Շանթ Հարությունյանի պահանջը բավարարվել է

MHM90566-copy«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն այսուհետ պատիժը կկրի խցային պայմաններում՝ ներկայիս կիսաբաց ռեժիմի փոխարեն. քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը բավարարել է նրա դիմումը: Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:

Նա նշեց, որ հանձնաժողովը դրական պատասխան է տվել նաև Հարությունյանի համախոհ, ազատամարտիկ Վարդան Վարդանյանի նույն պահանջին:

Շանթ Հարությունյանը իրեն ու ընկերներին առանձին խուց տեղափոխելու պահանջով հունիսի 8-ից Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում հացադուլ էր սկսել, հաջորդ օրը նրան էր միացել Վարդան Վարդանյանը։ ՍիվիլՆեթի հարցին, թե արդյոք տեղաբաշխման հանձնաժողովի որոշումից հետո նրանք դադարեցրել են հացադուլը, Ղլեչյանը պատասխանեց, որ այդ մասին քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունն առայժմ դիմում չի ստացել:

Հունիսի 13-ին Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի ընթացքում բողոքի ակցիա էր իրականացրել. նա դուրս էր եկել խաղադաշտ` ձեռքին «Ազատություն Շանթ Հարությունյանին և Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին» գրությամբ պաստառ: Հարցին, թե արդյոք Շահեն Հարությունյանի այս ակցիան որևէ կերպ ազդել է տեղաբաշխման հանձնաժողովի դրական որոշման վրա, Ղլեչյանը չպատասխանեց` նշելով, որ «ի պաշտոնե չի մեկնաբանում նման բաները»:

***

«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը և նրա 12 համախոհները 2014թ. հոկտեմբերի 17-ին առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր ճանաչվեցին 2013թ. նոյեմբերի 5-ին զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարվա, նրա անչափահաս որդի Շահենը՝ 4 տարվա պայմանական: Շանթի հետ «արժեքների հեղափոխության» դուրս եկած 12 համախոհներից Ալբերտ Մարգարյանը դատապարտվեց վեց, Ալեք Պողոսյանը՝ չորս, Արմեն Հովհաննիսյանը` երկու, Ավետիս Ավետիսյանը և Լիպարիտ Պետրոսյանը` հինգ, Մկրտիչ Հովհաննիսյանը` չորս, Տիգրան Պետրոսյանը` մեկ, Վահե Մկրտչյանը` յոթ, Վարդան Վարդանյանը` հինգ, Սևակ Մնացականյանը մեկուկես, Հայկ Հարությունյանը չորսուկես տարվա ազատազրկման, իսկ Միսաք Առաքելյանը՝ 50 հազար դրամ տուգանքի:

Վերաքննիչ դատարանը փետրվարի 2-ին անփոփոխ թողեց Շանթի և նրա 12 համախոհների գործով առաջին ատյանի դատարանի վճիռը: Առաջին ատյանի դատարանի վճիռը անփոփոխ թողեց նաև վճռաբեկ դատարանը: Շանթի ու ընկերների գործը, ամենայն հավանականությամբ, կգնա Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Մեկնաբանել