Քարվաճառի ճանապարհը

Սփյուռքում հանգանակված գումարների մի մասը փոշիացվել է: Եվ դրա համար առաջին հերթին պատասխանատու են ոչ թե և ոչ այնքան ճանապարհաշինարարները, որքան «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Արցախի պատասխանատուները, որոնք պատշաճ ուշադրություն չեն դարձրել, թե ինչպես են ծախսվում գումարները և ինչպես է կառուցվում ճանապարհը: Սփյուռքում հանգանակված գումարների մի մասը փոշիացվել է: Եվ դրա համար առաջին հերթին պատասխանատու են ոչ թե և ոչ այնքան ճանապարհաշինարարները, որքան «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Արցախի պատասխանատուները, որոնք պատշաճ ուշադրություն չեն դարձրել, թե ինչպես են ծախսվում գումարները և ինչպես է կառուցվում ճանապարհը:

Անցնող օրերին մեկնել էի Սյունիք և Արցախ: Որոշեցի Երևան վերադառնալ Քարվաճառի ճանապարհով՝ Ստեփանակերտ – Դրմբոն (Մարտակերտի շրջան) – Դադիվանք – Սոթք – Վարդենիս (Սևանի ափ): Հայաստանում և Արցախում դժվար է գտնել մեկ այլ ճանապարհ, որն անցնելով՝ այդքան գեղեցիկ տեսարանների ես հանդիպում՝ կանաչ, սաղարթախիտ անտառներ, Թարթառ գետի մերթ հանդարտ, մերթ ոլորապտույտ, խելագառ ընթացք, Դադիվանքի հնամենի վանական համալիր, Քարվաճառի հրաշք բնություն (թվում է, թե ծառերով ծածկված ժայռերը միախառնվում են կապույտ երկնքին), ապա ալպյան մարգագետիններ ու վերջապես մեր միակ ծովը՝ Սևանա լիճը: Հայաստանում և Արցախում այսօր դժվար է գտնել մեկ այլ ճանապարհ, որն այնքան քարուքանդ վիճակում է, որքան ա՛յս ճանապարհը:

Մինչդեռ եթե Հայաստանն ու Արցախը իրար կապող, ռազմավարական և կենսական նշանակություն ունեցող այս ճանապարհը լիներ կարգին վիճակում, ապա շատերը, այդ թվում՝ զբոսաշրջիկները կնախընտրեին այս ուղին: Այս ճանապարհը այսօր հիմնովին վերանորոգվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով՝ համայն հայության հանգանակությունների շնորհիվ:

Գորիս-Ստեփանակերտ 90 կիլոմետր երկարությամբ ոլորապտույտներով ճանապարհը ևս կառուցվել է համայն հայության հանգանակություններով: Այն կառուցվել է 1990-ականների կեսերից և ավարտին հասցվել 1998-ին: Ճիշտ է, այդ ճանապարհով անցնելը հաճելի չէ, քանի որ ոլորանները կտրուկ են և չափից շատ, սակայն պետք է խոստովանել, որ ընդհանուր առմամբ, այդ ճանապարհը բարեկարգ վիճակում է և որակով է կառուցվել: Նույնը չես ասի Ստեփանակերտ-Դրմբոն ճանապարհի մասին, որը ևս կառուցվել է համայն հայության հանգանակությունների շնորհիվ: Եթե Ստեփանակերտ-Վանքի խաչմերուկ հատվածը բարեկարգ վիճակում է, ապա Վանքի խաչմերուկից մինչև Դրմբոն ճանապարհը ուղղակի քարուքանդ է: Այդ քարուքանդ վիճակը նորություն չէ: Շահագործումից մի քանի տարի անց այդ ճանապարհը շարքից դուրս եկավ, քանի որ անորակ էր կառուցվել: Այսինքն՝ Սփյուռքում հանգանակված գումարների մի մասը փոշիացվել է: Եվ դրա համար առաջին հերթին պատասխանատու են ոչ թե և ոչ այնքան ճանապարհաշինարարները, որքան «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Արցախի պատասխանատուները, որոնք պատշաճ ուշադրություն չեն դարձրել, թե ինչպես են ծախսվում գումարները և ինչպես է կառուցվում ճանապարհը:

Սփյուռքի գումարները «ջուրը չի բերել»: Դրամահավաքների ընթացքում մենք ականատեսն ենք լինում, թե ինչպես են Լոս Անջելեսի, Բեյրութի կամ Թեհրանի դպրոցականները իրենց ուտելիքի գումարները նվիրաբերում «Հայաստան» հիմնադրամին: Հանցագործություն է, երբ այդ գումարները Հայաստանում և կամ Արցախում վատնվում են: Կասկած չկա, որ այդ քանդված ճանապարհներով անցնում են նաև այն սփյուռքահայերը, որոնք հենց այդ ճանապարհի համար մեկ կամ հազար դոլար են նվիրաբերել, բայց անխիղճ և անպատասպանատու հայ պաշտոնյաների փթթածության պատճառով ստիպված են լինում անցնել փոսերով:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը երկու տարի առաջ որոշել էր «Հեռուստամարաթոն 2013-ի» դրամահավաքի միջոցները ուղղել Վարդենիս-Մարտակերտ 114 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցմանը: Վերջին երկու հեռուստամարաթոնների ընթացում հանգանակված գումարների մեծ մասը ուղղվել է հենց այդ ճանապարհի կառուցմանը: Կառուցվում է Հայաստանը Արցախին կապող նոր, երկրորդ ճանապարհը, որն անցնում է Քարվաճառի շրջանի տարածքով:

Այսպիսով, սփյուռքահայությունը և «Հայաստան» հիմնադրամը ձեռնամուխ են եղել ճանապարհաշինական երրորդ խոշոր նախագծի կենսագործմանը: Առաջինը Գորիս-Ստեփանակերտ 90 կիլոմետրանոց մայրուղին էր, երկրորդը Հյուսիս-Հարավ 160 կիլոմետրանոց ճանապարհը՝ Արցախի ողնաշարը, որը Արցախի հյուսիսային Մարտակերտ քաղաքից հասնում է մինչև հարավային Հադրութ՝ անցնելով տասնյակ բնակավայրերով: Ցավոք, ինչպես նշեցի, քարուքանդ վիճակում է այդ ողնաշարի մի երկար հատված՝ Վանքի խաչմերուկից մինչև Դրմբոն:

Ըստ նախնական հաշվարկների՝ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի վերանորոգման և վերակառուցման համար անհրաժեշտ է հանգանակել շուրջ 30 միլիոն դոլար: Այս ճանապարհով ես անցել էի նաև ուղիղ մեկ տարի առաջ: Նկատելի է, որ աշխատանքները ընթացքի մեջ են: Որոշ հատվածներ արդեն ասֆալտապատ են և բարեկարգ, ինչպես Սոթքից-Վարդենիս հատվածը: Որոշ հատվածներ արդեն խճապատ են և ուր որ է կասֆալտապատվեն: Բայց կան նաև քարուքանդ հատվածներ: Ճանապարհին ես ականատես եղա մի քանի հիդրոէլեկտրակայանների կառուցման աշխատանքների: Քավաճառի ջրային պաշարները մինչև վերջերս գրեթե չէին օգտագործվում: Այս շրջանում այնքան շատ են գետերը, որ կարող են ապահովել ոչ միայն Արցախի էներգետիկ անվտանգությունը, այլ նաև էլեկտրաէներգիա մատակարարել Հայաստանին:

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի վերակառուցումով զարգացման նոր հնարավորություններ կբացվեն Քարվաճառի ողջ շրջանի համար: Արցախյան բանակցային գործընթացում Քարվաճառի հարցը ամենից վիճելիներից է: Քարվաճառով նոր ճանապարհի կառուցումը կնշանակի նաև, որ բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերը ավելի կամրանան:

Վարդենիսից դեպի Մարտակերտ ճանապարհն անցնում է երկու տասնյակ բնակավայրերով՝ այդ թվում վերջին 15-20 տարիներին հիմնադրված նոր գյուղերով: Անկասկած, ճանապարհի վերանորոգումով այդ գյուղերը նոր շունչ կստանան: Այդ ճանապարհի վերանորոգումով Դադիվանքը կունենա հազարավոր նոր այցելուներ:

Սակայն պետք է լուրջ վերահսկողություն, որպեսզի սփյուռքի հանգանակություններով կառուցվող Մարտակերտ-Վարդենիս ճանապարհը ունենա լավ որակ և պահպանվի երկար տարիներ:

Մեկնաբանել