Ընդդեմ վիրտուալ ուռուցքի

MHM96753Ես չեմ հավատում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) մոտ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող որևէ մեկին: Ես հավատում եմ Բիբինի ցինիզմին: Այդ ցինիզմն առայժմ սարեր է շուռ տալիս և ապացուցում է իր արդյունավետությունը: Այդ ցինիզմի ստնտուն Ռոբերտ Նազարյանն ու Սերժ Սարգսյանը չեն, ՀՀ քաղաքացին է: Ես չեմ հավատում, որ թանկացումը խփում է ՀՀ քաղաքացու գրպանին: Այդ գրպանի աղքատությունը պետք է ուղիղ համեմատական լիներ այս իշխանությունների վերջին օրվան: Առայժմ նման բան չի էլ ուրվագծվում: Ես Ռոբերտ Նազարյանին ընկալում եմ որպես ազնիվ քյարփինջ, որը բանական ոչ մի պատճառ չունի Բիբինի հայտին դեմ գնալու, նույնիսկ եթե Բիբինի հայտը առաջին բառից մինչև վերջին բառը տնտեսագիտական անգրագիտություն է:

Ես համոզված եմ, որ էլեկտրաէներգիայի թանկացումը քաղաքացուն պետք է տաներ ոչ թե ՀԾԿՀ-ի դուռը,-այն էլ՝ թանկացման հրապարակման օրը,- այլ Ազատության հրապարակ թանկացման մտադրության մասին կցկտուր հրապարակման օրը, այսինքն, մարտին: Որովհետև Հայաստանի միակ խնդիրը իշխանության լեգիտիմության բացակայությունն է: Ոչ լեգիտիմ իշխանությունը քաղաքացի չունի: Նա չունի այն մեկին, որից ստացած քվեի «ստրուկն» է: Հետևաբար, անում է այն, ինչ ուզում է: Եթե իշխանությունը լիներ լեգիտիմ, թանկացման դեմ բողոքողը իրավունք կունենար գնալու լոկալ ուռուցքի դուռը, այսինքն, ՀԾԿՀ, և վերջինս էլ մտածելու բան կունենար: Բայց հիմա ի՞նչ անի Ռոբերտ Նազարյանը, որը նայում է Սերժ Սարգսյանի կողմն ու չի զգում, որ ինքը լոկալ չարորակ ուռուցք է, քանի որ, հանձին Սերժ Սարգսյանի, տեսնում է մի «զուլալ» հայացք, ինչպիսին իրենն է: Նրանք, ովքեր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքը զրկել են քաղաքական պահանջից, նրանք, ովքեր այդ բողոքի հիմնական թիրախ են ընտրել Ռոբերտ Նազարյանին և Եվգենի Բիբինին, նրանք հենց ամենահնազանդ մուծողներն են, որոնք գումարը գտնելու են նույնիսկ այն դեպքում, երբ ուղղակի մեկ լումայի տիրապետելու հեռանկար էլ չեն ունենա: Որովհետև այդ գումարը նրանք ձեռք են բերելու ստրուկի հետևողական անգրագիտությամբ՝ «ախպեր, ճարենք էդ փողը շառից, փորձանքից հեռու»:

Երբ թանկացման մասին պաշտոնական հրապարակման օրը ժողովուրդը վազում է ՀԾԿՀ-ի ուղղությամբ լոլիկներ ու ձվեր նետելու, նշանակում է հրապարակման նախորդ օրը ՀՀ քաղաքացին պարզապես չի հավատացել, ավելին, չգիտեր, որ թանկանալու է, այսինքն, իրեն պահել է այնպես, ինչպես համապետական ընտրությունների քվեարկության օրը՝ աչքս տեսնի: Այսինքն, ոչ թե չի փորձել կեղծիքի դեմն առնել, այլ կեղծիքի ճահճի մեջ «քամի է տատանել»: Այլ խոսքով, ավելի է խրվել ճահիճը: Ո՞վ լինի Բիբինի տեղը, որ ևս մեկ անգամ հանդես չգա թանկացման հայտով: Ի վերջո, ընդդիմացողն ո՞վ է: ՀՀ քաղաքացի՞ն: Ո՞վ է նա: Թիկունքում ունի՞ ընտրված իշխանություն: Ինչ որ՝ չեմ հիշում: Հետևաբար, ես՝ Բիբինս, կրկնում եմ հարցս՝ ընդդիմացողն ո՞վ է: Արձագանքը, ինչպես պոետ ընկերջոս ստիխում է գրված, «Լոլիկներ շպրտելը դատարանում դատավճիռ հրապարակած դատավորի մուրճի հարվածն է, որով նա ազդարարում է դատավարության ավարտը»:

Հայրենակիցներ, դուք պարտված եք նաև այս «պայքարում», որովհետև այդպես էլ գլխավորը երկրորդականից չտարբերեցիք: Չկա Նազարյանի հանձնաժողով և չկա Բիբին, դրանք վիրտուալ լոկալ ուռուցքներ են, որոնց քաղաքական «բժշկությունը» հրաժարվում է ճանաչել իբրև հիվանդ օրգանիզմի հիմնական սպառնալիք: Եվ միայն քաղքենի «բժշկությունն» է այդ վիրտուալ ուռուցքները համարում հիվանդի միակ ողբերգություն: Նազարյանն ու Բիբինը նույնիսկ մետաստազ չեն, մետաստազը մենք ենք, որոնց համար գոյություն ունի էլեկտրաէներգիայի թանկացման օր:

Որովհետև պետություն պատվազրկող բոլոր տականքների աշխատավարձը ձևավորվում է մեր հարկերով, ընդ որում նաև՝ ՌԴ-ում գործունեություն ծավալող ՀՀ քաղաքացիների հարկերով, մինչդեռ մենք այս մարդկանց իրավաքաղաքական գործունեության քարտ բլանշ չենք տվել: Ահա ինչու նրանք ախտորոշել են մեր հիվանդությունները, այսինքն, որ փողով քվե կտանք, որ կփախչենք երկրից նեղության դեպքում, որ մեզ կարելի է արյուն թափելով վախեցնել: Մինչդեռ մենք առ այսօր սրանց վախը չենք չափել: Սրանց դեմ մեր կռիվն այնքան վիրտուալ է, որ քիչ է մնում աստվածացնենք այդպես էլ այդ կռիվը չառարկայացնելու համար: Իսկ դուք ասում եք՝ Բիբինն ո՞վ է:

Մեկնաբանել