ՀԷՑ-ի վնասները Հայաստանում գործող կարգավորման համակարգի արդյունք են. «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»

4039951 Լուսանկարում` ՀԷՑ-ի սեփականատեր «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը:

Հայաստանի էլեկտրաէներգետիկ սեկտորում առկա բարդ իրավիճակն ունի բացառապես տնտեսական, այլ ոչ թե քաղաքական պատճառներ և սեկտորի կարգավորման համակարգային խնդիրների արդյունք է: Այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանն ասել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության 100-տոկոսանոց սեփականատեր ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը:

«Հայաստանում էլեկտրաէներգետիկ ոլորտում առկա իրավիճակը բացառապես տնտեսական պատճառներ ունի, այստեղ որևէ քաղաքականություն չկա»,- ասել է Կովալչուկը:

«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի խորհրդի նախագահը հայտարարել է, որ ՀԷՑ-ի վնասները Հայաստանում գործող կարգավորման համակարգի արդյունք են:

«ՀԷՑ-ի երկարամյա վնասների առաջացումը պայմանավորված է Հայաստանում սակագների գործող կարգավորման համակարգով և էլեկտրաէներգետիկայի շուկայի գործունեության կանոններով»,- ասել է նա:

Կովալչուկի խոսքով` կարգավորման համակարգը ենթադրում է արտադրող կայանների ֆինանսավորում` ՀԷՑ-ի հաշվին, ինչպես նաև ստիպում է ընկերությանը գնել ավելի թանկ էլեկտրաէներգիա, քան դա նախատեսված է Հայաստանի հաստատված էներգետիկ բալանսով` առանց սպառողների կողմից փոխհատուցման:

Նա հավելել է, որ 11 տարվա ընթացքում սակագների ոչ բավարար բարձրացումը, Մեծամորի ատոմակայանի վերանորոգումը, ինչպես նաև Հայաստանի հիդրոէլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կրճատումը հանգեցրել է այն բանին, որ երկրի բաշխիչ ցանցերի համալիրը չի ստացել 37 մլրդ դրամի եկամուտ:

«Սա էլ հենց դարձել է ֆինանսական բարդ իրավիճակի հիմնական պատճառը»,- ասել է Կովալչուկը:

Նա նշել է, որ նախկինում ընկերությանը հաջողվում էր դրամարկղի ճեղքերը փակել փոխառությունների հաշվին, սակայն հետագա փոխառությունների համար հնարավորություններն այսօր սպառված են:

«Հաշվի առնելով դրամային միջոցների անբավարարությունը` 2014թ. սկզբից  ՀԷՑ-ը, չունենալով մատակարարվող էլեկտրաէնեգիայի դիմաց արտադրող կայաններին ժամանակին վճարելու հնարավորություն, գործում է ֆինանսական կայունության սահմանագծին»,- ասել է Կովալչուկը:

Նա հայտարարել է, որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը ողջունում է ՀԷՑ-ում աուդիտի անցկացման գաղափարը: «Վստահ եմ, որ այդ աուդիտի արդյունքում կարվեն եզրահանգումներ, որոնք կհաստատեն ոլորտում համակարգային փոփոխությունների նպատակահարմարությունը»,- ասել է Կովալչուկը:

***

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ:  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀԾԿՀ-ին հայտ էր ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու վերաբերյալ:

Հունիսի 19-ին Երևանում` Ազատության հրապարակում, մեկնարկեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերը: Հունիսի 22-ին ցույցը տեղափոխվեց Բաղրամյան պողոտա: Հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանությունը ցրեց նստացույցը՝ բերման ենթարկելով և նույն օրը ազատ արձակելով 237 քաղաքացու:

Հունիսի 24-ից քաղաքացիները Բաղրամյան պողոտայում նստացույց սկսեցին:

Հունիսի 26-ի երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ում աուդիտ կանցկացվի: Հունիսի 27-ի երեկոյան Սերժ Սարգսյանը խորհրդակցություն հրավիրեց տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ և հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում աուդիտի եզրակացության կազմումը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը` նշելով, որ ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չեն դիպչի, այլ գումարներ կգտնեն անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից:

Հունիսի 28-ի երեկոյան «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հանդես եկան հայտարարությամբ` Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին կոչ անելով երթով շարժվել Ազատության հրապարակ և այնտեղ «կայացնել խելամիտ որոշումներ»: Ցուցարարների շատ քիչ մասը հետևեց կոչին, իսկ մեծ մասը բողոքը շարունակեց Բաղրամյան պողոտայում: Ոստիկանությունը հայտարարեց, որ միջոցներ ձեռք կառնի` ցրելու Բաղրամյան պողոտայում մնացողներին, սակայն որևէ գործողության չդիմեց:

Հունիսի 30-ին «Ոչ թալանին»-ը վերադարձավ Բաղրամյան պողոտա, սակայն ոչ որպես շարժումը համակարգող խումբ:

Բաղրամյան պողոտայում քաղաքացիների նստացույցը շարունակվում է մինչ օրս: