Ջրի սակագինը մնաց անփոփոխ

yerevan-waterՋուրը չի թանկանա. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հուլիսի 7-ի նիստին վերահաստատել է սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման գործող գումարային սակագինը` 170.25 դրամ/խմ:

Ինչպես հաղորդում են ՀԾԿՀ մամուլի ծառայությունից, որոշման ընդունման համար հիմք են ծառայել ՀՀ ջրային օրենսգրքի մի շարք հոդվածներ և հաշվի է առնվել «Երևան Ջուր» ընկերության հունիսի 29-ի գրությունը: Համաձայն այդ գրության` «Երևան ջուր» ընկերության կառավարումը ստանձնած «Վեոլիա» ընկերությունը որոշում էր կայացրել «չպնդել սակագնի ավելացումը և առաջարկում էր այն թողնել անփոփոխ»:

ՀԾԿՀ հուլիսի 7-ի որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 9-ից։

«Երևան ջուր» ընկերությունը փետրվարի 25-ին ՀԾԿՀ էր ներկայացրել հայտ, որով առաջարկվում էր բնակչությանը մատուցվող ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների գործող բարձրացնել 2.4 դրամով և սահմանել 172.63 դրամ/խմ 2015-2016 թթ. համար: Համաձայն ընկերության` դրա համար հիմք էր հանդիսացել 2014թ. Հայաստանում գրանցված 3% սղաճը: Ընդ որում` ճշգրտված հաշվարկում ներառված չէր էլեկտրաէներգիայի սակագնի ակնկալվող բարձրացումը (իսկ ներառյալ այն պետք է կազմեր մոտ 6.16 դրամ):