Բաղրամյանի երթևեկությունն այսօր կվերականգնվի. ոստիկանություն

SM_PoliceՈստիկանությունը հուլիսի 6-ին հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ «պատրաստվում է այսօր վերականգնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ խաթարված երթևեկությունը, այդ թվում՝ դրան խոչընդոտող առարկաները պողոտայի երթևեկելի հատվածից հեռացնելու միջոցով»:

Հայտարարությունում ասված է, որ չնայած այն հանգամանքին, որ ոստիկանությունը անօրինական հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին առաջարկել էր ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի արգելափակումը, այդ հորդորները վերջին մի քանի օրերի ընթացքում ամբողջությամբ անտեսվել են:

«Այդուհանդերձ, ոստիկանությունը ևս մեկ և վերջին անգամ առաջարկում է հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին` այսօր մինչև ժամը 12.30-ը ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի արգելափակումը: Հակառակ դեպքում, ժամը 12.30-ից սկսած ոստիկանությունը դա կիրականացնի իրեն վերապահված լիազորությունների գործադրման միջոցով:

Ոստիկանությունը հայտարարում է նաև, որ վերոնշյալ գործողությունները նպատակաուղղված չեն լինելու հավաքի դադարեցմանը, եթե այն շարունակվելու է Բաղրամյան պողոտայի ոչ երթևեկելի հատվածում և չի խոչընդոտելու դրա բնականոն ընթացքին»,- ասված է հայտարարությունում:

ՍիվիլՆեթը ժամը 12:30-ից ուղիղ հեռարձակում կապահովի Բաղրամյան պողոտայից: Ուղիղ եթերին կարող եք հետևել այստեղ:

***

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ:  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀԾԿՀ-ին հայտ էր ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու վերաբերյալ:

Հունիսի 19-ին Երևանում` Ազատության հրապարակում, մեկնարկեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերը: Հունիսի 22-ին ցույցը տեղափոխվեց Բաղրամյան պողոտա: Հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանությունը ցրեց նստացույցը՝ բերման ենթարկելով և նույն օրը ազատ արձակելով 237 քաղաքացու:

Ջրցան մեքենայի, քաղաքացիական հագուստով ոստիկանների մասնակցությամբ իրականացված ոստիկանական գործողությունից իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս տուժել ու բերման էին ենթարկվել նաև մի շարք լրագրողներ: Ոստիկանները կոտրել էին նրանց աշխատանքային տեխնիկան, առգրավել տեխնիկայի և հեռախոսների հիշողության քարտերը:

Հունիսի 24-ից քաղաքացիները Բաղրամյան պողոտայում նստացույց սկսեցին:

Հունիսի 26-ի երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ում աուդիտ կանցկացվի: Հունիսի 27-ի երեկոյան Սերժ Սարգսյանը խորհրդակցություն հրավիրեց տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ և հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում աուդիտի եզրակացության կազմումը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը` նշելով, որ ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չեն դիպչի, այլ գումարներ կգտնեն անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից:

Հունիսի 28-ի երեկոյան «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հանդես եկան հայտարարությամբ` Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին կոչ անելով երթով շարժվել Ազատության հրապարակ և այնտեղ «կայացնել խելամիտ որոշումներ»: Ցուցարարների շատ քիչ մասը հետևեց կոչին, իսկ մեծ մասը բողոքը շարունակեց Բաղրամյան պողոտայում: Ոստիկանությունը հայտարարեց, որ միջոցներ ձեռք կառնի` ցրելու Բաղրամյան պողոտայում մնացողներին, սակայն որևէ գործողության չդիմեց:

Հունիսի 30-ին «Ոչ թալանին»-ը վերադարձավ Բաղրամյան պողոտա, սակայն ոչ որպես շարժումը համակարգող խումբ:

Բաղրամյան պողոտայում քաղաքացիների նստացույցը` քիչ թվով մարդկանց մասնակցությամբ, շարունակվում է մինչ օրս: Թեև հուլիսի 1-ի երեկոյան ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ Բաղրամյան պողոտայում հավաքն այլ վայր չտեղափոխելու դեպքում «ոստիկանությունը ստիպված կլինի ամբողջ ծավալով գործադրել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները», գիշերվա ընթացքում ցուցարարների նկատմամբ ուժ չկիրառվեց:

Հուլիսի 2-ի առավոտյան ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից հեռացրեց ջրցան մեքենան ու զրահատեխնիկան:

Այսօր ժամը 21:00-ին լրանում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը: Հուլիսի 4-ի երեկոյան նախաձեռնության անդամներից Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ իրենց պահանջների չկատարման դեպքում հուլիսի 6-ից սկսելու են «Մեկ քայլ առաջ» բողոքի ակցիան՝ ամեն օր Բաղրամյան պողոտայում առաջ տանելով որպես բարիկադ ծառայող աղբամանները: