Տարածքային ամբողջականությունն այլևս վրացիների գլխավոր խնդիրը չէ. NDI-ի հարցումը

1366529399_DSCN9351Վրաստանի երեք գլխավոր ազգային խնդիրներն են գործազրկությունը (66%), գնաճը (43%) և աղքատությունը (39%): Երկրի տարածքային ամբողջականության հարցը կարևորությամբ վրացիների համար չորրորդն է:

Այս մասին են վկայում ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) պատվերով անցկացված հարցման արդյունքները, որոնք ներկայացվել են մայիսի 11-ին:

Հարցումն անցկացվել է 2015թ. մարտի 27-ից ապրիլի 19-ը՝ Վրաստանի ամբողջ տարածքում, որի 4360 մասնակիցները պատահաբար են ընտրվել: Հարցումը ֆինանսավորել են Շվեդիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (Swedish International Development Cooperation Agency, SIDA) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (Caucasus Research Resource Center, CRCC):

«Մեր հետազոտության տվյալների համաձայն՝ առաջին անգամ է, որ երկրի տարածքային ամոբղջականության հարցը երկրի ազգային հարցերի առաջին եռյակում չէ, ինչը նշանակում է, որ կան առավել կարևոր տնտեսական հարցեր, և սա ազդակ է այն մարդկանց, որոնք որոշումներ են ընդունում»,- ասել է Վրաստանում NDI-ի տնօրեն Լորա Թորնթոնը արդյունքները ներկայանցելիս, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Նախորդ՝ 2014թ. օգոստոսի տվյալների համաձայն՝ վրացիներն իրենց ազգային երեք գլխավոր խնդիր էին անվանել աշխատատեղերը (63 %), աղքատությունը (32%) և տարածքային ամբողջականությունը (30%):

Վրացիների մեծ մասը (47%) շարունակում է Ռուսաստանը իրական վտանգ համարել: Ռուսաստանի մեջ որևէ վտանգ չի տեսնում հարցվածների 12%-ը: Օգոստոսյան հարցման տվյալների համաձայն՝ Ռուսաստանի մեջ վտանգ տեսնում էր վրացիների 42%-ը, 15%-ը որևէ վտանգ չէր տեսնում:

Վրացիների մեծ մասը՝ 68%-ը, ընդունելի  է համարում Եվրամիության հետ ասոցացումը, դեմ է 16%-ը:

Վրացիների մեծ մասը ներկայում կողմ է երկրի ՆԱՏՕ-ին անդամակցությանը՝ 65%, 20%-ը դեմ, իսկ 14%-ը դեռ չի կողմնորոշվել:

Եվրասիական տնտեսական միությունը պակաս ընդունելի է վրացիների համար. ԵՏՄ-ին անդամակցությանը կողմ է վրացիների 41%-ը, դեմ՝ 27%: