Նալբանդյանն արձագանքել է երևանյան ցույցերի դիվանագիտական արձագանքին

Edward-Nalbandyan1Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ պաշտոնական Երևանը վերահաստատում է Հայաստանում ժողովրդավարությանը, հիմնարար ազատություններին և մարդու իրավունքների պաշտպանությանը իր հավատարմությունը։

Արտգործանախարարության հաղորդագրության համաձայն՝ Նալբանդյանը հայտարարությունն արել է՝ մեկնաբանելով հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հայաստանում հավատարմագրված մի քանի դեսպանությունների և որոշ միջազգային կառույցների ներկայացուցիչների արձագանքը:

«Մենք այդ արձագանքները դիտարկում ենք որպես Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված՝ մեր գործընկերների շահագրգռվածության վկայություն։

Իրավասու մարմինների կողմից վարվում է ծառայողական քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ ոստիկանության իսկ կողմից մատնանշված թերությունների շտկման ուղղությամբ, որոնց արդյունքների մասին մեր գործընկերները կտեղեկացվեն»,- ասել է Նալբանդյանը։

Հայաստանում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանությունները, ինչպես նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հունիսի 23-ին հանդես էին եկել ՀՀ ոստիկանության գործողությունները քննադատող հայտարարություններով: Հայտարարությամբ էր հանդես եկել նաև ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:

Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշման մասին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀԾԿՀ-ին հայտ էր ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու վերաբերյալ:

Բողոքի ցույցերի մասին

Ուրբաթ՝ հունիսի 19-ի երեկոյան, Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնությունը հանրահավաք հրավիրեց, որը արդյունքում վերածվեց եռօրյա նստացույցի: Ցուցարարները վերջնագիր ներկայացրին իշխանություններին՝ մինչև երկուշաբթի երեկոյան չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը: Երկուշաբթի՝ հունիսի 22-ի երեկոյան, ցուցարարները Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր: Բաղրամյան փողոցի սկզբնամասում նրանք հանդիպեցին ոստիկանական ամուր պատնեշի: Լուսադեմին ոստիկանությունը ուժի գործադրմամբ և ջրցան մեքենաներով ցրեց ցույցը՝ բերման ենթարկելով 237 քաղաքացու:

Հունիսի 23-ի երեկոյան Ազատության հրապարակում կրկին հավաքվեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները: Երկար տատանումներից հետո նրանք կրկին շարժվեցին դեպի Բաղրամյան 26 և փողոցի սկզբնամասում կրկին հանդիպեցին ոստիկանական պատնեշի:

Այս անգամ ոստիկանությունը խուսափեց ուժ կիրառելուց: Բռնությունը թույլ չտալու համար ոստիկանության և ցուցարարների միջև մարդկային պատ կազմելու եկան ԱԺ պատգամավորներ, մշակութային ու հանրային դեմքեր:

Ներկայում Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիան շարունակվում է: Ցուցարների մի մասը գիշերել է այնտեղ: Իրադրությունը ներկայում հանդարտ է: Ցուցարարները երկու շարք աղբամաններով բարիկադներ են կառուցել: Բարիկադներից մոտ 20 մ հեռավորության վրա ոստիկանության ուժերն են` մի քանի շարքով: Նրանց հետևում փշալարեր են, ջրցան մեքենա:

Մեկնաբանել