«Իսլամական պետության» ածխաջրածնային հզորությունները

map middle east hayk kocharyan IS infrastructureԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Հայկ Քոչարյանը ծավալուն հոդված է հրապարակել՝ վերլուծելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԻՊ) վերահսկողության տակ գտնվող տարածքներում ածխաջրածնային պաշարներն ու դրանք սպասարկող ենթակառուցվածքները[1] և վաճառքի շուկան:

2014 թ. հունիսի 29-ին ԻՊ-ը հայտարարեց իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում խալիֆայության ստեղծման մասին[2]: ԻՊ-ի հետագա ռազմական ակտիվությունը և հարձակումները հնարավորություն տվեցին նրան ընդլայնելու իր տարածքները՝ ընդգրկելով Սիրիայի հարավ-արևելքի և Իրաքի հյուսիս-արևմուտքի նշանակալի հատվածներ:

Հետազոտության արդյունքները ներկայացնելու համար անհրաժեշտ է առանձին անդրադարձ կատարել ԻՊ-ի վերահսկողության տակ անցած սիրիական և իրաքյան տարածքներում առկա ածխաջրածնային պաշարներին (նավթ և գազ), սպասարկող ենթակառուցվածքներին (խողովակաշարեր, վերամշակման գործարաններ և պոմպակայաններ) և ստեղծված «սև շուկային»:

  1. Նավթային պաշարներ

Սիրիական հատված

Սիրիայի հետազոտված նավթային հանքավայրերը, հիմնականում, գտնվում են երկրի արևելյան շրջաններում՝ իրաքյան սահմանի երկարությամբ և կենտրոնում՝ Հոմս քաղաքից դեպի արևելք (տե՛ս հավելվածում քարտեզ 1) [3]:

ԻՊ-ը վերահսկում է Դեյր Ալ-Զուրի շրջանում գտնվող սիրիական ամենախոշոր Ալ-Օմար[4] և Ալ-Թանաք նավթային հանքավայրերը[5]: Ալ-Օմար նավթավայրի արտադրողակա–նությունը գնահատվում է մոտ 75 հազ. տակառ/օր[6], իսկ Ալ-Թանաք նավթավայրինը՝ համապատասխանաբար մոտ 18 հազ. տակառ/օր[7]: Այս նավթավայրերը նախկինում գտնվում էին սիրիական պետությանը պատկանող Ալ-Ֆուրատ նավթային ընկերության տնօրինության տակ:

Մինչև ԻՊ-ի տիրապետության տակ անցնելը Ալ-Օմարի հանքավայրը գտնվում էր Ջաբհաթ Ալ-Նուսրայի զինյալների վերահսկողության տակ, որոնք մոտ 10 հազ. տակառ/օր տրամադրում էին «տեղական ինքնավարության» մարմիններին, մինչդեռ, հարակից գյուղերի (Դառնաջ, Սուվայդան, Ջազիրա, Ալ-Ջուրզի, Ալ-Տայանա, Զայբան և Ալ-Հավայիջ) աշիրեթների (ցեղերի) ներկայացուցիչները հանքավայրի հարավ-արևելյան հատվածից արդյունահանում էին մոտ 12 հազ. տակառ/օր, իսկ հարակից Շուհայլ քաղաքի ընտանիքներին բաժին էր հասնում մոտ 10 հազ. տակառ/օր, որը արդյունահանվում էր հանքավայրի արևմտյան հատվածից: Ամենաազդեցիկ ընտանիքներից կարելի է առաձնացնել Ալ-Սայադների ընտանիքը՝ 4 հազ. տակառ/օր, Ալ-Միզաալ ընտանիքը՝ 3,5 հազ. տակառ/օր և Ալ-Ֆայադ ընտանիքը՝ 1 հազ. տակառ/օր արդյունահանելու իրավունքով[8]:

Դամասկոսի իշխանությունից դուրս մնալով՝ նույն ճակատագրին է արժանանում նաև Ալ-Թանաք հանքավայրը և բաժանվում է տեղական աշիրեթների և ընտանիքների ազդեցության գոտիների միջև, ինչպես նաև տարբեր զինյալ խմբավորումների միջև (Ահրար Ալ-Շամ, Ահլ Ալ-Ասար, Ջաֆար Ալ-Տայարի ջոկատ և այլն): Ալ-Թանաք հանքավայրի զգալի հատվածը գտնվում է Ալ-Ղառանիջ աշիրեթի վերահսկողության տակ: Այս հանքավայրը շահագործող հիմնական ընտանիքներ են Ալ-Բահր՝ 4 հազ. տակառ/օր, Ալ-Նահր՝ 1,5 հազ. տակառ/օր, Ալ-Օմար՝ 1,5 հազ. տակառ/օր, և Ալ-Դուայմի՝ 2 հազ. տակառ/օր մասնաբաժնով: Այս հանքավայրի խոշոր արդյունահանող է նաև Համիդ Զաալանը, որի նավթահորերից արդյունահանվում է մոտ 2,5 հազ. տակառ/օր և այլն[9]:

Ամբողջական պատկեր ստանալու համար նշենք, որ Դեյր Ալ-Զուրի շրջանում ԻՊ-ը վերահսկում է նաև Ալ-Խարատ, Ալ-Վարդ, Ալ-Թայիմ և Ալ-Ջաֆրա նավթի հանքավայրերը[10]: Սակայն հաշվի առնելով այդ շրջաններում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի ռազմական գործողությունները[11] և տեղեկատվության պակասն՝ արդյունահանվող նավթի վերաբերյալ, կարելի է ենթադրել, որ այս նավթավայրերի հանքահորերը կա՛մ քանդվել են և ենթակա չեն շահագործման, կա՛մ էլ շահագործվում են նվազագույն ծավալով և փոքր տոկոս են կազմում ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող նավթահորերից արտահանվող նավթի ընդհանուր պատկերում:

Անդրադառնալով Սիրիայի կենտրոնում՝ Հոմս քաղաքից դեպի արևելք գտնվող նավթի հանքավայրերին՝ պետք է նշել, որ նավթի արդյունահանումն այս հատվածում նույնպես տեղի է ունենում ընդհատումներով՝ պայմանավորված կենտրոնական իշխանությունների, զինյալ խմբավորումների և ԻՊ-ի կողմնակիցների միջև ընթացող ռազմական գործողություններով, որոնց արդյունքում այս տարածքները հաճախակի ձեռքից ձեռք են անցնում[12]:

Ամփոփելով սիրիական տարածքներում ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող նավթային պաշարների վերլուծությունը՝ կարելի է եզրակացնել, որ սիրիական նավթային հանքավայրերը, հիմնականում, գտնվում են ԻՊ-ի և նրանց հետ դաշնակցած ուժերի վերահսկողության տակ և շահագործվում են վերջինների կողմից: Սակայն հաշվարկները ցույց են տալիս, որ, ընդհանուր առմամբ, արդյունահանվում է մոտավորապես 75-78 հազ. տակառ/օր (Ալ-Օմար 45-50 հազ. տակառ/օր, Ալ-Թանաք 20-25 հազ. տակառ/օր և մոտավորապես 2-3 հազ. տակառ/օր այլ հանքավայրեր), ինչը կազմում է նախապատերազմյան Սիրիայի արտահանման ծավալների մոտ 19,5%-ը[13]:

Իրաքյան հատված

Իրաքի հետազոտված նավթային պաշարները 2013թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել են 144 մլրդ տակառ[14]: Իրաքյան հիմնական ածխաջրածնային պաշարները կենտրոնացված են երկրի հարավային շիաբնակ շրջաններում և քրդաբնակ հյուսիսում: Սակավաթիվ պաշարներ էլ գտնվում են սուննիաբնակ տարածքներում՝ երկրի կենտրոնում: Ածխաջրածնային պաշարները ձգվում են Իրաքի արևելյան սահմանագծի երկայնքով: Հետազոտված պաշարների մոտ 60 %-ը գտնվում է Իրաքի հարավում, իսկ 17 %-ը հյուսիսում՝ Քիրքուքի, Մոսուլի և Խանակինի շրջակայքում, որոնց հանդեպ վերահսկողությունը պարբերաբար առճակատման պատճառ է դառնում քրդական ուժերի, ԻՊ-ի զինյալների և այլ խմբավորումների միջև[15]:

ԻՊ-ին 2014թ. հունիսյան առաջխաղացումն իրաքյան ճակատում հնարավորություն տվեց նվաճել Մոսուլը և հարակից տարածքները, ինչն իր հերթին խոչընդոտներ ստեղծեց Իրաքի հյուսիսում (բացառությամբ Իրաքի Քրդստանի) նավթարդյունաբերության ոլորտում: ԻՊ-ի առաջխաղացումն իրաքյան ճակատում մասնակիորեն խոչընդոտեց նավթարդյունաբերությանը Իրաքի Քրդստանում և շփման գիծը բավականին մոտեցրեց վերջինների վերահսկողության տակ գտնվող նավթավայրերին:

Իրաքյան ճակատում հուլիսյան հաջողությունների արդյունքում ԻՊ-ը վերահսկողություն սահմանեց մի շարք փոքր և միջին նավթային հանքավայրերի վրա, որոնցից կարելի է առանձնացնել Աջիլի (500 մլն. տակառ)[16], Համրինի[17], Կայառայի, Բալադի, Այն Զահալի, Բաթմայի և Նաջմայի հանքավայրեր[18]: Հետագայում ԱՄՆ ղեկավարած միջազգային կոալիցիայի օդային հարվածների արդյունքում վերոնշյալ հանքավայրերի հիմնական մասը ռմբակոծվեց և դուրս մնաց շահագործումից: ԱՄՆ Էներգետիկայի տեղեկատվական գործակալության՝ Իրաքի վերաբերյալ զեկույցի համաձայն՝ ռմբակոծություններից հետո ԻՊ-ի նավթարդյունաբերական հզորություններն Իրաքում կազմում են մոտ 15 հազ. տակառ/օր[19]: Զեկույցում նշվում է նաև, որ ԻՊ-ի տնօրինության տակ է գտնվում մոտ 3 մլն տակառ նավթ, որը վերջինները բռնազավթել են իրենց վերահսկողության տակ անցած նավթային ամբարներից, նավթամուղներից և պոմպակայաններից[20]:

2015 թ. հունվար-փետրվար ամիսներին Իրաքի հյուսիսում ԻՊ-ի զինյալների և իրաքյան իշխանությունների միջև ռազմական գործողությունների ակտիվացման արդյունքում ձեռքից ձեռք էին անցնում Խաբազի նավթային հանքավայրը և օժանդակ ենթակառուցվածքները, ինչի արդյունքում այդ հանքավայրի շահագործման հզորությունները հասել են նվազագույնի[21]: Խաբազի նավթային հանքավայրի հզորությունները գնահատվում եմ 30 հազ. տակառ/օր[22]:

  1. Գազային ռեսուրսներ

Սիրիական հատված

Սիրիական գազային հանքավայրերը, ինչպես նաև նավթայինները, հիմնականում, գտնվում են երկրի արևելյան և կենտրոնական հատվածներում: Սակայն, ի համեմատություն նավթային ոլորտի, գազային ոլորտը Սիրիայում ավելի քիչ է տուժել ընթացող սիրիական ճգնաժամից: Բնական գազի արդյունահանումը նախաճգնաժամային տվյալների հետ համեմատ ընկել է մոտ 30%-ով[23]: Պետք է նշել, որ սիրիական գազը օգտագործվում է բացառապես ներքին սպառման շուկայում: Արդյունահանված գազի սպառողներն են ինչպես մասնավոր սեկտորը, այնպես էլ էլեկտրաէներգիայի ստացման կայանները[24]:

Դեռևս 2008թ. Սիրիան սկսել էր գազի ներմուծումը «Արաբական գազային խողովակաշարով», սակայն սիրիական ճգնաժամի սրացումից ի վեր՝ վերոհիշյալ խողովակաշարը հաճախակի դառնում էր տարբեր խմբավորումների համար թիրախ, ինչի արդյունքում սիրիական հատվածը չի շահագործվում:

Ի տարբերություն նավթային ենթակառուցվածքների հանդեպ վերահսկողության՝ ԻՊ-ը վերահսկում է սիրիական գազային ենթակառուցվածքների չնչին հատվածը: Մասնավորապես, Ջաբհաթ Ալ-Նուսրայի և ԻՊ-ի միջև 2014թ. մայիսյան բախումների արդյունքում վերջիններին հաջողվեց իրենց վերահսկողության տակ վերցնել Քոնիքոյի գազի վերամշակման կայանը[25], որը գտնվում է Դեյր Ալ-Զուրից մոտ 20 կմ դեպի արևելք և գազ է մատակարարում Հոմս քաղաքում գտնվող էլեկտրակայաններին: Սակայն ԱՄՆ գլխավորած կոալիցիայի օդային հարվածների արդյունքում այս կայանը նույնպես մասնակի ռմբակոծվել է, սակայն շարունակում է շահագործվել[26]:

Գազային ենթակառուցվածքների, այդ թվում նաև հանքավայրերի հանդեպ ԻՊ-ի պակաս հետաքրքրվածության պաճառներից նախ պետք է առանձնացնել այն հանգամանքը, որ գազի արդյունահանումն, ի տարբերություն նավթի մշակման, որը հնարավոր է իրականացնել տնայնական եղանակով, պահանջում է ինչպես մասնագիտական պատրաստվածություն, այնպես էլ մասնագիտական սարքավորումների առկայություն, որոնք չկան ԻՊ-ի տրամադրության տակ:

Իրաքյան հատված

Իրաքը հետազոտված գազային պաշարներով աշխարհում զբաղեցնում է 12-րդ տեղը[27]: Երկրի հիմնական պաշարները (մոտավորապես 60%) կենտրոնացած են հարավում: Հյուսիսում գտնվող գազային հանքավայրերից կարելի է առաձնացնել Աջիլի, Բայ Հասանի, Ալ-Մանսուրիյայի և Աքասի հանքավայրերը, որոնք առնչվում են ԻՊ-ի վերահսկողության և ազդեցության գոտիներին:

ԻՊ-ի ազդեցության գոտում գտնվող իրաքյան հատվածի գազային ենթակառուցվածքները նույնպես հայտնվել են ռազմական բախումների ակտիվ շրջանում և գրեթե չեն շահագործվում[28]՝ չապահովելով ֆինանսական ներհոսքեր դեպի ԻՊ-ի գանձարան: ԻՊ-ի ներկայությունն այս տարածքներում նաև հնարավորությունից զրկում է Իրաքի իշխանություններին և իր գործընկերներին արդյունահանել այդ հանքավայրերը:

  1. Ենթակառուցվածքներ

Խողովակաշար

ԻՊ-ի վերահսկողության տակ անցած սիրիական և իրաքյան աշխաջրածնային ենթակառուցվածքները կարելի է դասակարգել երկու տեսակի՝ տեղական և միջազգային (միջպետական) նշանակության:

Տեղական նշանակության խողովակաշարեր են հիմնականում սիրիական հատվածի համապատասխան ենթակառուցվածքները, որոնք ի սկզբանե նախատեսված էին երկրի ածխաջրածնային հանքավայրերից հումքը վերամշակման գործարաններ և տերմինալներ հանձնելու համար: Խոսքը Դեյր Ալ-Զուրի մուհաֆազայի՝ նահանգի (Ալ-Օմար, Ալ-Թանաք և այլն) և երկրի հյուսիս-արևելյան՝ հիմնականում քրդաբնակ Ալ-Հասաքայի նահանգի ածխաջրածնային հանքավայրերը սպասարկող նավթի և գազի խողովակների մասին է: Դրանք բոլորն էլ հումքը մատակարարում էին Հոմսի ու Բանիասի վերամշակման գործարաններ և Լաթակիայի ու Տարտուսի տերմինալներ:

Սիրիական նավթային հիմնական խողովակաշարերից մեկը սկսում է երկրի հյուսիս-արևելյան ալ-Մալիքիյա շրջանից, անցնում է Ալ-Ռակկայի նահանգով դեպի Հոմսի վերամշակման գործարան, ապա՝ Տարտուս[29]:

Մյուս նավթամուղը Դեյր Ալ-Զուրի նահանգի հանքավայերից հումքը Թադմուրի շրջանով մատակարարում է դեպի Հոմս՝ միանալով ընդհանուր ցանցին: Այս նավթամուղը Քիրքուք-Բանիաս-Տրիպոլի (Բանիաս-Հադիսա)[30] խողովակաշարի մի հատվածն է: Պետք է նշել, որ Քիրքուք-Բանիաս-Տրիպոլի խողովակաշարի իրաքյան հատվածը դեռ 2003թ. ԱՄՆ ղեկավարած կոալիցիոն ուժերի՝ Իրաք ներխուժման ժամանակ ավերածությունների էր ենթարկվել ռազմական գործողությունների արդյունքում[31] և չի շահագործվում:

Դեյր Ալ-Զուրի նահանգի մյուս նավթամուղը Ալ-Թայիմ հանքավայրից ձգվում է T2 պոմպակայան[32], վերջինս սպասարկող կայան է նաև Բանիաս-Հադիսա խողովակաշարի համար:

Սիրիական գազատարերի հիմնական երկու ճյուղերը նախատեսված են համապատասխանաբար Ալ-Հասաքա նահանգից (Թիշրինի հանքավայր) և Դեյր Ալ-Զուրի նահանգից (Ալ-Օմարի հանքավայր) ածխաջրածնային հումքերը երկրի արևմտյան հատված տեղափոխելու համար և արտադրական հզորությունները և ջերմաէլեկտրակայանները սպասարկելու համար, այդ թվում նաև Դամասկոսը սպասարկող ենթակառուցվածքները (Նասերիյա և Թիշրինի էլեկտրակայանները):

Սիրիական տարածքով անցնող միակ միջազգային կարգավիճակ ունեցող գազամուղը «Արաբական գազամուղն» է, որը սկիզբ է առնում եգիպտական Արիշից և Հորդանանի տարածքով հասնում է սիրիական Հոմս: Հետագայում պլանավորված էր նաև շարունակել խողովակաշարը դեպի Թուրքիա[33]: Այս գազամուղի սիրիական հատվածը չի շահագործվում, քանի որ հաճախակի դառնում է տարբեր զինյալ խմբերի հարձակման թիրախ:

Միջազգային նշանակության խողովակաշարեր են, հիմնականում, Իրաքի տարածքով անցնողները: Այս շարքում է Իրաք-Թուրքիա նավթամուղը, որը Քիրքուքից ձգվում է մինչև թուրքական Ջեյհան և նախատեսված էր հիմնականում հյուսիս իրաքյան նավթի արտահանման համար, սակայն 2014թ. ԻՊ-ի զինյալների ռազմական գործողությունների արդյունքում Քիրքուք-Ֆիշխաբուր հատվածը չի գործում, և նավթամուղը լցվում է հիմնականում քրդական տարածքներից արտահանվող նավթով[34]:

Իրաքյան «Ռազմավարական նավթամուղն» ամբողջացնում է ներիրաքյան ցանցը, որը նախատեսված է նաև լրացնելու արտահանման համար նախատեսված խողովակաշարերի չբավարարող հզորությունները (օրինակ՝ Իրաք-Թուրքիա նավթամուղ): Այս նավթամուղը Ծոցի հանքավայրերը Հադիսայով կապում է Քիրքուքի վերամշակման գործարանի հետ: «Ռազմավարական նավթամուղը» երկկողմանի է, որի ծավալները գնահատված են 800 հազ. տակառ/օր[35]: Սակայն շահագործվում է Բասրա-Քերբալա հատվածը, որը հումք է մատակարարում Բաղդադի վերամշակման գործարաններին, մնացած հատվածը չի շահագործվում կապված ԻՊ-ի ռազմական ակտիվության հետ:

Սույն հետազոտության համատեքստում իրաքյան ածխաջրածնային ենթակառուցվածքներից կարևոր է նաև Քիրքուք-Բասրա խողովակաշարը, որը նախատեսված է պատրաստի նավթարդյունաբերական մթերքի տեղափոխման համար: Այս խողովակաշարը Քիրքուքի, Բայջիի և Հադիսայի նավթավերամշակման գործարանները կապում է Բասրայի հետ: Ըստ էության, այս խողովակաշարը նույնպես հատվածաբար է շահագործվում, քանի որ Հադիսայի վերամշակման գործարանը Անբարի նահանգում ԻՊ-ի և իրաքյան ուժերի միջև ռազմական բախումների արդյունքում ավերակների է վերածվել:

Վերամշակման հզորություններ

Սիրիայի տարածքում գործում է երկու վերամշակման գործարան. մեկը՝ ծովափնյա Բանիասում (125 հազ. տակառ/օր)[36], իսկ մյուսը՝ Հոմսում (120 հազ. տակառ/օր)[37]:

Բանիասի հզորությունները շահագործվում են բնականոն ռեժիմով, քանի որ գտնվում են համեմատաբար ավելի անվտանգ գոտում՝ սիրիական կառավարական ուժերի վերահսկողության տարածքում, ինչը չի կարելի ասել Հոմսում գտնվող հզորությունների մասին: Վերջինները շահագործվում են մասնակիորեն, քանի որ մոտ են Դամասկոսի և ԻՊ-ի շփման գծին և հաճախակի հարձակումների թիրախ են դառնում:

Հոմսի վերամշակման գործարանը հանգուցային նշանակություն ունի ածխաջրածնային հումքի բաշխման սիրիական ցանցում: Այստեղից ցանցը ճյուղավորվում է դեպի Հալեպի շրջան և միջերկրածովյան Բանիաս, Լաթակիա և Տարտուս հանգույցները:

2008թ. սիրիական իշխանությունները համաձայնագիր էին կնքել Չինական Ազգային Նավթային Գործակալության (CNPC) հետ Դեյր Ալ-Զուրի նահանգի Աբու Խաշաբ վայրում՝ 100 հազ. տակառ/օր (5 մլն. տոն/տար) հզորությամբ նոր վերամշակման գործարան կառուցելու վերաբերյալ[38]: Սակայն սիրիական ճգնաժամի սրման և Դեյր Ալ-Զուրի նահանգում զինյալ խմբավորումների հետ բախումների պատճառով այս նախագծի իրականացումը դադարեցվեց[39]:

Ի տարբերություն նավթավերամշակման ոլորտի՝ սիրիական գազի վերամշակման ենթակառուցվածքները գրեթե չեն վնասվել[40] և շարունակում են շահագործվել, չնայած այն հանգամանքին, որ գտնվում են ԻՊ-ի և նրան դաշնակցած աշիրեթների վերահսկողության տակ: Դեռ 2013թ. սիրիական խոշոր գազամշակման կայաններից Ալ-Տաբիան (12,95 մլն մ3/օր)[41], որը հայտնի է նաև Քոնիքո անվամբ, անցել էր Ջաբհաթ Ալ-Նուսրայի զինյալների ձեռքը[42], սակայն հետագայում վերանվանվեց Աբու Օմար Ալ-Շիշանիի կողմից և անցավ ԻՊ-ի ենթակայության տակ[43]: Դեյր Ալ-Զուրի նահանգի մյուս խոշոր Ալ-Օմարի գազամշակման կայանը (5մլն մ3/օր)[44] նույնպես գտնվում է ԻՊ-ի վերահսկողության տակ:

Սիրիական մյուս երկու՝ Հայանի և Էբլայի գազամշակման կայանները, որոնք տեղակայված են Հոմսի նահանգում, սիրիական ճգնաժամի ընթացքում պարբերաբար ձեռքից ձեռք են անցնում[45] և, չնայաց այդ հանգամանքին, դրանց շահագործումը շարունակվում է:

Պաշտոնական Դամասկոսի կախվածությունը գազային ենթակառուցվածքից (էլեկտրակայանների հիմնական վառելիքը գազն է) ստիպում է վերջինին դրանց համար պայքարում խուսափել ծանր մարտերից, ինչից էլ օգտվում են զինյալները: Արդյունքում գրանցվում են դեպքեր, երբ մարտնչող կողմերը համաձայնության են գալիս և, օրինակ զինյալների վերահսկողության տակ գտնվող գազամշակման կայանից գազը մատակարարվում է իշխանություններին ենթակա էլեկտրա- և ջերմակայաններին[46]:

ԻՊ-ի զինյալների վերահսկողության տակ է գտնվում նաև սիրիական խողովակաշարերի ցանցում հանգուցային T2 պոմպակայանը[47]:

Իրաքյան ճակատում ԻՊ-ի զինյալները նույպես փորձեր են կատարում նավթավերամշակման հզորությունների հանդեպ վերահսկողություն սահմանելու ուղղությամբ: Հարձակումների հիմնական թիրախ են դառնում Բայջի (230 հազ. տակառ/օր), Հադիսայի (16 հազ. տակառ/օր) և Քիրքուքի (30 հազ. տակառ/օր) [48] վերամշակման գործարանները:

2014թ. հուլիսյան առաջխաղացումը ԻՊ-ին հնարավորություն տվեց կարճ ժամանակահատվածում վերահսկողություն հաստատել Բայջիի վերամշակման գործարանի հանդեպ, սակայն ծանր մարտերից հետո ստիպված էր զիջել այն Իրաքի կառավարական ուժերին[49]: Արդյունքում Բայջիի վերամշակման գործարանը լուրջ վնասներ է կրել և այժմ չի շահագործվում:

Մյուս կարևոր հանգույցը՝ Հադիսայի վերամշակման գործարանը, իրաքյան ածխաջրածնային ենթակառուցվածքում նույնպես մարտերի և ռմբակոծությունների արդյունքում ենթակա չէ շահագործման և փաստացի գտնվում է Իրաքի կառավարական ուժերի վերահսկողության տակ[50]: Ինչ վերաբերում է Քիրքուքի վերամշակման գործարանին, ապա քրդական ուժերի հետ պայքարում ԻՊ-ի զինյալներին չի հաջողվել վերահսկողություն սահմանել այս կառույցի հանդեպ: Ստեղծված իրավիճակում Քիրքուքի գործարանը հիմնական վերամշակման հզորություն է Իրաքի հյուսիսի քրդաբնակ շրջաններում արդյունահանվող նավթի համար:

Ամփոփելով պատկերը տեսնում ենք, որ նավթի արդյունաբերության ոլորտում ԻՊ-ը չի վերահսկում ոչ մի խոշոր նավթավերամշակման հզորություններ, ինչի հետևանքով իր ենթակայության տակ գտնվող նավթային հանքավայրերը շահագործում են տնայնական, պարզունակ և վտանգավոր եղանակներով, իսկ համացանցում ԻՊ-ի տարածած հայտարարություններն ածխաջրածնային ոլորտի մասնագետներին աշխատանքով ապահովելու վերաբերյալ[51] վկայում են այդ մասնագետների խիստ պահանջարկի մասին:

  1. Վաճառք

Ածխաջրածնային պաշարների հանդեպ վերահսկողություն սահմանելուն զուգահեռ անհրաժեշտ է նաև կազմակերպել դրանց վաճառքը: Կարևոր է հասկանալ ԻՊ-ի գործոնով պայմանավորված մերձավորարևելյան տարածաշրջանի այս հատվածում «նավթի սև շուկայի» աշխատանքը: Համացանցում հայտնված տեղեկատվությունը վերլուծելով՝ կարելի է առանձնացնել վաճառքի երկու հիմնական ուղղություն, որոնց մասին կխոսենք ստորև:

ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող ածխաջրածնային պաշարների հիմնական սպառողն, ըստ էության, պաշտոնական Դամասկոսն է[52], որն էներգակիրների լուրջ պակաս է զգում. մի կողմից կորցրած պաշարների և ավերված ենթակառուցվածքների, մյուս կողմից իր հանդեպ կիրառվող պատժամիջոցների պատճառով: Այն, որ գազի պարագայում ԻՊ-ի զինյալները ստիպված են համագործակցել պաշտոնական Դամասկոսի հետ՝ կապված գազի արտահանման, տեղափոխման և շահագործման ենթակա ենթակառուցվածքների յուրահատկության հետ, մանրամասն խոսվել է վերևում:

Ըստ լիբանանյան տեղեկատվական կայքերից մեկի՝ պաշտոնական Դամասկոսի և ԻՊ-ի միջև նավթամթերքի առքուվաճառքում միջնորդ է հանդիսանում Ջորջ Հասվանի անունով մի հույն կաթոլիկ գործարար[53]: Ջ. Հասվանին նախկինում եղել է Բանիասի վերամշակման գործարանի տնօրենի տեղակալ, Դամասկոսի համալսարանի դասախոս, իսկ ներկայում «Հեսքո» (HESCO) ինժեներական և շինարարական ընկերության սեփականատերն է[54]: Սիրիական հակակառավարական կայքերից մեկի տեղեկատվության համաձայն՝ Ջ. Հասվանին կապված է ռուսական հետախուզական վերնախավի հետ: Նշվում է, որ ուսանողական տարիներին (Ջ. Հասվանին Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտ է) ձեռք բերված ընկերական շրջապատից շատերը բարձր պաշտոններ են զբաղեցնում ռուսական քաղաքական դաշտում[55]: Նշվածի անուղղակի ապացույց կարելի է համարել այն, որ ըստ HESCO-ի պաշտոնական կայքի, վերջինի հիմնական գործընկերը ռուսական «Ստրոյտրանսգազ»-ն է[56]: Վերոհիշյալ հակակառավարական կայքի գրառման համաձայն՝ Ջ. Հասվանին մոտ է կանգնած պաշտոնական Դամասկոսի ալավիական վերնախավին և նրա գործընկերներից է Ամջադ Դուբան՝ սիրիական ռազմական հետախուզության նախկին ղեկավար Ալի Դուբայի զարմիկը[57]: Այս ուղղությամբ նավթի փոխադրման համար հիմնականում օգտագործվում են ավտոցիստերներ:

ԻՊ-ի նավթի վաճառքի մյուս մեծածավալ ուղղությունը Թուրքիան է: Պետք է նշել, որ այս ուղղությամբ վաճառքը տեղի է ունենում երկու տարբերակով: Մեկը անմիջականորեն ԻՊ-ից թուրքական կողմ, մյուսը ՝ ԻՊ-ից քրդական կողմ-թուրքական կողմ տարբերակներով:

ԻՊ-ի և թուրքական կողմի միջև անմիջական վաճառքը կատարվում է ավտոցիստերների և պոլիվինիլքլորիդե (ՊՎՔ) ինքնաշեն նավթամուղերով, որոնք անցնում են սիրիաթուրքական սահմանի տակով[58]: Քրդական ուղղությամբ նավթը վաճառվում է հիմնականում ավտոցիստերների միջոցով, իսկ այնուհետև թուրք-իրաքյան նավթամուղի Խուրմալա Դոմե-Ֆիշխաբուր բանուկ հատվածով արտահանվում է Թուրքիա:

Պետք է նշել, որ այս սև շուկայում վաճառվող էժան նավթի հիմնական մասը, միանալով և միախառնվելով թուրքական ենթակառուցվածքներից տեղափոխվող նավթի հետ օրինականացվում է և մտնում է շուկա՝ գերշահույթներ ապահովելով ներգրավված կողմերին[59]:

Եզրակացություն

Ամփոփելով ԻՊ-ի ածխաջրածնային հզորությունների ուսումնասիրությունը՝ տեսնում ենք.

  • ԻՊ-ի վերահսկում է սիրիական նավթային հանքավայրերի զգալի մասը, այդ թվում նաև Ալ-Թանաք և Ալ-Օմար հանքավայրերը, ինչպես նաև Իրաքի հյուսիս-արևմտյան նավթային հանքավայրերը:
  • Ենթակառուցվածքների տեսանկյունից ԻՊ-ը չի վերահսկում ոչ մի խոշոր նավթավերամշակման կայան: Ռազմական բախման գծում հայտնված վերամշակման կայանները հիմնականում ավերվել են և չեն շահագործվում: ԻՊ-ի վերահսկողության տարածքների մոտակայքում գտնվող խոշոր միակ գործող կայանը Քիրքուքի վերամշակման կայանն է: Այս հանգամանքը նկատի ունենալով, պետք սպասել, որ ԻՊ-ի ռազմական ակտիվությունը առաջիկայում ուղղված է լինելու քրդաբնակ տարածքներին, մասնավորապես, նպատակ ունենալով վերահսկողություն սահմանել Քիրքուքի և նրա նավթային ենթակառուցվածքների հանդեպ:

Պետք նշել նաև, որ ԻՊ-ի տարածքներում նավթը հիմնականում վերամշակվում է տնայնական եղանակով:

  • ԻՊ վերահսկում է Դեյր Ալ-Զուրի նահանգի սիրիական գազային հանքավայրերը և գազավերամշակման խոշոր կայանները: Քանի որ գազի արդյունահանումը, ի տարբերություն նավթի արդյունահանման, հնարավոր չէ կազմակերպել տնայնական եղանակով և պետք է օգտագործել առկա ենթակառուցվածքները գազը տեղափոխելու համար, ապա ստեղծվում է մի իրավիճակ, երբ ԻՊ-ի արդյունահանված գազի հիմնական սպառողը դառնում է սիրիական կենտրոնական իշխանությունը: Գազային ենթակառուցվածքների համար պայքարում նկատվում է, որ թե՛ սիրիական իշխանությունները, և թե՛ ԻՊ-ի զինյալները գիտակցում են այդ համակարգերի վերականգման դժվարությունները և փորձում են վնասներ չհասցնել այդ համակարգերին:
  • ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում գրեթե բոլոր նավթային խողովակաշարերը ավերածությունների են ենթարկվել և ենթակա չեն շահագործման:
  • Նավթի սև շուկան կազմակերպելու համար ԻՊ-ն օգտագործում է ինքնաշեն խողովակաշարեր և ավտոցիստերներ՝ վաճառելով նավթը ինչպես սիրիական կողմին, այնպես էլ՝ քրդական և թուրքական: 2014թ. սեպտեմբերին ԻՊ-ը սև շուկայում նավթը վաճառել է 35-40 ԱՄՆ դոլար[60], իսկ հոկտեմբերին արդեն 20 ԱՄՆ դոլար գնով[61]: Միջին հաշվարկով ստացվում է, որ ԻՊ-ը սիրիական տարածքներից վաճառված նավթից ունենում է մոտ 2-2,3 մլն. ԱՄՆ դոլար օրեկան: Մոտ 1-1,5 մլն. ԱՄՆ դոլար օրեկան էլ ԻՊ-ի գանձարան է մտնում իրաքյան նավթի վաճառքից: Նշված դրամային շրջանառության մասին անուղղակի ապացույց է ԻՊ-ի հայտարարությունը 2 մլրդ. ԱՄՆ դոլար տարեկան բյուջե սահմանելու մասին[62]:
  • ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ռմբահարումները նշանակալի վնասներ են հասցրել ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքների նավթային ենթակառուցվածքներին, ինչի արդյունքում նավթարդյունաբերությունը այդ տարածքներում նվազել է: ԻՊ-ի գազային ենթակառուցվածքները նույնպես թիրախ են դառնում, սակայն պետք է նշել, որ դրանք կրում են սաստող բնույթ, քանի որ կետային հարվածներ են և չեն խափանում այդ ենթակառուցվածքների աշխատանքը:
  • Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լևանտի ավազանում հայտնաբերվել են խոշոր ածխաջրածնային պաշարներ և այն, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերի հրթիռակոծությունները չեն վնասում սիրիական գազային ենթակառուցվածքները, կարելի է ենթադրել, որ դրանք ճգնաժամի հանգուցալուծումից հետո օգտագործել այս ենթակառուցվածքները Լևանտի ավազանի գազային նոր հանքավայրերը շահագործելու համար, որոնք հիմնականում գտնվում են Իսրայելի տարածքային շրջերում: Սա իր հերթին կարող է լրջորեն թուլացնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից՝ ստեղծելով Ռուսաստանը շրջանցող մատակարարման այլընտրանքային ճանապարհներ:

[1] Հոդվածում քննարկվում են միայն վերամշակման գործարանները և մայրուղային խողովակաշարերը, քանի որ տեղեկատվության բացակայության պատճառով հնարավոր չէ ուսումնասիրել ավելի փոքր միավոր հանդիսացող բաշխիչ ցանցերի կարգավիճակը:

[2]كلمة للشيخ المجاهد أبي محمد العدناني الشامي بعنوان – هذا وعد الله إعلان قيام الخلافة الإسلامية

[3] Պետք է նշել, որ 2010թ. «ԱՄՆ Երկրաբանական հետազոտություն» (USGS) կազմակերպության զեկույցի համաձայն Լևանտի ավազանում առկա են խոշոր նավթային և գազային չուսումնասիրված պաշարներ: Նավթային պաշարները ավելի մոտ են գտնվում սիրիական տարածքային ջրերին, իսկ գազային պաշարները՝ Իսրայելի տարածքային ջրերին: Ավելի մանրամասն տես՝ USGS Assessment of Undiscovered Oil and Gas Resources of the Levant Basin Province, Eastern Mediterranean, March 2010, (մուտք՝ 12.09.2014):

[4] Rebels take largest Syria oilfield: activists, 22 November 2013, (մուտք՝ 12.09.2014):

[5] Hadid D., Islamic State Militants Seize Syria’s Al-Tanak Oil Field, 7 April, 2014 (մուտք՝ 12.09.2014):

[6] Abdelaziz S., Group: ISIS takes major Syrian oil field, 3 July, 2014 (մուտք՝ 12.09.2014):

[7] Սույն տվյալը ներառում է նաև հարակից նավթահորերի հզորությունները և հաշվարկված է 2006թ. դրությամբ, քանի որ լուրջ ներդրումներ հայտնի չեն այդ հանքավայրը ընդլայնելու վերաբերյալ, ապա կարելի է կիրառել այս տվյալը միայն մոտավոր հաշվարկի համար: Ավելի մանրամասն տե՛ս The Changing Dynamics of Energy in the Middle East, in Two Volumes, ed by Greenwood Publishing Group, 2006, p. 308.

[8] Մանրամասն տե՛ս

محمد بلوط, من ينتج النفط السوري.. ولمن يذهب ثمنه؟ 07/03/2014

(մուտք՝ 12.09.2014):

[9] Նույն տեղում:

[10] The Oil Weapon in Syria, The Report of Syria Network For Human Rights, 17 September 2014 (մուտք՝ 18.10.2014):

[11] U.S. led coalition warplanes attack oil sites in Deir Ezzor, (մուտք՝ 22.11.2014):

[12] The regime troops take control over an oil well in Homs, 24 October, 2014, (մուտք՝ 28.10.2014):

[13] Սիրիայում նավթի արդյունաբերության միջին տվյալները 2008-2010թթ. ժամանակահատվածում կազմում է տարեկան 400 հազ. տակառ/օր: Տե՛ս ԱՄՆ Էներգետիկ Տեղեկատվության Ադմինիստրացիայի տվյալները Սիրիայի վերաբերյալ : (մուտք՝ 12.09.2014):

[14] Country Analysis Brief: Iraq, US Energy Information Agency, 30 January, 2015, (մուտք՝ 02.02.2015):

[15] Մանրամասն տե՛ս Country Analysis Brief: Iraq, US Energy Information Agency, 30 January, 2015, (մուտք՝ 02.02.2015):

[16] Barich A., ISIL’s change of heart?, 12 November 2014: Տե՛ս նաև Marcel V., ISIS and the Dangers of Black Market Oil, 21 July 2014, (մուտք՝ 10.12.2014):

[17] 2009թ. Իրաքի իշխանություններն ավարտեցին մեծ ներդրումային ծրագիրը Համրինի հանքավայրում, որի հզորություններն այդ ժամանակ գնահատվում էին 276 մլմ. տակառ: Ավելի մանրամասն տե՛ս

عبد الله أحمد, تأهيل حقل عجيل النفطي في صلاح الدين14.06.2009, (մուտք՝ 10.12.2014):

[18] Roggio B., ISIS advances on oil fields in Salahaddin, Diyala, June 26, 2014, (մուտք՝ 12.09.2014):

[19] Country Analysis Brief: Iraq, US Energy Information Agency, 30 January, 2015, p. 6 (մուտք՝ 02.02.2015):

[20] Նույն տեղում:

[21] ISIS Targets Kurdish Forces in Iraq, Seizes Oil Station, , հմմ. Al-Najar K., Lando B., Workers, oil field survive IS assault, Iraq Oil Report, 3 February, 2015, (մուտք՝ 05.02.2015):

[22] Տե՛ս աղյուսակ 1, Country Analysis Brief: Iraq, US Energy Information Agency, 30 January, 2015, p. 5, (մուտք՝ 02.02.2015):

[23] Տե՛ս Cordesman A. H., Syria and the Least Bad Option: Dealing with Governance, Economics, and the Human Dimension, February 24, 2014, (մուտք՝ 12.09.2014):

[24] Տե՛ս ԱՄՆ Էներգետիկ Տեղեկատվության Ադմինիստրացիայի տվյալները Սիրիայի վերաբերյալ: (մուտք՝ 12.09.2014):

[25]داعش يسيطر على معمل غاز “كونيكو” في دير الزور (մուտք՝ 10.05.2014):

[26] Darwish M., IS-held oil fields in Syria targeted by international coalition’s strikes

September 30, 2014, (մուտք՝ 12.11.2014):

[27] Mohamed Salih M.A., Economic Development and Political Action in the Arab World, Routledge, 2014, p 83.

[28] Country Analysis Brief: Iraq, US Energy Information Agency, 30 January, 2015, p. 15 (մուտք՝ 02.02.2015):

[29] «Հիմնական նավթամուղը» Քարա Շուկ նավթային հանքավայրից ձգվում է մինչև Տարտուս մոտ 663 կմ: Հզոր.՝ 250 հազ. տակառ/օր, խողովակների տրամաչափ.՝ 18″ և 28″: Խողովակաշարերին վերաբերող տվյալները վերցված են կայքից (մուտք՝ 12.09.2014):

[30] Երկար.՝ 890 կմ, հզոր.՝ 1400 հազ. տակառ/օր, խողովակների տրամաչափ.՝ 12″ և 16″:

[31] Dinucci M., Oil and Pipeline Geopolitics: The US-NATO Race for Syria’s Black Gold, Global Research, April 07, 2013, (մուտք՝ 12.09.2014):

[32] Երկար.՝ 92 կմ, հզոր.՝ 100 հազ. տակառ/օր, խողովակների տրամաչափ.՝ 30″:

[33] Country Analysis Brief: Syria, US Energy Information Agency, February 18, 2014, (մուտք՝ 12.09.2014):

[34] Country Analysis Brief: Iraq, US Energy Information Agency, 30 January, 2015, p. 9 (մուտք՝ 02.05.2015):

[35] Նույն տեղում:

[36] Մանրամասն տե՛ս (մուտք՝ 12.11.2014):

[37] Մանրամասն տե՛ս (մուտք՝ 12.11.2014):

[38] CNPC reaches two agreements with the Ministry of Petroleum & Mineral Resources of Syria, 07 April 2008, (մուտք՝ 12.09.2014):

[39] Country Analysis Brief: Syria, US Energy Information Agency, February 18, 2014, (մուտք՝ 12.09.2014):

[40] Ալ-Տաբիա գործարանը մասնակի ռմբահարվել էր ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերի գործողությունների ընթացքում: Մանրամասն տե՛ս US-led Syria strikes on IS hit entrance to main gas plant: NGO, 28 September 2014, (մուտք՝ 12.09.2014):

[41] Ministry Of Petroleum & Mineral Resources, Syrian Arab Republic, Public Private Partnership, October. 2009 (մուտք՝ 12.09.2014):

[42] Syria – Conoco Gas Plant under jihadist hands 22/11/13, (մուտք՝ 12.09.2014):

[43]محمد بلوط, من ينتج النفط السوري.. ولمن يذهب ثمنه؟ 07/03/2014 (մուտք՝ 12.09.2014):

[44] Ministry of Petroleum & Mineral Resources, Syrian Arab Republic, Public Private Partnership, October. 2009 (մուտք՝ 12.10.2014):

[45] Syrian army regains control of oil wells captured by Islamic State, 06 November 2014 (մուտք՝ 08.11.2014):

[46] Butter D., Fueling Conflict: Syria’s War for Oil and Gas, 2 APRIL 2014, (մուտք՝ 12.09.2014):

[47] محمد بلوط, من ينتج النفط السوري.. ولمن يذهب ثمنه؟ 07/03/2014 (մուտք՝ 12.09.2014):

[48] Տե՛ս աղյուսակ 3, Country Analysis Brief: Iraq, US Energy Information Agency, 30 January, 2015, p. 11 (մուտք՝ 02.02.2015):

[49] Iraq troops reach Baiji oil refinery besieged by IS, 18 November 2014, (մուտք՝ 22.11.2014):

[50] Iraqi forces foil ISIL attack on Haditha oil refinery, 21 November 2014, (մուտք՝ 22.11.2014):

[51] Մանրամասն տե՛ս: (մուտք՝ 12.11.2014):

ԻՊ-ի վերահսկողության տարածքներում գտնվող քաղաքացիական մասնագետների և բնակչության իրավական կարգավիճակի վերաբերյալ հարցերին մանրամասն կարելի է ծանոթանալ Watkin K., Targeting “Islamic State” Oil Facilities, International Law Studies,Vol. 90, 2014, pp. 508-517. (մուտք՝ 12.12.2014):

[52] Տե՛ս Ջ. Լանդիսի հետ հարցազրույցը (մուտք՝ 16.09.2014):

[53] Badran T., Minority report, 8 September 2014, (մուտք՝ 16.09.2014):

[54] HESCO-ի պաշտոնական կայքի նոր տարբերակում Ջ. Հասվանիի անունը բացակայում է, սակայն հին տարբերակում առկա էր: Մանրամասները տե՛ս (մուտք՝ 03.02.2015):

[55]من هو جورج حسواني الذي ساعد باطلاق الراهبات ؟2014/03/10 (մուտք՝ 12.09.2014):

[56] Տե՛ս HESCO-ի կողմից իրականացվող նախագծերը (մուտք՝ 03.02.2015):

[57] من هو جورج حسواني الذي ساعد باطلاق الراهبات ؟2014/03/10 (մուտք՝ 12.09.2014):

[58] Marcel V., ISIS and the Dangers of Black Market Oil, 21 July 2014 (մուտք՝ 10.12.2014):

[59] ԻՊ-ի վերահսկողության տարածքներից գնված նավթի տեղափոխման հարցում շրջանառվում է թուրք-ադրբեջանական «Պալմալի» ընկերության անունը: Տե՛ս Meyssan T., Jihadism and the Petroleum Industry, 23 June 2014, (մուտք՝ 10.12.2014):

[60] Ghogomu M., ISIS Is Making Nearly $100 Million Per Month Selling Oil. Who’s Buying It? September 22, 2014, (մուտք՝ 15.11.2014):

[61] Al-Khalid S., Here’s How ISIS Keeps Selling So Much Oil Even While Being Bombed And Banned By The West, 25 October, 2014, (մուտք՝ 10.11.2014):

[62] Islamic State group sets out first budget, worth $2bn, Al-Araby al-Jadeed, 4 January, 2015, (մուտք՝ 05.01.2015): Ընդհանրապես ԻՊ-ի եկամուտների մասին ավելի մանրամասն տես Alami M., The Islamic State and the Cost of Governing, 4 September 2014, (մուտք՝ 10.11.2014):

Մեկնաբանել