Հոսանքի գնի վերանայման հարցում համաձայնություն չկա. ՀԷՑ-ի տնօրեն

BibinՀունիսի 2-ին Ազգային ժողովում Հանրապետական խմբակցության փակ նիստին, որին մասնակցել են էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրեն Եվգենի Բիբինը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հարցում համաձայնության չեն հասել: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Եվգենի Բիբինը:

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշեց, որ ՀԷՑ-ի՝ սակագնի վերանայման հիմնավորումները իրենց չեն բավարարում:

Այսօր ավելի վաղ Նազարյանն ասել էր, որ իր գլխավորած հանձնաժողովը ՀԷՑ-ի՝ սակագնի վերանայման հայտի վերաբերյալ դիրքորոշումը կհայտնի հունիսի 9-ին կամ 10-ին: Նազարյանի խոսքով՝ սակագնի վերանայման դեպքում որոշակի թանկացում կլինի::

***

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մայիսի 8-ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով: Ըստ այդմ` ցերեկային սակագինը բնակչության համար առաջարկվում է ներկայիս 41.85 դրամ/կՎտժ-ից դարձնել 58.93 դրամ/կՎտժ, գիշերայինը` 31.85 դրամ/կՎտժ-ից` 48.93 դրամ/կՎտժ:

ՀԿԾՀ կայքում նույն օրը տեղադրվել էր տեղեկատվություն, ըստ որի` Հայաստանի գրեթե բոլոր խոշոր էլեկտրակայանները` ՀԱԷԿ-ը, «Սևան Հրազդան կասկադը», Երևանի ջերմաէլեկտրակայանը, Հրազդանի ջերմաէլեկտրակայանը, «5-րդ բլոկը», դիմել են ՀԾԿՀ-ին` իրենց արտադրած էլեկտրաէներգիայի գնման գինը բարձրացնելու հայտով: Ընդ որում` արտադրողներն առաջարկում են իրենց արտադրանքի գները բարձրացնել էականորեն` մինչև 50%-ով: