- ասում է Հերգնյանը՝ հավելելով, որ ներդրումների չափը տատանվում է 50-500 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում:

«Գրանատուս Վենչուրսը» հաճախ հանդես է գալիս որպես համաներդրող՝ կարևորելով առաջատար այլ վենչուրային ֆոնդերի հետ համատեղ ներդրումները: «Դա մեզ համար կարևոր է, որովհետև Հայաստանը սկսում է երևալ գլոբալ վենչուրային ներդրումների ասպարեզում»:

Մանուկ Հերգնյանի խոսքով՝ ոլորտի զարգացման համար շատ կարևոր են հաջողված պատմությունները: Մանուկ Հերգնյանի խոսքով՝ ոլորտի զարգացման համար շատ կարևոր են հաջողված պատմությունները:

Ֆոնդը մասնակցում է Համաշխարհային բանկի ծրագրերի շրջանակներում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող համաֆինանսավորման դրամաշնորհների (matching grants) մրցույթին՝ որպես ժյուրիի անդամ: Դրանք մինչև 50 հազար դոլարանոց դրամաշնորհներ են՝ նախատեսված սկսնակ ընկերությունների համար, որոնք հետագայում կարող են վենչուրային ֆինանսավորում ստանալ: Հերգնյանն ասում է, որ արդեն բավական մեծ քանակությամբ դիմումներ կան՝ ընդհանուր 20 դրամաշնորհի համար 200-ից ավել դիմում:

«Իրականում ստարտափ շարժում է սկսվել Հայաստանում, որը գնալով թափ է հավաքում: Եվ քանի որ արդեն առկա է ներդրումային ռեսուրս, դա կարևոր մոտիցվացնող ազդեցություն է ունենում: Մյուս կողմից մեծ ազդեցություն են ունենում հաջողված պատմությունները»,- ասում է Հերգնյանը:

ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ

Solo Learn-ը ինտերակտիվ կրթական հարթակ է, որի կարգախոսն է «սովորել՝ խաղալով և խաղալ՝ սովորելով»: Այն խաղերի միջոցով տեխնիկական գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու հնարավորություն է տալիս 14 ոլորտներում, օրինակ՝ ծրագրավորման և լուսանկարչության:

Նախագծի համահիմնադիր Դավիթ Քոչարյանի խոսքով՝ իրենք փոխում են այն ձևը, որով մարդիկ կրթություն ու գիտելիք են ստանում: Նա խոսեց թվերով. «Solo Learn-ի հարթակում ամեն օր ավելի քան 30 հազար ուսանող է նավարկում: Նրանք արդեն ավելի քան 2.5 միլիոն դաս են ավարտել: Մեր ներբեռնումներն անդրոիդի շուկայում հասել են 2 միլիոնի: Ամսական 30 տոկոս աճ ունենք: Ամենակարևորը՝ որևէ գումար չենք ծախսել PR-ի և մարկետինգի վրա, սա ամբողջությամբ օրգանական աճ է»: Քոչարյանի համոզմամբ՝ կրթություն ստանալը պետք է լինի նույնքան ինտուիտիվ և հաճելի, որքան խաղ խաղալը, գիրք կարդալը կամ ֆիլմ դիտելը:

Solo Learn-ի հարթակում ամեն օր ավելի քան 30 հազար ուսանող է նավարկում, ասում է նախագծի հիմնադիր Դավիթ Քոչարյանը: Solo Learn-ի հարթակում ամեն օր ավելի քան 30 հազար ուսանող է նավարկում, ասում է նախագծի հիմնադիր Դավիթ Քոչարյանը:

«Շուկայում շատ խաղացողներ կան: Մենք տարբերվում ենք անվճար և «մոբայլ ֆըրսթ» փորձառությամբ: Այսինքն՝ ցանկացած սարքի միջոցով մարդիկ կարող են սովորել և փորձարկել ծրագրերը: Առայժմ որևէ եկամուտ չունենք: Հիմնական ջանքերը աճի վրա են: Օգտատերերի քանակության մեծացումից հետո կսկսվի եկամուտների հավաքագրումը: Եկամուտների մոդելը նման է Linkedin-ին, որտեղ մարդիկ իրենց ունեցած տվյալները վաճառում են գործատուներին»,- ասում է նա՝ ընգծելով, որ ի տարբերություն Linkedin-ի՝ իրենք ունենում են նաև այդ մարդկանց անցած ճանապարհը, լուծած վարժությունները և գրած կոդերը, որոնք արժեքավոր են գործատուների համար:

Skycryptor նախագիծը Ինովացիոն համաֆինանսավորման դրամաշնորհների մրցույթի հաղթող է: «Գրանատուսը» տրամադրել է անհարժեշտ 50 տոկոս համաֆինանսավորումը:

Skycryptor-ի հիմնադիր Արամ Ջիվանյանը խոսում է ամպային հարթակներում անվտանգության մասին: Skycryptor-ի
հիմնադիր Արամ Ջիվանյանը խոսում է ամպային հարթակներում անվտանգության մասին:

Skycryptor-ը հնարավորություն է տալիս Dropbox-ի և Google Drive-ի նման ամպային պահուստների հարթակներում ապահովել տվյալների անվտանգություն նոր գաղտնագրման մեթոդի միջոցով։ «Այսօր ամպային պահուստներում անվտանգությունն առաջնային խնդիր է: Մեծ կազմակերպությունները, անհատները ցանկանում են իրենց տեղեկությունները պաշտպանել հաքինգից և այլ ոտնձգություններից»,- ասում է ընկերության հիմնադիր Արամ Ջիվանյանը՝ ընդգծելով, որ օգտատերերի գաղտնագրված տվյալներին հասանելիություն չունեն անգամ իրենց աշխատակիցները, ինչը շատ կարևոր է անվտանգության առումով:

Wicastr ընկերությունը ստեղծել է մի հարթակ, որի միջոցով թվային բովանդակություն է մատուցվում համապատասխանեցված տվյալ վայրին։ Wicastr-ի մշակած սարքը տեղադրվում է, օրինակ, առևտրային մեծ կենտրոններում և, առանց ինտերնետի հասանելիության, բջջային սարքավորումներ ունեցող օգտատերերին ներգրավում առևտրի մեջ և ավելացնում վաճառքները: Սարքը մի քանի գործառույթ է համադրում՝ վեբսերվեր, հաղորդակցական երթուղղիչ (router) և, դրա ծածկույթում գտնվելու դեպքում, առաջարկվող բովանդակությունից օգտվելու հնարավորություն:

Ընկերության հիմնադիր Արմին Սաիդին ասում է, որ իրենց սարքը միանգամայն նոր հնարավորություն է առևտրային կենտրոնների համար՝ կապ հաստատելու սպառողների հետ՝ առանց կախում ունենալու գործող ենթակառուցվածքներից. «Այն, ինչ մենք անում ենք, լիովին փոխում է ձևը, թե մարդիկ ինչպես են բիզնես անում, գտնում իրենց հաճախորդներին մոբայլ սարքերի վրա և այլն: Մեր սարքը հնարավորություն է տալիս կախում չունենալ ինտերնետից, բջջային ցանցերից և ծրագրային որևէ հավելվածից»:

Wicastr-ի  հիմնադիր Արմին Սաիդին ներկայացնում է իրենց սարքը: Wicastr-ի հիմնադիր Արմին Սաիդին ներկայացնում է իրենց սարքը:

Ընկերությունը ծրագրել է, որ եկամուտը գոյանալու է ինչպես սարքի վաճառքներից, այնպես էլ տվյալների կառավարման հարթակի օգտագործման լիցենզիայի համար վճարներից: Wicastr-ը «Գրանատուս Վենչուրսից» ստացած ֆինանսավորումը նախատեսում է օգտագործել հարթակի կատարելագործման և մարկետինգի համար:

Code Fights-ը հարթակ է, որտեղ ծրագրավորողները խաղերի միջոցով մրցում են, չափում ուժերը և ստանում վարկանիշեր, որոնք նրանց համար հավելյալ առավելություն են լինում աշխատանքի դիմելիս: Նախագծի նպատակն է ամբողջ աշխարհից հավաքել լավագույն մասնագետների բազա, կապեր հաստատել մեծ կազմակեպությունների հետ, որոնք կարող են օգտվել այդ բազայից:

Նախագծի հիմնադիրներն են Տիգրան Սլոյանը՝ MIT-ի շրջանավարտ, Google-ի նախկին աշխատակից, որը բնակվում է Սան Ֆրանցիսկոյում, և Արամ Շատախցյանը՝ Երևանից: Շատախցյանն ասում է, որ ընկերությունների համար հեշտ չէ տաղանդներին բացահայտելը, նույնիսկ նրանց հետ հարցազրույցների ընթացքում: Code Fights-ի հարթակը ծրագրավորողների մասնագիտական որակները բնութագրող վիճակագրական տվյալներ է հավաքում, որոնք շատ արժեքավոր կարող են լինել գործատուների համար:

Code Fights-ի համահիմնադիր Արամ Շատախցյանը: Code Fights-ի համահիմնադիր Արամ Շատախցյանը պատմում է խաղալով սովորելու առավելության մասին:

CodeFights նախագծում «Գրանատուսի» հետ համաներդրել են այնպիսի բարձրակարգ ներդրողներ, ինչպիսիք են Facebook-ի նախկին տեխնիկական տնօրեն, Quora-ի հիմնադիր Ադամ Դ՛Անջելոն (Adam D’Angelo) և Felicis Ventures-ը:

News Deeply-ն նոր մեդիա և տեխնոլոգիական հարթակ է, որտեղ կոնկրետ թեմաների շուրջ հավաքվում է համապարփակ տեղեկատվություն: Տեղեկատվությունն օգտագործվում է խոշոր մեդիա ընկերությունների և լրատվամիջոցների կողմից, որոնք դրա համար վճարում են:

Նախագծի հիմնադիր Լարա Սեդրակյանը նախկին հեռուստալրագրող է, աշխատել է ամերիկյան ABC և Bloomberg հեռուստաալիքներում, եղել թղթակից Մերձավոր Արևելքում: Իր փորձառությունից ելնելով՝ Սեդրակյանն ասում է՝ շուկայի ամենամեծ խնդիրներից մեկն այն էր, որ խորքային տեղեկատվության հարթակներ չկային կոնկրետ թեմաների վերաբերյալ:

News Deeply-ն արդեն այդպիսի երկու հարթակ է ստեղծել՝ Syria Deeply և Ebola Deeply՝ թեմաներին առչնվող համակողմանի տեղեկատվությամբ: Առաջիկայում ծրագրում է ստեղծել նաև Arctic Deeply հարթակը: Սեդրակյանն ասում է, որ իրենց հարթակներից միայն ԱՄՆ-ում շուրջ վեց հազար ուսուցիչ է օգտվում:

News Deeply-ի հիմնադիր Լարա Սեդրակյանը: News Deeply-ի հիմնադիր Լարա Սեդրակյանը շեշտում է թեմատիկ ինֆորմացիոն հարթակների կարևորությունը:

News Deeply նախագծում «Գրատանուսի» հետ համաներդրել են բարձրակարգ ներդրողներ, որոնց թվում է eBay-ի հիմնադիր Պիեր Օմիդյարին պատկանող ազդեցիկ նախագծերում ներդրումների մեջ մասնագիտացած Omidyar Network կազմակերպությունը:

ggTaxi-ն բջջային սարքերի միջոցով առցանց տաքսի պատվիրելու ծառայություն է՝ առանց զանգի: Ծառայությունը Երևանում գործում է 2014թ. մայիսից:

Նախագիծը մի շարք առավելություններ ունի սովորական ձևով տաքսի պատվիրելուց. տաքսին մոտենում է ճիշտ ժամանակին, մոտեցող մեքենայի շարժին կարելի է հետևել GPS-ով, գնահատել վարորդին և մատուցած ծառայությունը, բջջային սարքի միջոցով հստակ տեսնել անցած ճանապարհը և վճարել իրական կիլոմետրերի համար: Վարորդների համար ևս նախագիծը լավ հնարավորություն է. նրանք յուրաքանչյուր պատվերից ընկերությանը վճարում են ընդամենը 100 դրամ և ազատ են իրենց աշխատանքային գրաֆիկում:

ggTaxi-ի համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանն ասում է՝ նշանակետում Թբիլիսին է:  Խաչատուր Գրիգորյանն ասում է՝ ggTaxi-ի նշանակետում Թբիլիսին է:

Նախագծի համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանն ասում է, որ այս համակարգը որոշել են ստեղծել՝ հաշվի առնելով շատ վարորդների կողմից ոչ պատշաճ սպասարկման դեպքերը և դրանց արձագանքնելու մեխանիզմների բացակայությունը. «Նոր բան չենք հորինել: Բայց սա նորություն է մեր տարածաշրջանի համար: Մենք ուզում ենք դառնալ տաքսի ծառայությունների ոլորտի տարածաշրջանային առաջատարը և փոխել այն ձևը, թե ինչպես են մարդիկ պատվիրում ավտոմեքենա: Մեր հաջորդ նշանակետում Թբիլիսին է»:

ggTaxi-ն համագործակցում է անհատ տաքսիստների հետ և ունի հատուկ չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանեն վարորդները:

***

ՏՏ ոլորտի ազդեցությունը ընդհանուր տնտեսության վրա մեծանում է, ՏՏ լուծումները կիրառություն են գտնում ամենատարբեր բնագավառներում: «Գրանատուս Վենչուրսի» ներկայացուցիչներն ասում են, որ Հայաստանում արդեն ստեղծվել է կրիտիկական զանգված, արդեն շուկա կա, որ որոշակի ՏՏ ընկերություններ ավանդական այլ ոլորտներ մուտք գործեն: Նրանք վստահ են՝ Հայաստանում ՏՏ-ի ստարտափ շարժում է սկսվել:

 

Կարեն Հարությունյան