Հոսանքը կթանկանա մոտ 7 դրամով. ՀԾԿՀ-ն միաձայն որոշում ընդունեց

Էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար կբարձրանա 6.93 դրամով. համապատասխան որոշումը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) միաձայն կայացրեց հունիսի 17-ի նիստին:

Այսպիսով` ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ/ կՎտժ, գիշերայինը` 31.85 դրամ/կՎտժ-ից` 38.78 դրամ/կՎտժ: Նոր սակագինը կգօրծի օգոստոսի 1-ից:

Նախքան քվեարկությունը ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն ասաց, որ «սակագնի բարձրացումն անհրաժեշտություն է, և ինքը, լինելով հայամետ և քաղաքական շահերով չառաջնորդվող անձ, պետք է կրի այս խաչը»: Նազարյանի խոսքով` սակագնի բարձրացումը պայմանավորված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության ունեցած 23.4 մլրդ դրամի վնասով, ինչը, ըստ ՀԾԿՀ նախագահի, պայմանավորված է սակավաջրությամբ, ատոմակայանի աշխատանքի ժամանակավոր դադարով և այլ հանգամանքներով: Ըստ Նազարյանի` այս պարքտի կուտակումը ՀԷՑ-ի հետ կապ չունի:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մայիսի 8-ին դիմել էր ՀԾԿՀ` առաջարկելով էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով: ՀԷՑ-ն առաջարկել էր ցերեկային սակագինը բնակչության համար դարձնել 58.93 դրամ/կՎտժ, գիշերայինը` 48.93 դրամ/կՎտժ:

ՀԾԿՀ այսօրվա նիստին հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ի` նիստին չներկայացած տնօրեն Եվգենի Բիբինը, հունիսի 16-ի երեկոյան նամակ է ուղարկել հանձնաժողով` նշելով, որ եթե սակագինը չբարձրանա 17 դրամով, ինչպես իրենք են առաջարկում, ապա իրենց կողմից կարող է բարձրանալ արտոնագրի վերանայման հարց, և կարող են առաջանալ էլեկտրաէներգիայի մատակարարման որակի և ապահովության հետ կապված խնդիրներ:

Նիստի ավարտից հետ լրագրողները փորձեցին Ռոբերտ Նազարյանից ճշտել, թե արդյոք ՀԷՑ-ի տնօրենի նամակը չի նշանակում, որ կարող են լինել հովհարային անջատումներ: ՀԾԿՀ նախագահը հարցին չպատասխանեց և շտապեց իր սենյակ:

ՀԷՑ-ը սպառողներին առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը վերջին անգամ թանկացրել էր 2014թ. օգոստոսի 1-ին` մոտ 10 տոկոսով կամ 3,85 դրամով:

Մեկնաբանել