Ջուրը չի թանկանա. «Երևան ջուր»-ը մտափոխվել է

yerevan-water«Երևան ջուր» ընկերությունը հունիսի 29-ին գրությամբ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանին: Համաձայն այդ գրության` «Երևան ջուր» ընկերության կառավարումը ստանձնած «Վեոլիա» ընկերությունը որոշում է կայացրել «չպնդել սակագնի ավելացումը և առաջարկում է այն թողնել անփոփոխ»: Այս մասին տեղեկանում ենք ՀԾԿՀ կայքից:

«Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի «Վարձակալության պայմանագրի» իրականացման 9 տարիների (2006-2015 թթ.) ընթացքում «Երևան ջուր» ՓԲԸ-ն համակարգի շահագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված իր հետևողական աշխատանքի և անընդհատ իրականացվող նախաձեռնությունների շնորհիվ կարողացել է համակարգում էլեկտրաէներգիայի ծախսը նվազեցնել ավելի քան 81%-ով, որը սպառողներին խմելու ջրի մատակարարաման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման հաշվարկում էական գործոն է:

Հաշվի առնելով այս հանգամանքը և ելնելով ներկա փուլում հանրային ծառայությունների ավելացումների պայմաններում հաճախորդների բեռը թեթևացնելու անհրաժեշտությունից` «Վեոլիա» ընկերությունը որոշում է կայացրել չպնդել սակագնի ավելացումը և առաջարկում է այն թողնել անփոփոխ»,- ասված է Ռոբերտ Նազարյանին ուղղված գրության մեջ:

ՀԾԿՀ կայքից տեղեկանում ենք նաև, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 7-ին կայանալիք նիստին կքննարկի և կվերահաստատի ջրի գործող սակագինը:

Երևանում խմելու ջրի ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագինը ներկայում 170,25 դրամ/խմ է։