Հունաստանի համար դուռը դեռ բաց է. եվրոպացի առաջնորդներ

Hollande and MerkelԱրժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) չի կարող ֆինանսական օգնություն տրամադրել Հունաստանին, քանի որ վերջինս մինչև սահմանված ժամկետը չի մարել պարտքը վարկատուների առաջ, Reuters-ը մեջբերում է կազմակերպության հայտարարությունը:

Հուլիսի 6-ին ԱՄՀ տնօրեն Քրիստին Լագարդը Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ քննարկել է հանրաքվեից հետո համագործակցության հեռանկարները, որի ընթացքում հույների մեծ մասը «ոչ է ասել պարտքային ճգնաժամից դուրս գալու եվրոպական վարկատուների առաջարկներին:

Քրիստին Լագարդը, ըստ Interfax-ի, հունական ճգնաժամը քննարկել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ընդ որում՝ կողմերը չեն անդրադարձել Հունաստանին Ռուսաստանի կողմից հնարավոր օգնության հարցին: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ կողմերը կշարունակեն փնտրել հունական պարտքի կարգավորման օպտիմալ որոշում՝ բոլոր կողմերի շահերը հաշվի առնելով:

Նույն օրը՝ հուլիսի 6-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել նաև Պուտինի և Ցիպրասի միջև՝ վերջինիս նախաձեռնությամբ: Կրեմլի հաղորդագրության մեջ ասված է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Հունաստանում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները և ռուս-հունական համագործակցության հեռանկարները:

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներ Ֆրանսուա Օլանդն ու Անգելա Մերկելը Հունաստանի կառավարությանը տեղեկացրել են, որ վարկատուների հետ բանակցությունների դուռը նախկինի պես բաց է, սակայն կոչ են արել եվրոգոտու գագաթաժողովին հանդես գալ ուշադրության արժանի առաջարկներով, որոնք թույլ կտան կողմերին հասնել վարկային համաձայնության և կանխել Հունաստանի հնարավոր ելքը եվրոգոտուց:

«Բանակցությունների համար դուռը բաց է,- լրագրողներին ասել է Օլանդը:- Այժմ Ալեքսիս Ցիպրասի կառավարության գործն է՝ հանդես գալ լուրջ, ուշադրության արժանի առաջարկներով, որպեսզի հնարավոր լինի դրանք վերածել երկարաժամկետ հեռանկար ունեցող ծրագրի»,- նշել է Ֆրանսիայի նախագահը՝ շեշտելով, որ շատ քիչ ժամանակ է մնում:

Անգելա Մերկելն իր հերթին հայտարարել է, որ Եվրամիության կողմից Հունաստանի վարկավորման ծրագրի քննարկման համար պայմաններ դեռ ստեղծված չեն և կոչ է արել Հունաստանի կառավարությանը այս շաբաթ ներկայացնել առաջարկներ:

Ավելի վաղ եվրոգոտու ֆինանսների նախարարները նույնպես հայտարարել էին, որ Հունաստանից ակնկալում են ճգնաժամից դուրս գալու նոր առաջարկներ:

Կիրակի՝ հուլիսի 5-ին, Հունաստանում կայացած հանրաքվեին մասնակցածների 61.3 տոկոսը դեմ է քվեարկել միջազգային վարկատուների կողմից Հունաստանին հերթական անհապաղ վարկը տրամադրելուն: Հանրաքվեին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 62.5 տոկոսը:

Իշխող «Սիրիզա» կուսակցությունը կոչ էր արել դեմ քվեարկել՝ վարկատուների պահանջները որակելով «նվաստացուցիչ», իսկ այս տեսակետի հակառակորդները պնդում են, որ դեմ քվեարկելը կարող է հանգեցնել եվրոգոտուց Հունաստանի դուրս գալուն: Հանրաքվեից հետո Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հրաժարական է տվել:

Հունաստանի ֆինանսների նոր նախարար Էվկլիդիս Ցակալոտոսը հայտարարել է, որ իր երկիրը չի ընդունի վարկատուների հետ ոչ կենսունակ համաձայնություն և հանդես եկել նրանց հետ բանակցությունների շարունակման օգտին:

Այսօր Բրյուսելում կկայանան եվրոգոտու ֆինանսների նախարարների արտահերթ բանակցություններ:

Մեկնաբանել