Ստամբուլի հայկական հին որբանոց Քամփ Արմենը՝ ոչնչացման եզրին

44 Քամփ Արմենը տուն է դարձել շուրջ 1500 հայ որբ երեխաների համար

Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական ճամբար-որբանոցը, որն առավել հայտնի է Քամփ Արմեն անունով, հայտնվել է քանդվելու եզրին: Բանն այն է, որ նախատեսված է այդ տարածքում շքեղ վիլաներ կառուցել: Մայիսի վեցին ճամբարի մեկ երրորդն արդեն հողին է հավասարեցվել, սակայն ճամբարում հայտնված քաղաքացիներին հաջողվել է դադարեցնել շինության վերջնական ավիրումը:

Այդ շինությունը տեղի հայության համար ունի բացառիկ նշանակություն: Պոլսի հայ համայնքի՝ պետության կողմից բռնագրավված շինություններից ամենախորհրդանշականներից ու կարևորներից է, քանի որ 1915թ. հետո Քամփ Արմենը տուն է դարձել շուրջ 1500 հայ երեխաների համար:

kamp_armen_3 1983թ. շինությունը բռնագրավվել է թուրքական պետության կողմից:

1962թ. Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցին գնել է այն հողատարածքը, որի վրա կառուցվել է ճամբարը: 12-30 տարեկան երեխաներն ու մեծերը, հատկապես՝ որբ ու աղքատ հայ երեխաներն ակտիվորեն մասնակցել են ճամբարի կառուցման աշխատանքներին: Քամփ Արմենում է ապաստանել, կրթվել, հայերեն սովորել շուրջ 1500 երեխա:

1983թ. շինությունը բռնագրավվել է թուրքական պետության կողմից: Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցու հովիվ Գրիգոր Աղաբալօղլուն այս կապակցությամբ ասել է. «Մեր եկեղեցուն պատկանող գույքը պետության ձեռքում է: Բացահայտորեն բռնագրավել են այն: Սա ամոթ է, պետությունը պետք է ազատվի այդ ամոթից»:

2011թ. Թուրքիայում օրենք ընդունվեց 1936թ. բռնագրաված եկեղեցապատկան գույքը փոքրամասնություններին վերադարձնելու մասին: Սակայն Կամպ Արմենը ներառված չէ վերադարձվող գույքի ցանկում:

Մայիսի 6-ին՝ Քամփ Արմենի վերջնական փլուզումը կանխելուց հետո, շինության պահպանման համար մղվող պայքարն արագորեն մեծ թափ հավաքեց, մարդիկ արդեն 13 օր այնտեղ հերթափոխություն են իրականացնում, կազմակերպում քննարկումներ, համերգներ և այլն: Նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել Ստամբուլի «Նոր զարթոնք» կազմակերպությունը: Թուրքիայի բազմաթիվ թուրք, քուրդ և հայ քաղաքացիներ, հասարակական կազմակերպություններ, քաղաքական կուսակցություններ միացել են դիմադրությանը: Ճամբարի պատերին հայտնվել են գրություններ՝ «Արդարություն եմ ուզում», «Մի՛ քանդեք որբանոցը» և այլն:

«Ազատություն և համերաշխություն» կուսակցության նախագահ Ալփեր Թաշը ասել է, որ գույքը պետք է վերադարձվի հայ համայնքին:

150507181737_kamp_armen_624x351_n_nocredit Քամփ Արմենում է ապաստանել, կրթվել, հայերեն սովորել շուրջ 1500 երեխա:

Հետաքրքիր մեկնաբանությամբ է հանդես եկել Թուրքիան կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորի թեկնածու Մարգար Եսայանը: Նա, Daily Sabah-ում գրած հոդվածում, մեղադրել է Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամին, վիրավորել օրերով Քամփ Արմենում հերթապահող ակտիվիստներին՝ հայտարարելով, որ կառավարության միջամտության շնորհիվ է, որ քանդելը դադարեցվել է:

Առաջին իսկ օրից Քամփ Արմենի դիմադրությանը մասնակցող ճամբար-որբանոցի նախկին սան Կարապետ Օրունօզը, որը ճամբարի հետագա ճակատագրի հարցով լիազորվել է բանակցել կառավարության հետ, ասել է. «Եթե կառավարությունը դադարեցրած լիներ՝ հիմա քանդված չէր լինի»: Ըստ նրա՝ Էթյեն Մահչությանի միջոցով տեղեկացվել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: «Եթե «Արդարություն և զարգացում» կուսակցությունն էր կանգնեցնողը՝ այդ դեպքում ինչո՞ւ է այս շենքի մեկ երրորդը փլուզվել»,- հարցնում է Կարապետ Օրունօզը:

Քամփ Արմենը օթևան է եղել նաև Հրանտ Դինքի և նրա կնոջ՝ Ռաքելի համար: Տարիներ առաջ Հրանտ Դինքը գրել է Քամփ Արմենում անցկացրած տարիների մասին. «Մի առավոտյան մեզ՝ 13 երեխայիս առան ու Գեդիկփաշայից ոտքով տարան Սիրքեջի, հետո շոգենավ նստեցրին ու ուղարկեցին Հայդարփաշա, այդտեղից էլ գնացքով դեպի Թուզլա կայարան: Կայարանից մի ժամ քայլեցինք և մեր առաջ ծովի և լճի արանքում հայտնվեց անծայրածիր մի հարթ տարածություն: Այն ժամանակ Թուզլան դեռ լցված չէր մեծահարուստների ու պետական պաշտոնյաների շքեղ առանձնատներով….

kamp-armen-3 Քամփ Արմենը օթևան է եղել նաև Հրանտ Դինքի և նրա կնոջ՝ Ռաքելի համար:

Բարակ ավազ, մարդու հետք չտեսած ծովափ և ծովից պոկված մի լիճ: Այդ անծայրածիր տարածության մեջ կային ընդամենը մեկ-երկու տուն, հատուկենտ թզենիներ ու զեյթունի ծառեր, առվի ափին սփռված փշոտ մոշի թփեր… Եվ մեր կառուցած վրանները: Ութից 12 տարեկան 13 նիհար երեխաներիս համար ամառներն անցան Գեդիկփաշայի որբանոցում բետոն անելով: Երեք տարի առավոտյան կանուխ արթնանալով ու մինչև գիշեր աշխատելով կառուցեցինք, վերջացրինք ճամբարի շենքը: Մեզնից ամենակարճահասակներից մեկը՝ Զաքարը, միայնակ գրկում էր ցեմենտի պարկն ու տանիք բարձրացնում: Քնելիս հոգնածության պատճառով տակներս էինք անում: Երբ եկա Թուզլա՝ ութ տարեկան էի: Այնտեղ մնացի 20 տարի: Իմ կին Ռաքելի հետ այնտեղ ենք ծանոթացել, միասին ենք մեծացել, այնտեղ էլ ամուսացել: Այնտեղ են ծնվել մեր երեխաները:

armen_rober Հատկապես՝ որբ ու աղքատ հայ երեխաներն մասնակցել են ճամբարի կառուցման աշխատանքներին

Սեպտեմբերի 12-ից հետո մեր ճամբարի տնօրենին մեղադրեցին, որ ճամբարում մեծացնում ու դաստիարակում է հայ ահաբեկիչների: Անարդար մեղադրանք էր: Մեզնից ոչ մեկին չէին դաստիարակել այդպես: Անտեր մնացած ճամբարն ու որբանոցը չփակելու պարտականությունը մենք՝ այնտեղ մեծացած երախաներս ստանձնեցինք: Սակայն մի օր եկան ու մեր ձեռքը տվին դատարանի որոշումը: Փոքրամասնությունների ներկայացուցիչները տարածք վաճառելու իրավունք չունեն: Մեզ դուրս շպրտեցին մեր ստեղծած քաղաքակրթությունից, մեր «Ատլանտիդայից»…

Նստեցին 1500 երեխայի քրտինքով կառուցած շենքի վրա: Յուրացրին մեր՝ երեխաներիս աշխատանքը: Դրանից հետո էլ ես կասեի՝ ձեզ հալալ լինի ու ընդունելի կհամարեի, եթե այնտեղ նորից աղքատ երեխաների համար որբանոց բացվեր, կամ չքավոր ու կարիքավոր երեխաների համար ճամբար դառնար»:

Քամփ Արմենի համար պայքարողները հույս ունեն, որ իրենց կհաջողվի փրկել հարյուրավոր հայերի համար օթևան դարձած ճամբարը:

Մեկնաբանել