Աղբամանների պատը դառնալու է «Լացի պատ»

Protesters of Baghramyan Avenue in sunriseԷլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյանում սկսված պայքարի ակտիվ և պասիվ մասնակիցների մեջ որոշ անհուսություն է երևում։ Ընկերներ, մի վհատվեք։ Նայեք աղբամաններին ու մի վհաատվեք։ Գլխավորն արված է՝ գծված է իշխանությունների և ժողովրդի միջև պատը։ Դա ամենակարևորն է և հիմա կհասկանաք, թե ինչու։

Պետք չէ խրտնել այն մտքից, որ օրվա մեծ մասը հրապարակը դատարկ է։ Հիացեք նրանով, որ պատը գծված է, իշխանության վախն արդեն սահմանված է, ինքը աղբամաններից է վախենում։ Դուք հասկանու՞մ եք, այս մարդիկ 17 տարի, երբ ցանկացել են, հարձակվել են ժողովրդի վրա, իսկ հիմա ռիսկ չեն անում բոլորովին անպաշտպան աղբամաններին ձեռք տալ։ Նույնիսկ օրենքի անունից ռիսկ չեն անում։ Որովհետև դրանք արդեն աղբամաններ չեն, այլ՝ պատ։ Շարժման հաջորդ փուլը պետք է լինի այդ պատի ապամոնտաժումը ժողովրդի ուժերով, որովհետև էդ պատը ժողովրդին չի կարող կազմալուծել, ինքը գնում է աշխատանքի, ընդմիջմանը սուրճ է խմում, երեկոյան կինոֆիլմ է դիտում, բայց մտքում գիտի, որ պատը կա, այն գծված է, իշխանությունը դրանից այս կողմ չի անցնի։ Դա արդեն պատ է մեր մտքերում, մեր առօրյայի զվարթուն պատն է աղբամանների տեսքով։ Էդ պատը կազմալուծելու է իշխանությանը, սա 2008-ի փետրվարյան շարժման գիտակցական հաջորդ փուլն է։ Ժողովրդի վրա կրակելու միակ գաղափարախոսն այսօր ռիսկ չի անում աղբամանին ձեռք տալ։ Իսկ եթե ռիսկ չի անում, նրա անվճռականությունն իր շրջապատին ու կողմնակիցների վրա է տարածվելու։

Իրենք առայժմ իրենց մտքում են ողբում, որ ոչինչ չեն կարող անել բոլորովին անպաշտպան և անձայն աղբամանների դեմ։ Առայժմ իրենց մտքում։ Հետո հրապարակավ են լացելու։ Սրանք կոտրվելու են, նույնիսկ եթե հրապարակ ոչ մեկը չգա։ Գլխավորը, որ աղբամանները մնան իրենց տեղում։ Էդ աղբամանների պատը դառնալու է սրանց «Լացի պատը»։ Առայժմ գուցե տեքստ չունեք, ժողովուրդ, առայժմ գուցե ստրատեգիա ու գաղափար չունեք, թե ինչ է լինելու։ Մի՛ վհատվեք։ Ավելին, մոռացե՛ք, թե ինչի համար էիք հավաքվել։ Կարող եք նույնիսկ այնտեղ միայն կրկեսային բեմականացումներ անել։ Գլխավորը, որ իշխանությունը չկարողանա մատով դիպչել աղբամաններին։ Էդ պատը պետք է դառնա ձեր կենցաղը մինչև հասունանա «ինքնաապամոնտաժման» պահը, մինչև պատը «հալվի»։ Բայց առայժմ դա ձեր և նրանց հայ-ադրբեջանական սահմանն է, որտեղ ճաշակի հարց է, թե ովքեր են հայերը և ովքեր են ադրբեջանցիները։

Իրենք առայժմ միայն աղբամաններ են տեսնում, որովհետև դուք համառորեն խուսափում եք ձեր շարժումը քաղաքականացնելուց։ Որտեղ պատ, այնտեղ քաղաքականություն։ Դուք առայժմ սա կարող եք չհասկանալ։ Առայժմ իշխանությունը կարող է հուսալ, որ աղբամաններ են, «կմթնեն, անց կկենան»։ Իշխանության այս ինքնավստահությունից թող քաղաքականությունից գլուխ չհանելու ձեր տիտանական անփորձությունը չխրտնի։ Իշխանությունն ինքն է ձեզ կերակրում քաղաքական փորձով։ Իրեն թվում է, թե իր դիմացն աղբաման է, երբ ուզենա, կարող է հեռացնել։ Բայց հենց դուք էլ այդտեղ միայն աղբաման տեսաք, դուք կդառնաք ապամոնտաժման նրանց հիմնական գործիքը, դա ձեզանով կարվի, որովհետև, ընդունեք, աղբամանի տեղը փողոցի մեջտեղում չէ։ Իսկ պատը փողոց չի հարցնում, քանի որ այն կանգնեցվում է գլխում։ Այսօր ձեր գլխում է, վաղն՝ իշխանության։ Մյուս օրը նրանք կհասկանան, որ խնդիրն ամեն գնով ապամոնտաժելը չէ։ Պատմությունը պատերի քանի՞ օրինակ գիտի, որոնք փլուզվել են։ Դրանք այսօր էլ են կանգնեցվում, որովհետև կողմերից մեկը պարզապես լուծում չի տեսնում։ Հենց լուծումը հասունանում է, պատը «հալվում» է։

Ձեր հիմնական զենքը դուք չեք, նույնիսկ պատը չէ, այլ՝ իշխանությունը։ Որովհետև արդեն գիտեք, թե ում հետ են ձեր հաշիվները։ Իսկ իշխանությունը չգիտի, թե ինչպես վարվի ձեզ հետ, որովհետև մեթոդի մասով դուք արդեն հաղթել եք, ինքն արդեն մկան ծակին հազար թուման է ասել։

Երկու օր առաջ Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցությունն ամբողջ կազմով տրամադրություն չուներ։ Որովհետև չգիտեն, թե ինչ իրավիճակ է՝ կարծես թե փողոցում մարդ չկա, բայց ոստիկանությունը վճռականություն չունի աղբամաններին մատով դիպչելու։ Ինքը չգիտի, թե ինչպես վարվի աղբամանների հետ (քանի որ տեսածն աղբաման է, ոչ թե պատ)։

Մի՛ վհատվեք այն փաստից, որ իշխանությունն այլևս որևէ կերպ չի արձագանքում ձեր պայքարին, որը ձեզ էլ տեսանելի չէ։ Ինքը ձեր մասին չի մտածում, ինքը մտածում է աղբամանների մասին։ Ինքը էդ աղբամանների մեջ պատ տեսնելու գիտակցության ճանապարհին է։ Պատը չեն քանդում, եթե համաձայնությունը երկկողմանի չէ։ Ինքը չի կարողանում էդ աղբամաններն ապամոնտաժեկ, որովհետև հեսա-հեսա պատ է տեսնելու դրանց մեջ։ Որպես աղբաման ռիսկ չի անում ապամոնտաժել, որպես պատ պատկերացում չի ունենալու ընդհանրապես իր ապագայի։ Որովհետև պատը քանդելուն արդեն բանակցություններն էլ չեն օգնի՝ ձեր մի մասը մահմեդական չէ, ռուս չէ, թուրք կամ ադրբեջանցի չէ, «Իսլամական պետության» անդամ չէ, որպեսզի այս ամենից քաղաքացիական բախումներ սկսվեն։ Պարզապես այս երկրի աղբը հանրապետականն է, որից ազատվելու համար, նույնիսկ ի հեճուկս «Սանիտեկի», արդեն կազմ ու պատրաստ են պատի «մենթալիտետով» աղբամանները։