Գնաճ` սպառողական ապրանքների ոլորտում

defaultԱզգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2015-ի առաջին կիսամյակի գների ինդեքսը, համաձայն որի` սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 5.1 տոկոսով: Հունիսին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ սպառողական գները չեն փոխվել, պարենային ապրանքների գները նվազել են 2.4 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գներն աճել են 4.1, ծառայություններինը՝ 1.1 տոկոսով:

2015թ. հունիսին 2014թ. հունիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.5 տոկոս: Նախորդ տարվա հունիսի համեմատ գների աճ է գրանցվել կաթնամթերքի (4.3 տոկոս), մսամթերքի (4.1 տոկոս), ձվի շուկայում (4.1 տոկոս): Շաքարավազի հանրապետական միջին գինը 2015թ. հունիսին 2014թ. հունիսի համեմատ աճել է 3.3 տոկոսով: Պարենային ապրանքներից նախորդ տարվա հունիսի համեմատ ամենաշատն աճել են մրգերի գները՝ 21.1 տոկոսով:

Գների անկում է նկատվել բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում (6.9 տոկոս), ձկնամթերքի ապրանքախմբում (12.2 տոկոս), նաև՝ 2015թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է հացամթերքի 0.1 տոկոս գնանկում:

Ոչ պարենային ապրանքների գները 2015–ի հունիսին 2014-ի հունիսի համեմատ աճել են 7 տոկոսով: Չնայած դրան՝ նույն ժամանակում բենզինի և դիզելային վառելիքի գներր նվազել են համապատասխանաբար 10.6 տոկոսով և 9.8 տոկոսով, իսկ այս տարվա մայիսի համեմատ հունիսին բենզինի և դիզելային վառելիքի գներն անփոփոխ են:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2015թ. հունիսին մայիսի համեմատ սակագների հավելաճը կազմել է 0.1 տոկոս, ինչը հիմնականում պայմանավորվել է կենցաղային բնույթի՝ 0.2 տոկոս, բուժսպասարկման՝ 0.6 տոկոս, տրանսպորտի 0.8 տոկոս, իրավական ու բանկային՝ 2.0 տոկոս, մշակույթի ոլորտի՝ 2.4 տոկոս ծառայությունների սակագների հավելաճով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է հանգստի կազմակերպման` 5.7 տոկոս, կրթության համակարգի՝ 0.3 տոկոս ծառայությունների սակագների նվազում, իսկ բնակարանային-կոմունալ, կապի, հանրային սննդի ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: