Երևանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի ԽՎ սեմինարը, Ադրբեջանը չի մասնակցում

Rose RothՀունիսի 18-ին Հայաստանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի և ՀՀ Ազգային ժողովի համատեղ կազմակերպած Ռոուզ-Ռոթ (Rose-Roth) 89-րդ սեմինարը՝ «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տևական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով: Սեմինարը կընթանա մինչև հունիսի 20-ը:

Ինչպես հաղորդում է ԱԺ պաշտոնական կայքը, սեմինարի ընթացքում քննարկվող թեմաներն են՝

  • «Հայաստանի համագործակցությունը եվրաատլանտյան համայնքի հետ. անվտանգություն, քաղաքականություն և տնտեսություն»,
  • ««Իսլամական պետության» վերելքը Մերձավոր Արևելքում և դրանից անդին ազդեցությունը հայկական սփյուռքի վրա»,
  • «Լեռնային Ղարաբաղ. միջնորդության դերը»,
  • «ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հարավային Կովկասում»,
  • «Բարեվարքության հաստատումն իբրև ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումների մաս»,
  • «Փակ սահմաններ. տնտեսական զարգացման, կայունության և խաղաղության մարտահրավերները»,
  • «Էներգետիկ անվտանգությունը Հարավային Կովկասում»,
  • «Քաղաքական զարգացումները և քաղաքացիական հասարակությունը տարածաշրջանում»:

Ի՞նչ է ՆԱՏՕ-ի ԽՎ Ռոուզ-Ռոթ սեմինարը

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը տարեկան անցկացնում է երեք-չորս սեմինար: Երկուսից երեք օրվա ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների խորհրդարանականները հանդիպում են ՆԱՏՕ-ի և միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչների, կառավարական պաշտոնյաների, ինչպես նաև ուղեղային կենտրոնների, ՀԿ-ների և փորձագետների հետ՝ քննարկելու անվտանգությանն առնչվող ընդհանուր կարևորության կոնկրետ հարց: Վերջին սեմինարների թեմաներն են՝ կայունությունը Արևմտյան Բալկաններում, Հարավային Կովկասի չկարգավորված հակամարտությունները, Աֆղանստանի, Կենտրոնական Ասիայի անվտանգությունը և այլն: Սեմինարների ճնշող մեծամասնությունն անցկացվում է ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների խորհրդարաններում:

ՆԱՏՕ-ի ԽՎ Ռոուզ-Ռոթ 86-րդ սեմինարն անցկացվել է Բաքվում 2014թ. հունիսին: Սեմինարին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը: Այսօր Երևանում մեկնարկած Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարին Ադրբեջանը չի մասնակցում: Դեռ մայիսին ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Զիյաֆեթ Ասկերովը, Sputnik-ի ադրբեջանական ծառայության հաղորդմամբ, հայտարարել էր, որ իր երկիրը չի մասնակցի երևանյան սեմինարին: Ասկերովի խոսքով՝ «ՆԱՏՕ-ի միջոցառումների կազմակերպումը Երևանում հարված է հասցնում Հյուսիսատլանտյան դաշինքի հեղինակությանը»:

***

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները սկիզբ են առել 1992-ին, երբ Հայաստանն անդամակցել է Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին (որը 1997-ին վերանվանվել է Եվրաատլանտյան գործընկերության խորհուրդ):

Համագործակցությունն ավելի ընդլայնվել է, երբ Հայաստանը 1994-ին միացել է Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին: 2005թ. վերջին ՆԱՏՕ-ն և Հայաստանը համաձայնության են եկել երկրի առաջին անհատական գործընկերության գործողությունների ծրագրի վերաբերյալ:

ԱԳՆ պաշտոնական տեղեկատվության համաձայն` Հայաստանը ցանկանում է խորացնել ՆԱՏՕ-ի հետ գործնական և քաղաքական համագործակցությունը, սակայն չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին:

Մեկնաբանել