«Իսլամական պետությունը» ոչնչացրել է հնագույն արձաններ Պալմիրայից

Palmyra Statues«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են խմբավորման զինյալները կոտրում հնագույն հուշարձաններ, որոնք զինյալների պնդմամբ, սիրիական Պալմիրա քաղաքից են, հաղորդում է BBC-ն:

Լուսանկարներում երևում է, որ արձանները ոչնչացվում են մի շարք մարդկանց ներկայությամբ: Ահաբեկիչների խոսքով՝ արձաններն առգրավվել են ինչ-որ մաքսանենգից, որը որպես պատիժ՝ ենթարկվել է մտրակի հարվածների:

Հուշարձանների պահպանության հարցերով սիրիական գերատեսչության ղեկավար Մաամուն Աբդուլքարիմը պատմել է, որ անցյալ շաբաթ «Իսլամական պետություն» խմբավորումը ոչնչացրել է Պալմիրայից՝ առյուծի երկուհազարամյա արձան:

Աբդուլքարիմի խոսքով՝ երեք-մետրանոց արձանի ոչնչացումը, որը հայտնի է որպես առյուծ ալ-Լաթ, ամենածանր հանցագործությունն է, որը երբևէ իրագործվել է ընդդեմ Պալմիրայի պատմական ժառանգության:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան BBC-ի հետ զրույցում պատմել է, որ Պալմիրայում ներկայում արդյունաբերական մասշտաբների թալան է իրականացվում: Նա տեղեկացրել է, որ ԻՊ զինյլաները զբաղվում եմ մաքսանենգությամբ և արվեստի նմուշներ են վաճառում՝ ծայրահեղականության և ահաբեկչության ֆինանսավորման նպատակով: Բոկովան տեղեկացրել է, որ արվեստի նմուշներից որոշները գնում են բրիտանացի հավաքորդները, սակայն որպես ապացույց՝ որևէ փաստ չի բերել:

Պալմիրան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, Մերձավոր Արևելքի ամենահայտնի ճարտարապետական համալիրներից մեկը: Ահաբեկիչները քաղաքը գրավել էին այս տարվա մայիսին: Այն ժամանակ սպանվել է ավելի քան 400 մարդ: Անցյալ ամիս ահաբեկիչներն ականապատել էին Պալմիրան, սակայն պարզ չէ՝ արդյոք նպատակը ճարտարապետական համալիրի պայթեցո՞ւմն է, թե՞ քաղաք կառավարական ուժերի մուտքի կանխումը:

Մեկնաբանել