Մոսկվան զինելու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին

baku military paradeՀունիսի վերջերին Մոսկվայում Ռուսաստանի Գորչակովի հիմնադրամը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ գործակցաբար կազմակերպել էր «ՀԱՊԿ-ը և անվտանգության գլոբալ մարտահրավերները» խորագրով խորհրդաժողով, որտեղ Հայաստանից, որպես հիմնական զեկուցող, հրավիրել էին տողերիս հեղինակին:

ՀԱՊԿ-ը ստեղծվել է 1992-ի մայիսին և Արևմուտքում ընկալվում է հակակշիռ կազմակերպություն ՆԱՏՕ-ին: Այսօր ռազմաքաղաքական այս կազմակերպությանը անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Տարբեր ժամանակներում ՀԱՊԿ-ի անդամ են եղել նաև նախկին ԽՍՀՄ այլ հանրապետություններ, ինչպես Ադրբեջանն ու Վրաստանը, սակայն ինչ-ինչ պատճառներով հեռացել են կառույցից:

Հայաստանում, այդ թվում երբեմն նախագահի մակարդակով և հրապարակավ դժգոհել են ՀԱՊԿ-ի գործունեությունից, սակայն մյուս կողմից՝ երբեք չի քննարկվել այդ կազմակերպությունից հեռանալու հարցը: Ակնհայտ է, որ Հայաստանի անվտանգության ապահովման գործում ՀԱՊԿ-ը և այդ կառույցի ողնաշարը՝ Ռուսաստանը, կարևորագույն դեր են կատարում:

Իմ ելույթում ես չխուսափեցի իրերն անվանել իրենց անուններով, այն է՝ մի կողմից ընդունել, որ առանց ՀԱՊԿ-ի Հայաստանը միայնակ կմնա և առավել ուժեղ կզգա ադրբեջանական և թուրքական սպառնալիքներն ու վտանգը, մյուս կողմից՝ դիվանագիտական բառապաշարով, բայց բավական սուր քննադատեցի ՀԱՊԿ-ի անդամ երկրների գործունեությունը:

Ռուսաստանը շարունակում է զինել Ադրբեջանին, մի պետության, որը հրապարակավ հայտարարում է Հայաստանի և Արցախի դեմ նոր պատերազմ սկսելու իր մտադրությունների մասին: Ընդ որում, Ադրբեջանը Ռուսաստանից ոչ միայն պաշտպանողական զենքեր է գնում, այլև հարձակողական, որոնց գործածությունը Հայաստանի և Արցախի համար կարող են ունենալ աղետալի հետևանքներ: Ի պատասխան, ռուս փորձագետները նշում էին, որ Ադրբեջանը Ռուսաստանի համար կարևոր պետություն է, Մոսկվան Բաքվին զենք է վաճառում՝ հաշվի առնելով իր տնտեսական շահերը:

Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, Ռուսաստանից զենք գնում է զեղչով՝ գրեթե գործարանային գնով: Ադրբեջանը Ռուսաստանից նույն զենքը գնում է միջազգային շուկայի գներով: Մի քանի օր առաջ Հայաստանի խորհրդարանը հավանություն տվեց Ռուսաստանից 200 միլիոն դոլարի վարկ վերցնելու պայմանագրին, որը նախատեսված է ռուսական արտադրության նորագույն սպառազինություններ, մասնավորապես «Իսկանդեր-Մ» տեսակի հրթիռային համակարգեր գնելու համար: Չկա որևէ երաշխիք, որ Ադրբեջանը ևս Ռուսաստանից չի գնի «Իսկանդեր-Մ» տեսակի հրթիռային համակարգեր:

Բելառուսը այն երկրների տասնյակում է, որը վերջին տարիներին զենք-զինամթերք է վաճառել Ադրբեջանին: ՀԱՊԿ-ի անդամ կենտրոնասիական երեք հանրապետությունները՝ Տաջիկստանը, Ղրղզստանը և առաջին հերթին՝ Ղազախստանը, միջազգային տարբեր հարթակներում, որքան էլ անտրամաբանական է, աջակցում են Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի, երբ խոսք է լինում ղարաբաղյան հակամարտության մասին: Հասկանալի է, որ այս երեք հանրապետությունները Ադրբեջանին աջակցում են՝ հաշվի առնելով իսլամական համերաշխությունը: Հայաստանի համար ընդունելի կլիներ, եթե մահմեդական այդ հանրապետությունները Արցախի հարցում չեզոք դիրքորոշում որդեգրեին, հաշվի առնելով այն իրողությունը, որ Հայաստանի հետ նույն կառույցի՝ ՀԱՊԿ-ի անդամ են:

Հայաստանը, սակայն, այլընտրանք չունի և ստիպված է մնալու ՀԱՊԿ-ի կազմում, եթե այդ կազմակերպության երկու անդամները՝ Ռուսաստանն ու Բելառուսը շարունակեն զինել Ադրբեջանին, իսկ մյուս երեք անդամները Բաքվին աջակցեն միջազգային հարթակներում: Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին կարող է մտածել, երբ չունենա խնդիրներ Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

Իմ ելույթում ես հիշեցրի 1992-1993 թվականները, երբ Թուրքիան սպառնում էր ներխուժել Հայաստան: Անկասկած, թուրքական ուժերը կանցնեին Ախուրյանն ու Արաքսը, եթե Հայաստանը չլիներ ՀԱՊԿ անդամ, մեր երկրում տեղակայված չլիներ ռուսական 102-րդ ռազմակայանը, իսկ Թուրքիա-Հայաստան սահմանի երկայնքով կանգնած չլինեին ռուս սահմանապահները: Իր հերթին, Ադրբեջանը նոր պատերազմ չի սկսում Արցախի և Հայաստանի դեմ, քանի որ Բաքվի համար հասկանալի չէ, թե ինչպիսին կլինի Մոսկվայի արձագանքը: Եթե Ադրբեջանը վստահ լինի, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ն չեն միջամտի, ապա պատերազմը կլինի անխուսափելի:

Ի դեպ, ՀԱՊԿ-ի կանոնադրության 4-րդ հոդվածն ասում է, որ եթե կազմակերպության անդամ երկրներից մեկը ենթարկվում է ագրեսիայի, ապա դա համարվում է ագրեսիա ՀԱՊԿ-ի անդամ մյուս պետությունների դեմ: Ինչպիսի՞ն կլինի ՀԱՊԿ-ի դիրքորոշումը, եթե Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա: Այս հարցը չունի միանշանակ պատասխան: Դե յուրե Արցախը Հայաստանի մաս չէ, հետևաբար՝ ՀԱՊԿ-ը պարտավորություն չունի պաշտպանել Արցախին: Մյուս կողմից, Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակում նշանակում է հարձակում Հայաստանի վրա, քանի որ Հայաստանը պաշտպանելու է Արցախին:

Խորհրդաժողովի ընթացքում ունեցած ելույթներում ռուս փորձագետները և վերլուծաբանները նշում էին, որ Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին, քանի որ այդ երկիրը լավ գնորդ է և վճարում է:

Մոսկվայում կայացած չորսօրյա խորհրդաժողովի ընթացքում հնարավորություն ունեցանք շփվելու ռուս հայտնի լրագրողների, փորձագետների, քաղաքագետների հետ, այցելել ՀԱՊԿ-ի քարտուղարություն, զրուցել ՀԱՊԿ-ում Ռուսաստանի և Հայաստանի մշտական ներկայացուցիչների, ռուս պաշտոնյաների հետ:

Մեկնաբանել