ՀԾԿՀ-ն և կեղծ թվերի աճպարարությունը

Ernst and Young աուդիտորական կազմակերպությունում կասկածի տակ են դրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «գործունեության անընդհատությունը շարունակելու ունակությունները»։Հունիսի 7-ին՝ կիրակի օրը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանը հյուրընկալվել էր «Արմենիա» հեռուստաընկերության Ռ-Էվոլյուցիա հաղորդաշարին, որի ընթացքում փորձեց հանրությանը ներկայացնել էլեկտրաէներգիայի մանրածախ սակագինը շուրջ 7 դրամով թանկացնելու «հիմնավորումները»: Նա ասաց, որ էլեկտրաէներգիայի սակագնի 7 դրամով թանկացումն իրենից ներկայացնում է բացառապես նախորդ երեք տարիներին օբյեկտիվ պատճառներով կուտակված շուրջ 37 մլրդ դրամի վնասի փոխհատուցում: Նաև նշեց, որ մոտ 7 դրամով էլ թանկանալու է էլեկտրաէներգիայի սակագինը:

Հաջորդ օրը՝ հունիսի 8-ին, այդ տրամաբանությունը ջախջախվեց այն բացատրությամբ, որ եթե ՀԷՑ-ը, որին ըստ էության նախկին 24 դրամ մարժայի փոխարեն այս տարի մնալու է 17 դրամ վնասների փոխհատուցման գումարից բացի, կարող է օգուտով աշխատել, ապա ինչու անցած տարի 24 դրամ մարժայով աշխատելիս վնաս է կրել:

Իսկ արդեն հունիսի 9-ին՝ ՀԾԿՀ-ն, տեսնելով, որ հունիսի 7-ի հիմնավորումները այլևս բանի պետք չեն, իր կայքում դրեց հունիսի 17-ի համապատասխան որոշման նախագիծը, որտեղ բոլոր վերոհիշյալ թվերն արդեն տարբեր էին, բացի մեկ թվից՝ էլեկտրաէներգիայի սակագինը միևնույն է՝ բարձրանալու է մոտ 7 դրամով:

Փոխհատուցման ենթակա 37 մլրդ դրամ գումարը գրչի կախարդական հարվածով վերածվեց 24 մլրդ-ի, էլեկտրաէներգիայի գնման սակագինը նախկինում ասված 7 դրամով աճելու փոխարեն աճեց արդեն 2,36 դրամով: ՀԾԿՀ-ն իջեցրել է նաև ՀԷՑ-ի աշխատակիցների միջին աշխատավարձը՝ մոտ 20%-ով, ինչը գործնականում անհնար է ՀՀ Աշխատանքային օրենսդրության շրջանակներում, և հանձնաժողովը շարունակում է համարել, որ այս տարի ՀԷՑ-ի գույքը մաշվելու է երկու անգամ արագ, քան նախորդ տարի, խցկել է լրացուցիչ 183 մլն դրամ ինկասացիոն ծառայությունների վրա կատարվելիք ծախսերի հոդվածում և այլն:

Ինչպես տեսնում ենք, մինչև հունիսի 17-ը բոլոր թվերը կարող են փոխվել, բացի 7-ից՝ սակագնի թանկացման չափից: Դրանից էլ լավ աճպարարությո՞ւն, Դևվիդ Կոպերֆիլդ !!!

Վահան Քերոբյան

Հեղինակը գործարար է, Menu.am նախագծի հիմնադիրը

Մեկնաբանել