ՀԷՑ-ը չի գմփա, խոստանում է Ռոբերտ Նազարյանը

MHM96580 copy

«ՀԷՑ-ը չի գմփա, խոստանում եմ ձեզ». Ազգային ժողովում էլեկտրաէներգիայի թանկացման հարցով լսումներին այսօր հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին:

Փաշինյանը, նշելով, որ Հայաստանի բնակչությանը հոսանք մատակարարող միակ, մոնոպոլիստ ընկերությունում՝ ՀԷՑ-ում [«Հայաստանի էլեկտրական ցանցեր»], ծանր պատկեր է, Նազարյանին հարց ուղղեց. «Եթե մի օր արթնանանք և տեսնենք, որ այդ ընկերությունը գմփացել է, ի՞նչ պետք է անենք: Մենք միայն արձագանքողի դերում ենք»: Փաշինյանը նշեց, որ էլեկտրաէներգիայի թանկացման ՀԷՑ-ի հայտում կորուստները նշված են 12 տոկոս, ինչը էապես մեծ է միջազգային ցուցանիշներից, և հետաքրքրվեց, թե արդյոք ՀԷՑ-ը կորուստները նվազեցնելու պարտավորություն ունի ինչքան ներդրումներ է արել, որպեզի դրանք նվազեն:

«Թվերի հետ կապված հակասություն կա, պետք է հասկանալ: ՀԷՑ-ը դիմել  է ձեզ 26.3 մլրդ դրամ փոխհատուցում ստանալու համար, դուք անընդհատ խոսում եք 37 մլրդ-ի մասին, բայց սակագնի քննարկման փաթեթում նշվում է 23.4 մլրդ դրամը»,- նկատեց Փաշինյանը:

Նազարյանը նշեց, որ ՀԷՑ-ը շահագրգռված չէ կորուստների հարցում:

«Տեխոնոլգիական կորուստների նվազեցման հարցում ավելի շատ պետք է շահագրգռված լինենք մենք՝ որպես պետություն, իսկ եթե գնում ենք դրան, պետք է հասկանանք՝ ինչ ենք շահելու: Մի շարք երկրներում կիրառվում է հետևյալ փորձը. պետությունը սեփականտիրոջն ասում է՝ նվազեցրու կորուստները, բայց մենք 10 տարի չենք փոխի կորուստների նվազագույն նորմատիվային շեմը. Հայաստանի դեպքում դա 12 տոկոս է: Սա արվում է նրա համար, որ ընկերությունն ունենա վարկեր գտնելու, ներդրումներ անելու ստիմուլ՝ կորուստները նվազեցնելու համար: Մյուս տարբերակն այն է, որ գումար պետք է մենք գտնենք: Այլ տարբերակներ չկան», – ասաց Նազարյանը:

Ինչ վերաբերում է վնասի փոխհատուցմանը, ՀԾԿՀ պաշտոնյան նշեց, որ «2012թ. ապրիլի 1-ից 2015թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրման հաշվեկշռի փոփոխման արդյունքում ձևավոևրվել է 36,6 մլրդ դրամի վնաս, և այդ վնասից սակագնում չի փոխահոտուցվել դեռևս 23,4 մլրդ-ը, իսկ ՀԷՑ-ը իր հայտում ներկայացրել է այդ 23,4 մլրդ-ը՝ գումարած տոկոսներ, որ հանձնաժողովի կողմից չեն ընդունվել»:

***

Հայաստանում առաջիկայում հոսանքը, ամենայն հավանականությամբ, կթանկանա մոտ 7 դրամով:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համապատասխան որոշման նախագծին հավանություն է տվել հունիսի 9-ին:

Որոշման նախագծի համաձայն` ցերեկային սակագինն առաջարկվում է գործող 41.85 դրամ/կՎտժ-ից դարձնել 48.78 դրամ/ կՎտժ, գիշերայինը` 31.85 դրամ/կՎտժ-ից` 38.78 դրամ/կՎտժ:

Մայիսի 8-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը դիմել էր ՀԾԿՀ` առաջարկելով էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով: ՀԷՑ-ն առաջարկել էր ցերեկային սակագինը բնակչության համար դարձնել 58.93 դրամ/կՎտժ, գիշերայինը` 48.93 դրամ/կՎտժ: