Էգոյանն արժանացել է արվեստի ոլորտում Կանադայի բարձրագույն մրցանակին

Atom EgoyanԱշխարհահռչակ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայում շնորհվող բարձրագույն մրցանակին՝ կատարողական արվեստում գերազանց վարպետության համար: Մրցանակը ճանաչում է արվեստագետների նշանակալի ներդրումը Կանադայի մշակութային կյանքում:

Ատոմ Էգոյանից բացի՝ մրցանակի են արժանացել նաև երգչուհի-երգահան Սարա Մաքլաքլանը, ռեժիսոր Ժան-Մարկ Վալեն, դերասանուհի և ռեժիսոր Դիանա Լեբլանքը, դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Ռ. Հ Թոմսոնը և կոմպոզիտոր, դիրիժոր Ուոլթեր Բուդրոն:

Պարգևից բացի՝ մրցանակակիրները կստանան նաև 25 հազ. դոլարին համարժեք մրցանակ, որը շնորհում է Կանադայի Արվեստի խորհուրդը:

Մրցանակը կհանձնվի մայիսի 29-ին Օտավայում հատուկ արարողության ընթացքում՝ Կանադայի Գլխավոր նահանգապետ Դևիդ Ջոնսթոնի կողմից:

Ատոմ Էգոյանը կանադահայ ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր, սցենարիստ է, նկարահանել է մեկ տասնյակից ավելի ֆիլմեր: 2002թ. Կանադայի կինեմատոգրաֆի և հեռուստատեսության ակադեմիայի կողմից տարվա լավագույն ֆիլմ է ընտրվել Էգոյանի թերևս ամենահայտնի՝ «Արարատ» ֆիլմը՝ Հայոց ցեղասպանության մասին:

Ատոմ Էգոյանը «Սիվիլիթաս» հիմնադրամի Պատվո խորհրդի անդամ է:

Մեկնաբանել