ԱՄՀ-ն հայտարարել է Հունաստանի փաստացի դեֆոլտի մասին

Greece DefaultՀունաստանը մինչև սահմանված ժամկետը՝ հուլիսի 1-ը, Արժույթի միջազգային հիմնադրամին չի վճարել 1,5 մլրդ դոլարի պարտքը: Այս մասին հայտարարված է ԱՄՀ կայքում: Դրանով կազմակերպությունը փաստացիորեն հաստատել է Հունաստանի դեֆոլտը:

«Մենք ծանուցել ենք մեր գործադիր կոմիտեին այն մասին, որ Հունաստանը ուշացրել է պարտքի մարումը  և ԱՄՀ-ից կկարողանա ֆինանսավորում ստանալ միայն պարտքը մարելուց հետո»,- ասված է ԱՄՀ պաշտոնական հաղորդագրության մեջ: Հիմնադրամը նաև հաստատել է, որ Հունաստանի իշխանություններից ստացել է պարտքի մարման ժամկետը երկարացնելու վերաբերյալ հայց, որը կդիտարկվի «սահմանված կարգով»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 1-ին Հունաստանի կառավարությունը մտադիր է Եվրախմբին ներկայացնել միջազգային վարկատուներին պարտքի ռեստրուկտուրիազացիայի վերաբերյալ նոր առաջարկ:

Եվրախմբի նախագահ Յերուն Դեյսելբլումը հայտարարել է, որ միջազգային կառույցները պատրաստ կլինեն Հունաստանի նոր առաջարկները դիտարկել միայն հուլիսի 5-ի հանրաքվեից հետո, որի ընթացքում հույները պետք է որոշեն՝ համաձա՞յն են արդյոք այն պայմանների հետ, որոնք Հունաստանի առաջ դրել են միջազգային վարկատուները՝ հերթական տրանշի դիմաց: Փորձագետները կարծում են, որ դեֆոլտի դեպքում Հունաստանը ստիպված կլինի դուրս գալ եվրոգոտուց:

Դեֆոլտի մտավախություններից ելնելով՝ Հունաստանի քաղաքացիները շարունակում են հերթ կանգնել բանկոմատների մոտ, որտեղից կարող են հանել օրական ընդամենը 60 եվրո:

Հունաստանի՝ միջազգային վարկատուների հետ բանակցությունների ձախողումից հետո հունական բանկերը հունիսի 29-ին մեկ շաբաթով փակվեցին: Երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հանրությանը կոչ է արել հանգստություն պահպանել և հայտարարել է, որ բանկային բոլոր ավանդները հուսալի վիճակում են: