ՄԻԵԴ-ը հայերին ու ադրբեջանցիներին առաջարկում է համաձայնության գալ

ECHR-Strasbourg Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ դատարանի Մեծ պալատը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Չիրագովը և ուրիշներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործերով որոշումները։ Գործերն առնչվում են ղարաբաղյան հակամարտության հետևանքով հայ և ադրբեջանցի փախստականների և տեղահանվածների խնդրին:

«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով դատարանը գտել է, որ Ադրբեջանի իշխանությունները թույլ են տվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված երեք հոդվածների խախտում՝ անձնական և ընտանեկան կյանքը հարգելու (հոդված 8), սեփականության պաշտպանության (հոդված 1) և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների ապահովման իրավունքը (հոդված 13)։ Նույն իրավունքների խախտումները դատարանը գտել է նաև «Չիրագովը և ուրիշներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով։

Խախտումները հաստատելուց հետո արդարացի փոխհատուցմանն անդրադառնալով՝ ՄԻԵԴ-ը «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի վերաբերյալ արձանագրում է. «Հաշվի առնելով գործի բացառիկությունը` դատարանը անդամների մեծամասնությամբ վճռեց, որ հայցադիմումի որոշումը կոնվենցիայի 41-րդ հոդվածի մասով (արդարացի փոխհատուցում) դեռ պատրաստ չէ: Հետևաբար դատարանը առկախեց հարցը և հրավիրեց երկու կողմերին տասներկու ամսվա ընթացքում ներկայացնել իրենց ուսումնասիրությունները խնդրի շուրջ և տեղեկացնել դատարանին ձեռք բերված համաձայնության մասին:»

Իսկ «Չիրագովը և ուրիշներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով արդարացի փոխհատուցման վերաբերյալ ՄԻԵԴ հաղորդագրության մեջ ասվում է, որ դատարանը պատրաստ չէ որոշում կայացնել և առկախել է հարցը հետագայում քննարկելու համար:

Գործերին ՍիվիլՆեթի առավել մանրամասն անդրադարձին ծանոթացեք այստեղ։

Մեկնաբանել