Եվրոպական օրակարգը մեր առաջնահերթություններից է. Սերժ Սարգսյան

serzh sargsyanՀայաստանի եվրոպական օրակարգը մնում է մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից, և մենք հանձնառու ենք խորացնելու և էլ ավելի ամրապնդելու մեր համագործակցությունը ԵՄ հետ: Այսպիսի հայտարարություն է արել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռիգայում, որտեղ մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը: Սերժ Սարգսյանի ելույթը ներկայացված է ստորև:

«Արևելյան գործընկերությունն այսօր հեշտ ժամանակներ չի ապրում, սակայն մենք չենք համարում, որ այն իրեն սպառել է կամ այլևս անելիք չունի: Պարզապես հարկ է առավել իրատեսորեն գնահատել ստեղծված իրավիճակը, նորովի շարունակել Պրահայից սկսված այս համատեղ ճամփորդությունը: Այո՛, այսօր գործընկերներից երեքն ունեն ԵՄ հետ հարաբերությունների մի մակարդակ, մյուսներն՝ այլ՝ ելնելով իրենց իրավիճակի առանձնահատկություններից: Հետևաբար, պետք է հասկանալ, թե այս նոր պայմաններում ո՞րն է այն առանցքը, որ կապում է գործընկերներին և Եվրոպական Միությանը, և ինչի՞ շուրջ է իրականում ընթանալու համագործակցությունը:

Շատ կարևոր է պահպանել այն հատկանշականը, այն ընդհանրականը, ինչը մեզ միավորում է որպես Գործընկերություն: Մենք առավել քան համոզված ենք, որ այդ ընդհանրության հիմքում պետք է շարունակի մնալ բոլոր գործընկեր պետությունների հավատարմությունն ընդհանուր արժեքներին, ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությունը, խաղաղությանն ու կայունության ապահովմանը տարածաշրջանում: Հետևաբար, հետագա համագործակցության հիմքում պետք է պահպանել մեր հավատարմությունը հասարակության և հաստատությունների կառուցմանն ու զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ և արդար ընտրություններ անցկացնելուն, դատական համակարգի անկախությանը, ազատ մրցակցության վրա հիմնված շուկայական տնտեսության կայացմանը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը ողջունել է, որ Եվրոպական հանձնաժողովի կողմից ներկայացված «Դեպի նոր Եվրոպական հարևանության քաղաքականություն» հայեցակարգային փաստաթղթի հիմքում ընկած է գործընկեր պետությունների իրական կարիքները հաշվի առնելու և նրանց անհատականացված մոտեցում ցուցաբերելու սկզբունքը, որը, ըստ նրա, կնպաստի ԵՄ հետ համագործակցության հնարավոր ուղղությունների և նոր հեռանկարների բացահայտմանը:

«Մենք համարում ենք, որ գործընկերների անդամակցությունը որևէ կառույցի չի սահմանափակում նրա համագործակցությունն այլ կառույցների հետ: Այդ պատճառով է, որ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ ԵՄ հետ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը:

Եվրոպայում ստեղծված ներկայիս աշխարհաքաղաքական բարդ պայմաններում Հայաստանն իր հավասարակշռված քաղաքականությամբ ոչ միայն չստեղծեց լրացուցիչ լարվածության օջախ եվրոպական տարածաշրջանում, այլ ընդհակառակը, կարողացավ իր քաղաքականությունը կառուցել տարբեր ինտեգրացիոն համակարգերի համատեղելիության, հավասարակշռության և բազմավեկտոր համագործակցության սկզբունքների հիման վրա:

Հենց այս պատկերացումներն են դրվելու առաջիկայում ԵՄ հետ նախատեսվող Հայաստան-ԵՄ հարաբերությունները կանոնակարգող նոր իրավական փաստաթղթի հիմքում, որի կապակցությամբ ակնկալում ենք Ձեր բոլորի աջակցությունը»,- ասել է Սարգսյանը:

Անդրադառնալով Ուկրաինայի իրավիճակին՝ ՀՀ նախագահը նշել է, որ այնտեղ տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները լուրջ ճգնաժամ են առաջացրել: «Ուկրաինայի իրավիճակի լիարժեք կարգավորումը առանցքային նշանակություն ունի թե՛ երկրի հետագայի համար, թե՛ միջազգային առկա լարվածության լիցքաթափման համար: Ես հույս ունեմ, որ այստեղ ևս կհաղթանակի հեռուն նայելու և ամեն ինչ ճիշտ գնահատելու գործելաոճը. լուծումները կգտնվեն միմյանց խնդիրները հարգելու և միմյանց հասկանալու՝ միակ կայուն ճանապարհով, իսկ գործընթացների ամեն փուլում հանուն համապարփակ կարգավորման համատեղ աշխատանքը կգերակայի միակողմանի փնովումներով հրապարակային հայտարարությունների տարածման՝ ոչ մի տեղ չտանող գայթակղությանը: Ցավոք, նման նշաններ ես տեսնում եմ նաև ԵԺԿ այսօրվա հռչակագրի մեջ, որի մի շարք կետերի շուրջ մենք չկարողացանք հասնել կոնսենսուսի: Կարծում եմ` դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ առաջին անգամ ԵԺԿ գործընկերները լիարժեք չեն ներգրավվել նախագծի մշակման փուլում»,- ասել է Սարգսյանը:

(Սարգսյանը հրաժարվել է ստորագրել ներկայացված հայտարարությունը Ղրիմի անեքսիայի վերաբերյալ: Հայտարարությունը չի ստորագրել նաև Բելառուսի ներկայացուցիչը):

Խոսելով եվրոպական տարածաշրջանում համագործակցության և անվտանգության ապահովման մասին՝ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը, որը, նրա խոսքով, շարունակում է լրջագույն մարտահրավեր մնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ եվրոպական անվտանգության համար:

«Ադրբեջանը չի դադարեցնում սադրանքների, սպառնալիքների և հակահայկական քարոզչության իր գործելաոճը՝ ձգձգելով հակամարտության կարգավորման գործընթացը: Հակահայկական արշավը զուգորդվում է Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետ, իսկ ռեժիմի ընդդիմախոսները վաղուց որակվում են որպես Հայաստանի գործակալներ:

Մեր ընդհանուր տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող Ադրբեջանի անպատասխանատու քայլերը չպետք է անարձագանք մնան եվրոպական գործընկերների կողմից։ Դրանք պետք է արժանանան համարժեք գնահատականի: Ուստի կոչ եմ անում տուրք չտալ տարբեր միջազգային հարթակներում Ադրբեջանի ապակառուցողական նախաձեռնություններին և դրանով իսկ չկիսել պատասխանատվությունը տարածաշրջանում լարվածության ավելացման հարցում»,- ասել է ՀՀ նախագահը:

Մեկնաբանել