Եվրոբանկը 2015թ. Հայաստանում 1.5% անկում է կանխատեսում

MHM76491-copyՎերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2015թ. Հայաստանում կանխատեսում է 1.5% տնտեսական անկում:

Կառույցի՝ մայիսի 14-ին հրապարակած զեկույցում նշվում է, որ  ընթացիկ տարում Հայաստանում 1.5% անկում կարձանագրվի, իսկ 2016թ.՝  1% աճ: Հունվարին ՎԶԵԲ-ը 2015թ. համար Հայաստանում տնտեսական լճացում էր կանխատեսում:

Ապրիլին Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ևս 2015թ. համար Հայաստանում կանխատեսել էր անկում՝ 1%, և 0% աճ՝ 2016թ.: Հակառակ ԱՄՀ կանխատեսման՝ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 18-ին Ծաղկաձորում մի համաժողովի ընթացքում հայտարարել էր, որ այս տարի ակնկալում է մինչև 3% աճ: Հայաստանի 2015թ. բյուջեի հիմքում դրված է 4.1% աճի կանխատեսումը:

ՎԶԵԲ-ի հրապարակած զեկույցում նշվում է, որ 2015թ. սկզբին Հայաստանի տնտեսությունը դանդաղել է՝ պայամանվորված դրամական փոխանցումների կտրուկ կրճատմամբ և արտահանման նվազմամբ: «2014թ. վերջին դրամը արագ, մեղմ արժեզրկումից հետո կայունացել է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության և միջամտության արդյունքում: Չնայած եվրոբոնդերի հաջող տեղաբաշխմանը, մարտի վերջին արժութային պահուստների ծավալները 25%-ով պակաս են եղել նախորդ տարվա նույն ժամանկահատվածի համեմատ: 2016թ. Հայաստանի տնտեսության արագ վերականգնումը կախված կլինի արտաքին միջավայրից, հիմնականում՝ Ռուսաստանից»,- ասված է զեկույցում:

ՎԶԵԲ-ը Ռուսաստանում 2015թ. համար կանխատեսում է 4,5% անկում՝ հունվարյան -4,8% կանխատեսման համեմատ: 2016թ. բանկը Ռուսաստանում կանխատեսում է 1.8% անկում: «Նավթի գների նվազումը և պատժամիջոցները հարվածել են Ռուսաստանի՝առանց այդ էլ թուլացած տնտեսությանը, որը տառապում է լուրջ կառուցվածքային թերություններից»,- նշված է զեկույցում: Բանկի փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանի ռեցեսիան անհանգստության հիմքեր է ստեղծում մյուս երկրների համար:

Ըստ ՎԶԵԲ-ի զեկույցի՝ Հարավային Կովկասի երկրներից 2015թ. ամենամեծ աճը կարձանագրի Վրաստանը՝ 2.3%՝ 2015թ., և 2.6%` 2016թ.: Ադրբեջանում 2015 և 2016 թվականներին կանխատեսվում է 1.5% աճ: