Հայաստանը կշարունակի օժանդակությունը Աֆղանստանում միջազգային ջանքերին

armenia-natoՀայաստանը շարունակելու է օժանդակությունն Աֆղանստանում անվտանգության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին: Ինչպես հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, Հայաստանի այս հանձնառությունը վերահաստատել է ՆԱՏՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Եդիգարյանը մայիսի 13-ին Անթալիայում Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

Հայաստանը 2010թ. փետրվարից մասնակցում է Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) կողմից իրականացվող խաղաղապահ գործողությանը:

***

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները սկիզբ են առել 1992-ին, երբ Հայաստանն անդամակցել է Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին (որը 1997-ին վերանվանվել է Եվրաատլանտյան գործընկերության խորհուրդ): Համագործակցությունն ավելի ընդլայնվել է, երբ Հայաստանը 1994-ին միացել է Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին: 2005թ. վերջին ՆԱՏՕ-ն և Հայաստանը համաձայնության են եկել երկրի առաջին անհատական գործընկերության գործողությունների ծրագրի վերաբերյալ:

ԱԳՆ պաշտոնական տեղեկատվության համաձայն` Հայաստանը ցանկանում է խորացնել ՆԱՏՕ-ի հետ գործնական և քաղաքական համագործակցությունը, սակայն չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին:

Մեկնաբանել