Հույներն ասացին՝ ոչ

imageԿիրակի Հունաստանում կայացած հանրաքվեին մասնակցածների 61.3 տոկոսը դեմ է քվեարկել միջազգային վարկատուների կողմից Հունաստանին հերթական անհապաղ վարկը տրամադրելուն, հաղորդում է BBC-ն: Հանրաքվեին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 62.5 տոկոսը:

Իշխող «Սիրիզա» կուսակցությունը կոչ էր արել դեմ քվեարկել՝ վարկատուների պահանջները որակելով «նվաստացուցիչ», իսկ այս տեսակետի հակառակորդները պնդում են, որ դեմ քվեարկելը կարող է հանգեցնել եվրոգոտուց Հունաստանի դուրս գալուն:

Կիրակի ուշ երեկոյան, երբ արդեն հայտնի էին հանրաքվեի նախնական արդյունքները, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ իր համաքաղաքացիները քվեարկել են «ժողովրդավար և համերաշխ Եվրոպայի համար»:

«Վաղը Հունաստանը կվերադառնա բանակցությունների սեղանին, և մեր գլխավոր նպատաակն է լինելու երկրի ֆինանսական կայունության վերականգնումը: Այս անգամ մենք քննարկելու ենք մեր պարտքը»,- իր հեռուստաուղերձում ասել է վարչապետ Ցիպրասը՝ հավելելով, որ «ԱՄՀ-ի այս շաբաթ հրապարակած զեկույցը հաստատում է հույների կարծիքը պարտքը վերակառուցելու անհրաժեշտության մասին»:

Եվրամիության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների համոզմամբ՝ հույների ընտրությունը նշանակում է, որ նրանք պարզապես հրաժարվում են վարկատուների հետ բանակցություններից:

Եվրախմբի [Եվրախումբը եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարներից կազմված մարմին է] ղեկավար Յերուն Դեյսելբլումը հայտարարել է, որ Հունաստանում հանրաքվեի արդյունքները «շատ տխուր հետևանքներ կունենան Հունաստանի ապագայի վրա»: Իսկ Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելն ասել է, թե դժվար է պատկերացնել՝ ինչպես են վերսկսվելու բանակցությունները Հունաստանի հետ: Փոխկանցլերը նաև ասել է, որ Ցիպրասն ու նրա կառավարությունն իրենց երկիրը տանում են «դառը օտարման և անհուսության»:

Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հրաժարական է տվել, հաղորդում է Reuters-ը: Նա ասել է, թե իրեն հայտնի է դարձել, որ Եվրախումբը «ցանկալի» չի համարում իր ներկայությունը բանակցություններին:

Եվրոպական արձագանք

Եվրոպացի մի շարք պաշտոնյաներ դրական են արտահայտվել հանրաքվեին՝ ասելով, որ ժամանակն է շարունակելու ընդհատված բանակցային գործընթացը:

«Հիմա իսկական ժամանակն է կրկին փորձել համաձայնագիր կնքել,- Թվիթերի իր էջում գրել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլիոնին,- սակայն հունական լաբիրինթոսից դժվար է դուրս գալ, Եվրոպան առայժմ թույլ է և անկարող տնտեսական աճի»:

Բելգիայի ֆինանսների նախարար Յոհան վան Օվերտվելդտը հայտարարել է, որ դուռը նախկինի նման բաց է, և Հունաստանի հետ բանակցությունները հնարավոր է վերսկսել բառացիորեն առաջիկա ժամերին:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կոլդ Յունկերը հայտարարել է, որ արդեն քննարկումներ է անցկացնում եվրոգոտու երկրների ղեկավարների հետ, իսկ երկուշաբթի առավոտյան հեռախոսազրույց կունենա Եվրամիության և Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) ներկայացուցիչների հետ:

Այսօր Հունաստանի հարցով Փարիզում սպասվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը:

Եվրահանձնաժողովը, ինչպես նաև ԱՄՀ-ն և ԵԿԲ-ն Հունաստանի երեք հիմնական վարկատուներն են: Նրանք Հունաստանից պահանջում են բարձրացնել հարկադրույքները և կրճատել սոցիալական հատկացումները, որպեսզի կարողանա պարտքը սպասարկել:

Այս տարվա հունվարին Հունաստանում իշխանության եկած «Սիրիզա» կուսակցությունը դեմ է խնայողության խիստ միջոցառումներին և վարկատուների առաջարկը կոչել է «վերջնագիր»:

Մեկնաբանել