Սարգսյանի շրջապատում ազատ են միայն դհոլ լինելու տեղերը

baghramyan avenueԻշխանությունը գրեթե սիրահարված է «Ոչ թալանին» շարժման տղաների անփորձությանը։ Նշանակում է՝ նրանց հետ կարելի է խոսել այլ բաներից՝ Աստծուց, թասիբից, լավ կյանքից։ Անձամբ ես կարծում եմ, որ անփորձ կարող է լինել մեկ երիտասարդը, որը մեծացել է փողոցում, չունի ծնողներ և գիրք չի թերթել։ Այսինքն, կյանքի առաջին օրից մինչև Բաղրամյան պողոտայի շարժումը ղեկավարելու օրը եղել է որբ և անկիրթ։ Այդ երիտասարդներն այդպիսի տպավորություն չեն թողնում։

Եթե փորձ չունեն, դրա համար կան մյուսները։ Ավելին, անփորձ մարդն ինչո՞ւ պետք է մերժեր Սերժ Սարգսյանի երկու հրավերները և ոտքերը թուլանար նրա՝ պայքարի ոգու հետ կապ չունեցող ուղերձից։ Նշանակում է՝ գիտեին, ունեին թեկուզ ուրիշի փորձը, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումները երբեք լավ բանի չեն բերում։ Ուրեմն, ինչո՞ւ հանդիպումներ մերժող տղաների ոտքերը թուլացան զրոյական բովանդակությամբ ուղերձից։ Որովհետև ինչ-որ բանի փորձ տղաներն այնուամենայնիվ ունեին։

Կրկնում եմ՝ ներելի էր շարժման հերն անիծելը, եթե մեկ երիտասարդ լիներ, որը հետո պարզվեր՝ վախկոտ է, ամբողջ կյանքում ծեծվել ու նվաստացվել է ու վախենում է փողոցում շատ մարդ տեսնելուց։ Սա ներելի է։ Բայց նրանք տասն էին, ունեին շրջապատ և թիկունք՝ հանձին մի քանի տասնյակ հազարի հասնող ցուցարարների։ Բայց նրանք նահանջեցին։ Սերժ Սարգսյանի ուղերձի հանդեպ նրանց «ըմբռնող» վերաբերմունքը մատնեց, որ տղաները նույնիսկ «իդեալներ» ունեն՝ հանձին Արմեն Աշոտյանի, Կարեն Ավագյանի կամ Էդուարդ Շարմազանովի։ Այսինքն, «քոքված» են։ Նշանակում է՝ նրանք ունեն լավ ապրելու նրանց փորձը։ Նրանք գիտեն, թե ուր են գնում։ Եվ երազանք են իրականացնում շարժման տեսքով։ Հասկանում են, որ այս շարժումից կարելի է կորզել սեփական բարեկեցությունը ու հենց այդ պատճառով էլ շարժումը չեն քաղաքականացնում, ասենք, իրենց հանդեպ բռնի ուժ գործադրած Վլադիմիր Գասպարյանի հրաժարականը չեն պահանջում (որպես փոքր ձեռքբերում)։ Այսինքն, բավարար գիտելիքներ ունեն լավ ապրելու ուղիների մասին։ Ինչպե՞ս։ Որովհետև ունեն ծնողներ, որոնք չեն հասցնում ապրել, ուսուցիչներ, որոնք հանրապետական են, համեմատելու բան կա։ Այսինքն, վատ և լավ կյանքի բոլոր շերտերը նրանց աչքի առաջ են։

Եվ հիմա նրանք քայլում են դեպի իրենց երազանքը՝ «Ազատության հրապարակ-Բաղրամյան պողոտա-Ազատության հրապարակ» երթուղով։ Մինչդեռ, տեսնում էին, չէ՞, թե ուրիշներն ինչպես են գալիս իրենց հետևից և օրերով գիշերում Բաղրամյան պողոտայում։ Եվ «Ոչ թալանին» շարժման տղաները հենց այս մյուսների ողբերգությունն են հունցում Գասպարյան Վլադիմիրի ասած փամփլիկ թաթիկներով, որպեսզի հատկապես իրենց համար լավ լինի։ Հետո՞։ Այսպես մտածողի ինչի՞ն է պետք փորձը, ինչի՞ն է պետք բարիկադների վրա զոհվելու գիտակցումը։ Նման բաներ չկան նրանց հաշիվներում, նրանք ուզում են լավ ապրել և լավ գիտեն, թե իրականում քանի հոգի են իրենք՝ մեկ առողջ մարդու երկու ձեռքի մատներ։ Տղերք, եթե դուք 10 հոգի եք, ուրեմն արդեն անփորձ չեք, որովհետև ունեք ծնողներ, որոնց խնդիրները ձեր աչքի առաջ են, ունեք ընկերներ, որոնք 5 հազար դրամով Սերժ Սարգսյանին քվե են տվել։ Հիմա դուք խոսում եք արյան մասին մի հռետորաբանությամբ, որից պարզ երևում է, որ դուք Վլադիմիր Գասպարյանից էլ լավ գիտեք, որ արյուն չի թափվելու։ Որովհետև Սերժ Սարգսյանի ուղերձը հավանելու պահից, ձեր սպասելիքը արյուն կամ չեղարկում չէ, ինչ-որ մեկի հրաժարական կամ շարժման սահուն մարում չէ։ Դուք ուղերձը հավանել եք և այդպիսով մտել մի դաշտ, որտեղ խոսք ու զրույցի թեման «ում ինչքանն» է։

Եթե դուք հիմա չկորզեցիք ձեր բարեկեցությունը,- պատահակա՞ն էին ուղարկել Ֆարմանյանին ու Աշոտյանին,- հետո նույնիսկ ձեր հարևանների լուռ, գլխի կես շարժումով արված ողջույնին էլ չեք արժանանա։ Դուք շտապում եք ձեզնից ինչ-որ բան ներկայացնել ճիշտ այն ոգով, որով փետրվարի 17-ից հետո Ծառուկյան Գագիկը որոշեց «մնալ» Ծառուկյան Գագիկ։ Շարժումը դեռ չի ավարտվել, այսինքն, աջից ու ձախից դեռ կարելի է խոսել «վերածննդի» մասին, դուք կարող եք հայտարարել Բաղրամյան պողոտա վերադառնալու մասին, ցանկացած պահի կարելի է ասել, որ դուք ձեր գործը պատվով կատարեցիք։ Ես կարող եմ համաձայնել, որ պատվով կատարեցիք։ Այդ դեպքում լռեք, այլևս մի խոսեք ձեր սկսածի մասին, դուք հերոսներ եք, արել եք անհնարինը՝ 7 օր փակել եք Բաղրամյանը։ Բայց դուք շարունակում եք խրտնել շարժման քաղաքականացումից, որովհետև ձեր երազանքների հետ աշխատող իշխանավորները ձեզ չեն ասի, թույլ չեն տա, որ դուք իմանաք այս երկրի մեն միակ, մինուճարիկ խնդրի մասին՝ ՀԷՑ-ը չէ մեր խնդիրը, Բիբինը չէ, Պուտինը չէ, Աստված չէ, դուք չեք, ես չեմ, Աշոտյանն ու Ֆարմանյանը չեն, տղերք։ Այս երկրի միակ խնդիրը Սերժ Սարգսյանն է, ում ձեռքը ձեր փառաբանված անփորձության բարձունքներից հրաժարվեցիք սեղմել ամբողջ երկու անգամ։ Հասկանու՞մ եք։ Եթե ձեր ատամներին հարմար չէ այդ մարդը, մի կողմ քաշվեք, մի ձայնակցեք քաղաքականացման վտանգների մասին ուրիշների դուդուկին։ Որքան տեղյակ եմ, Սերժ Սարգսյանի իշխանության ներքո, նրա «շրջապատում» ազատ են միայն դհոլ լինելու տեղերը։

Մեկնաբանել