Հուլիսի 6-ի զարգացումները` ուղիղ. թարմացվող

ՍիվիլՆեթը հուլիսի 6-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի շարունակվող ցույցը ներկայացնում է հակադարձ ժամանակագրությամբ: Ցույցերը կարող եք դիտել նաև ՈՒՂԻՂ հեռարձակմամբ:

18:20

Ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, որ Բաղրամյան պողոտայից այսօր ոստիկանության տարածքային բաժիններ բերված բոլոր 46 անձինք ազատ են արձակվել:

Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Հուլիսի 6-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բարձրախոսով հայտարարությամբ դիմել է Բաղրամյան պողոտայում գտնվող հավաքի մասնակիցներին: Հայտարարության գրավոր տեքստը առձեռն տրամադրվել է հավաքի մասնակիցներին:

Մասնավորապես, ոստիկանությունը հավաքի փաստացի կազմակերպիչներից և մասնակիցներից պահանջել է վերացնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ տևող արգելափակումը և հեռացնել աղբամանները: Ոստիկանության պահանջը կատարելու համար սահմանվել էր կոնկրետ ժամ՝ 12.30:

Ոստիկանության օրինական պահանջի հերթական անտեսումից հետո որոշում է կայացվել վերականգնել խախտված երթևեկությունը Բաղրամյան պողոտայում, ապամոնտաժվել և հեռացվել են աղբամանները, տարածքը մաքրվել է «Սանիտեկ» ընկերության աշխատակիցների կողմից:

Բաղրամյան պողոտայի երթևեկությունը վերականգնվել է:

Բաղրամյան պողոտայից ոստիկանության տարածքային բաժիններ են բերվել 46 անձ:

Բոլորը ազատ են արձակվել:

Նշված գործողությունների ընթացքում ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ հատուկ միջոցներ չեն գործադրվել»:

15:20

Բաղրամյան պողոտայից այսօր բերման է ենթարկվել 40 մարդ, ՍիվիլՆեթին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

14:10

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող նախաձեռնության անդամներից Արթուր Հարությունյանն ասաց, որ իրենք պահանջում են ազատ արձակել Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված քաղաքացիներին: Նա նշեց, որ այսօր 19:00-ին հավաքվելու են Ազատության հրապարակում` որոշելու իրենց հետագա քայլերը:

14:00

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ներկայացրել է հունիսի 23-ին ոստիկանության գործողությունների վերաբերյալ իր վերջնական գնահատականը` համարելով դրանք ընդհանուր առմամբ ոչ իրավաչափ: Կարեն Անդրեասյանի հայտարարությունն ամբողջությամբ` ստորև:

Հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում տեղի ունեցած զանգվածային դեպքերի առնչությամբ մենք մի շարք հարցերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում էինք խնդրել Ոստիկանությունից: Վերլուծելով Ոստիկանությունից 2015թ. հուլիսի 3-ին ներկայացված պարզաբանումները, համադրելով դրանք հրապարակված տեսանյութերի և մեր կողմից արձանագրված փաստերի հետ` հունիսի 23-ի Ոստիկանության գործողությունները համարում ենք ընդհանուր առմամբ ոչ իրավաչափ և ստորև ներկայացնում ենք արձանագրված խախտումներն` ըստ դրանց մտահոգիչ լինելու աստիճանի:

Մինչ առանձին խնդիրներին անդրադառնալը՝ հարկ ենք համարում ընդգծել նաև, որ դրական ենք գնահատում հավաքի մյուս օրերին Ոստիկանության հանդուրժողական գործելաոճը, օրինապահությունը, ցուցարարների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցների չկիրառումը և հավաքի մասնակիցների անվտանգությունն ապահովելուն ուղղված հետևողական ջանքերը:

Ոստիկանության գործողությունների վերաբերյալ մեր դիրքորոշման հիմքում ընկած են հետևյալ խնդիրները.

1. Քաղաքացիական հագուստով մի շարք ոստիկաններ օրենքի խախտմամբ մասնակցել են հունիսի 23-ի գործողություններին, ոչ իրավաչափ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ, խախտել Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները:

«Ոստիկանության մասին» օրենքը պարտավորեցնում է Ոստիկանության ծառայողներին հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են Ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ: Սակայն Ոստիկանության բազմաթիվ ծառայողներ ոչ միայն չեն կրել սահմանված ձևի համազգեստ, այլև հագուստի վրա չեն ունեցել նույնիսկ որևէ տարբերանշան, որը հնարավորություն կտար առանձնացնելու նրանց: Բազմաթիվ դրվագներում ցուցարարներին բերման ենթարկելիս քաղաքացիական հագուստով ծառայողները նրանց նկատմամբ կիրառել են բռնություն, որը որևէ կերպ պայմանավորված չի եղել կոնկրետ իրավիճակում ցուցարարների ագրեսիվ վարքագծով և Ոստիկանության կողմից ակնկալվող նպատակի իրագործմամբ: Դեռ ավելին, օգտվելով տեղում իրենց նույնականացնելու անհնարությունից` մի շարք դեպքերում այդ անձինք ցուցարարների հասցեին թույլ են տվել հայհոյանքներ, անպարկեշտ արտահայտություններ:

Կոչ ենք անում միջոցներ ձեռնարկել ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորած քաղաքացիական հագուստով ոստիկաններին խիստ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:2. Ոստիկանության ծառայողները խոչընդոտել են զանգվածային լրատվամիջոցների գործունեությանը, ուժ գործադրել լրագրողների նկատմամբ և բերման ենթարկել նրանց, վնասել նրանց տեխնիկական միջոցները:

Լրագրողական գործունեության ազատությունը ներառում է նաև հավաքներն ազատորեն լուսաբանելու իրավունքը: Ընդ որում, իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, լրագրողը՝ որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է ՀՀ օրենսդրությամբ: «Հավաքների ազատության մասին» օրենքն ամրագրում է, որ հավաքի լուսաբանման նպատակով ներկա գտնվող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները հավաքի մասնակիցներ չեն: Դեռ ավելին, Ոստիկանությունը պարտավոր է աջակցել իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներին, ապահովել նրանց պաշտպանությունը ցանկացած ոտնձգությունից: Մինչդեռ Ոստիկանության ծառայողներն իրենք հունիսի 23-ին բազմաթիվ դեպքերում արգելել են տեսանկարահանումներ կատարելը, այդ թվում` ֆիզիկական ուժ գործադրելով, առանց որևէ պատճառաբանության բերման են ենթարկել նրանց: Ինչ վերաբերում է լրագրողների տեխնիկական միջոցները վնասելուն, ապա այդ դեպքերի կապակցությամբ Ոստիկանությունն ընդհանրապես որևէ պատճառաբանություն չի ներկայացրել: Այդպիսի գործելաոճը հակասում է Ոստիկանության՝ մարդկանց և նրանց գույքը պաշտպանելու հիմնարար նպատակին, առավել ևս, երբ խոսքը մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների մասին է:

Կոչ ենք անում վերականգնել լրագրողներին պատճառված նյութական վնասները, խիստ պատասխանատվության ենթարկել լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտած Ոստիկանության ծառայողներին:

3. Բաղրամյան պողոտայում, իսկ այնուհետև` Ազատության հրապարակում գտնվող ցուցարարներին հատուկ միջոցի` ջրանետի և ֆիզիկական ուժի կիրառմամբ ցրելը պայմանավորված չի եղել բացարձակ անհրաժեշտությամբ:

Ոստիկանությունը պարզաբանել է, որ դեպի Նախագահի նստավայր երթն արգելելը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ օրենքն արգելում է հավաք անցկացնել Հանրապետության Նախագահի նստավայրից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է այդ հաստատության բնականոն գործունեությանը, ուստի անհրաժեշտություն է եղել ձեռնարկելու կանխարգելիչ, խափանիչ միջոցառումներ: Հարկ է նշել, որ Բաղրամյան պողոտայի այն հատվածը, որտեղ Ոստիկանության կողմից արգելափակվել էր երթը, չի կարող դիտվել ՀՀ Նախագահի նստավայրի վարչական շենքից այնպիսի հեռավորության վրա գտնվող, որն անցնելու դեպքում հավաքը կարող էր սպառնալ համապատասխան պետական մարմնի բնականոն գործունեությանը:

«Հավաքների ազատության մասին» օրենքը նախատեսում է, որ եթե հավաքն անցկացվում է իրազեկմանը վերաբերող պահանջների խախտմամբ, ապա Ոստիկանությունը պարտավոր է բարձրախոսով տեղեկացնել, որ հավաքն անօրինական է, և մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության։ Սակայն դրա հետ մեկտեղ` օրենքը նաև նշում է, որ եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա Ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին։ Թեկուզ առանց իրազեկման, բայց խաղաղ բնույթ ունեցող հավաքը ցրելու անթույլատրելիության և այդպիսի հավաքին աջակցելու Ոստիկանության պարտականության մասին նույնպիսի իրավական դիրքորոշում է արտահայտվել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում և «Հավաքների ազատության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքում:

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում իրականացվող հավաքի մասնակիցներին բերման ենթարկելը Ոստիկանությունը պատճառաբանել է նրանց արարքներում խուլիգանության հատկանիշների առերևույթ առկայությամբ, ինչի կապակցությամբ հարկ է նշել, որ Ոստիկանություն տարված բոլոր ցուցարարները, առանց որևէ պաշտոնական մեղադրանքի առաջադրման, բաց են թողնվել:

Հավաքը ցրելը կարող էր իրավաչափ դիտվել, եթե Ոստիկանությունը հիմնավոր տեղեկություններ ունենար այնպիսի առանձնահատուկ հանգամանքների մասին, ինչպիսիք են, մասնավորապես` ցուցարարների զինված լինելը, նրանց կողմից նախապատրաստվող զանգվածային անկարգությունները կամ ազգային անվտանգությանը սպառնացող հավանական գործողությունները: Սակայն Ոստիկանությունն այդպիսի տեղեկությունների տիրապետելու մասին որևէ հայտարարություն կամ նախազգուշացում չի արել: Դեռ ավելին, Ոստիկանության գործելաոճը հակասել է կամայականության արգելքի կարևորագույն սկզբունքին, քանի որ հավաքը ցրելու նույն օրը երեկոյան, հաջորդող օրերին ևս Բաղրամյան պողոտայում կրկին բազմամարդ հավաքներ են իրականացվել, սակայն, ի տարբերություն հունիսի 23-ի առավոտյան իրականացված գործողությունների՝ Ոստիկանությունը հավաքը ցրելուն ուղղված որևէ քայլ չի ձեռնարկել:

Ինչ վերաբերում է Բաղրամյան պողոտայից Ազատության հրապարակ տեղափոխված ցուցարարների նկատմամբ իրականացված բռնի գործողություններին, ապա Ոստիկանության՝ մեզ ուղղված այն պատճառաբանությունը, որ Ազատության հրապարակում գտնվող ցուցարարները կոչեր են հնչեցրել վերադառնալ Բաղրամյան պողոտա, չի բխում օրենքից: Նախ` Ոստիկանությունն ինքն է կոչ արել ցուցարարներին տեղափոխվել Ազատության հրապարակ և բացի այդ, թեկուզև չիրազեկված հավաք անցկացնելու կոչերը չեն կարող հիմք հանդիսանալ խաղաղ հավաքը ցրելու կամ դադարեցնելու համար:

Կոչ ենք անում բացառել հետագայում խաղաղ հավաքների ընթացքում Ոստիկանության պատշաճ չհիմնավորված գործողությունները, հավաքները ստիպողաբար դադարեցնել բացառապես ծանրակշիռ և հետևողական պատճառաբանությունների և հիմնավորումների առկայության դեպքում, այն էլ բացառիկ դեպքերում:

4. Երևանի Ոստիկանության առանձին բարձրաստիճան սպաներ որոշ դեպքերում անտեսել են Ոստիկանության գործունեության ապաքաղաքականացվածության և բացառապես օրենքով նախատեսված խնդիրների շրջանակներում գործելու պահանջը:

Ոստիկանության գործունեությունը կարգավորող իրավական ակտերն արգելում են ոստիկանին ծառայողական պարտականություններն իրականացնելիս քաղաքական դիրքորոշումներ կամ տեսակետներ արտահայտել, քաղաքական որևէ երևույթի, գործընթացի կամ դրանցում ներգրավված անձանց վերաբերալ վերաբերմունք քարոզել կամ գնահատականներ հնչեցնել: Մինչդեռ հավաքի առաջին իսկ օրերից տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից ցուցարարների և նրանց գործողությունների վերաբերյալ հնչեցվել են ոչ իրավական բնույթի` քաղաքական կամ անձնական տեսակետներ: Մասնավորապես, բարձրատիճան սպան ցուցարարներին հորդորել է ընդունել իշխանությունների առաջարկը, վերանայել հավաքի մարտավարությունը կամ առանձին խորհուրդներ տվել ոստիկանության իրավասություններից դուրս խնդիրների կապակցությամբ: Բացի այդ, նրանց կողմից հավաքի առանձին մասնակիցներ պիտակավորվել են որպես սադրիչներ (առանց իրավական հիմքերի), առանձին ցուցարարների անձնական բնույթի դիտողություններ են արվել: Կոչ ենք անում ձեռնպահ մնալ հետագայում նմանատիպ գործելաոճից:

Ոստիկանության ծառայողների ոչ իրավաչափ բոլոր գործողությունների կապակցությամբ ակնկալում ենք ինչպես Ոստիկանության, այնպես էլ ՀՀ հատուկ քննչական ծառայության մանրամասն քննությունն ու համարժեք գնահատականը:

13:25

Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվեց: Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ պողոտայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի, նրանք ոստիկանական բաժանմունքներում կմնան առավելագույնը երեք ժամ և ազատ կարձակվեն: Բերման ենթարկվածների թվի վերաբերյալ ոստիկանությունն ավելի ուշ հաղորդագրություն կտարածի:

13:17

Ոստիկանությունը ցուցարարներին հեռացրեց Բաղրամյան պողոտայի երթևեկելի մասից:

13:13

Քաղաքացիները, բռնած պողոտայի լայնությամբ կապված թելերը, նստեցին գետնին` ոտքերը խաչած:

13:08

Վալերի Օսիպյանը լրագրողներին խնդրեց ազատել պողոտայի բանուկ մասը:

12:58

ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն ասաց, որ ոստիկանությունը փորձելու է վերականգնել երթևեկությունը` հորդորների, կոչերի միջոցով: Նա ասաց, որ հատուկ միջոցներ, այլ ուժ ոստիկանությունը չի կիրառելու:

12:55

Աղբամաններն ամբողջությամբ հեռացված են պողոտայից: Երևանի աղբահանությամբ զբաղվող Sanitek ընկերության աշխատակիցները մաքրման աշխատանքներ են իրականացնում պողոտայում:

12:50

Վալերի Օսիպյանը ցուցարարներին խնդրեց միասին վերականգնել Բաղրամյան պողոտայի նակխին տեսքը, ազատել պողոտան աղբից: Ցուցարարներն ի պատասխան վանկարկեցին` «Հեռացե´ք»:

12:40

Բաղրամյան պողոտայից աղբամանները հեռացվում են: Քաղաքացիները վանկարկում են` «Ազա´տ, անկա´խ, Հայաստա´ն»: «Ամո´թ, ամո´թ»:

12:34

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Բաղրամյան պողոտայում ընթերցեց ոստիկանության ներքոհիշյալ հայտարարությունը: Նա ասաց, որ որևէ մեկը չի դադարեցնում ցուցարարների հավաքը, այլ առաջռարկում է տեղափոխվել այլ վայր, օրինակ` Ազատության հրապարակ:

12:25

Ոստիկանությունը հրաժարվեց մինչև երեկո ժամանակ տրամադրել ցուցարարներին՝ իրենց հետագա անելիքները որոշելու համար: Դավիթ Սանասարյանը «սադրանք» որակեց ոստիկանների գործողությունները:

12:15

Ոստիկանությունը պատ է կազմել Բաղրամյան պողոտայում և պատրաստվում է բացել պողոտան, հեռացնել աղբամանները:

11:55

Ոստիկանությունը հուլիսի 6-ին հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ «պատրաստվում է այսօր վերականգնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ խաթարված երթևեկությունը, այդ թվում՝ դրան խոչընդոտող առարկաները պողոտայի երթևեկելի հատվածից հեռացնելու միջոցով»:

Հայտարարությունում ասված է, որ չնայած այն հանգամանքին, որ ոստիկանությունը անօրինական հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին առաջարկել էր ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի արգելափակումը, այդ հորդորները վերջին մի քանի օրերի ընթացքում ամբողջությամբ անտեսվել են:

«Այդուհանդերձ, ոստիկանությունը ևս մեկ և վերջին անգամ առաջարկում է հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին` այսօր մինչև ժամը 12.30-ը ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի արգելափակումը: Հակառակ դեպքում, ժամը 12.30-ից սկսած ոստիկանությունը դա կիրականացնի իրեն վերապահված լիազորությունների գործադրման միջոցով:

Ոստիկանությունը հայտարարում է նաև, որ վերոնշյալ գործողությունները նպատակաուղղված չեն լինելու հավաքի դադարեցմանը, եթե այն շարունակվելու է Բաղրամյան պողոտայի ոչ երթևեկելի հատվածում և չի խոչընդոտելու դրա բնականոն ընթացքին»,- ասված է հայտարարությունում:

ՍիվիլՆեթը ժամը 12:30-ից ուղիղ հեռարձակում կապահովի Բաղրամյան պողոտայից: Ուղիղ եթերին կարող եք հետևել այստեղ:

***

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀԾԿՀ-ին հայտ էր ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու վերաբերյալ:

Հունիսի 19-ին Երևանում` Ազատության հրապարակում, մեկնարկեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերը: Հունիսի 22-ին ցույցը տեղափոխվեց Բաղրամյան պողոտա: Հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանությունը ցրեց նստացույցը՝ բերման ենթարկելով և նույն օրը ազատ արձակելով 237 քաղաքացու:

Հունիսի 24-ից քաղաքացիները Բաղրամյան պողոտայում նստացույց սկսեցին:

Հունիսի 26-ի երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ում աուդիտ կանցկացվի: Հունիսի 27-ի երեկոյան Սերժ Սարգսյանը խորհրդակցություն հրավիրեց տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ և հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում աուդիտի եզրակացության կազմումը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը` նշելով, որ ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չեն դիպչի, այլ գումարներ կգտնեն անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից:

Հունիսի 28-ի երեկոյան «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հանդես եկան հայտարարությամբ` Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին կոչ անելով երթով շարժվել Ազատության հրապարակ և այնտեղ «կայացնել խելամիտ որոշումներ»: Ցուցարարների շատ քիչ մասը հետևեց կոչին, իսկ մեծ մասը բողոքը շարունակեց Բաղրամյան պողոտայում: Ոստիկանությունը հայտարարեց, որ միջոցներ ձեռք կառնի` ցրելու Բաղրամյան պողոտայում մնացողներին, սակայն որևէ գործողության չդիմեց:

Հունիսի 30-ին «Ոչ թալանին»-ը վերադարձավ Բաղրամյան պողոտա, սակայն ոչ որպես շարժումը համակարգող խումբ:

Բաղրամյան պողոտայում քաղաքացիների նստացույցը` քիչ թվով մարդկանց մասնակցությամբ, շարունակվում է մինչ օրս: Թեև հուլիսի 1-ի երեկոյան ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ Բաղրամյան պողոտայի հավաքն այլ վայր չտեղափոխելու դեպքում «ոստիկանությունը ստիպված կլինի ամբողջ ծավալով գործադրել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները», գիշերվա ընթացքում ցուցարարների նկատմամբ ուժ չկիրառվեց:

Հուլիսի 2-ի առավոտյան ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից հեռացրեց ջրցան մեքենան ու զրահատեխնիկան:

Այսօր ժամը 21:00-ին լրանում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը: Հուլիսի 4-ի երեկոյան նախաձեռնության անդամներից Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ իրենց պահանջների չկատարման դեպքում հուլիսի 6-ից սկսելու են «Մեկ քայլ առաջ» բողոքի ակցիան՝ ամեն օր Բաղրամյան պողոտայում առաջ տանելով որպես բարիկադ ծառայող աղբամանները:

Մեկնաբանել