Սահմանադրությունը խանգարում է արմենբաշի ունենալ

Serzh SargsyanՀուլիսի 5-ը Սահմանադրության օրն է: Նորություն ասած չենք լինի, որ ասենք՝ այդ օրը ՀՀ քաղաքացիների մոտ իրական տոնի զգացողություն չկա: Պատճառները ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ են: Սակայն ամենակարևոր պատճառն այն է, որ Սահմանադրությունը ընդունման օրվանից սկսած՝ հիմնականում չի հարգվել, պարբերաբար ոտնահարվել է իշխանությունների կողմից:

Սահմանադրությունը օտագործվում է ոչ թե ժողովրդի իշխանության իրացման և իշխանություններից քաղաքացիներին պաշտպանելու համար, այլ հակառակը: Սահմանադրությունը իշխանությունների ձեռքին գործիք է սեփական ժողովրդից պաշտպանվելու համար: Ստացվել է մի վիճակ, երբ Սահմանադրությունը իրավական պատվար է ծառայում ժողովրդի ըմբոստությունը կանխելու համար: Մյուս կողմից, իշխանությունը մոնպոլ իրավունք ունի Սահմանադրություն խախտելու համար:

Միևնույն ժամանակ պետք է նկատել, որ այդ նույն Սահմանադրությունը մինչ այժմ կարևորագույն զսպիչ գործոն է հանդիսացել անձի իշխանության սահմանափակման հարցում: Խոսքը ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի մասին է, որով սահմանված է. «Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել հանրապետության նախագահի պաշտոնում»:

Մինչև հիմա ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձանցից և ոչ մեկը ոտնձգություն չի կատարել այս հոդվածի նկատմամբ: Ճիշտ է՝ կեղծված ընտրությունների միջոցով իշխանության փոխանցում այլ անձի տեղի է ունեցել, սակայն նույն անձի հակասահմանադրական վերարտադրություն տեղի չի ունեցել: Տեղի չի ունեցել նաև Սահմանադրության վերոհիշյալ դրույթի փոփոխության փորձ՝ հանուն մեկ անձի իշխանության վերարտադրության:

Այս առումով ՀՀ Սահմանադրությունը կարևորագույն կանխարգելիչ պատվար է հանդիսացել Հայաստանը թուրքմենական, ադրբեջանական կամ բելառուսական ուղուց հետ պահելու համար:

Այսօր օրակարգում դրված է ՀՀ Սահմանադրությունը փոփոխության ենթարկելու խնդիրը: Մի կողմ դնենք իշխանության ներկայացուցիչների պաթետիկ ճառերը Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ. երկրի կառավարումը հետևողականորեն տապալած իշխանությունը չի կարող Սահմանադրություն և կառավարման համակարգ բարեփոխել, այն կարող է սոսկ Սահմանադրությունը փոխել գործող նախագահի հագով կարելու համար:

Իշխանությունը անվտանգ թողնելու հնարավարությունները Սերժ Սարգսյանը գրեթե սպառել է, առանց ցնցումների և լիարժեքորեն իշխանությունը ժառանգորդի փոխանցելու հարցը լուծված չէ, և մինչև ժամկետի ավարտը հազիվ թե լուծվի: Ուստի Սերժ Սարգսյանը ոտնձգություն է կատարում է ՀՀ Սահմանադրության թիվ 50 հոդվածի վերոհիշյալ դրույթի նկտամամբ: Վերացնելով նախագահական կառավարման համակարգը՝ նա մեխանիկորեն վերացնում է նաև 50-րդ հոդվածը: Դրանից հետո Հայաստանը կբռնի թուրքմենական կամ բելառուսական ճանպարհը, եթե իհարկե հնարավորություն ու ռեսուրս ունենա ևս մի քանի տարի դիմանալ Սերժ Սարգսյանի վարչակարգին:

Մեկնաբանել