Բութերի բաժինը

indexԱյս պատմությունն ում էլ պատմում եմ, ասում է՝ հնարում եսԱզնիվ պիոներական՝ չեմ հնարում: Ավելին՝ բառ անգամ չեմ ավելացնում: Հենց այսպես էլ եղել է՝ առանց դույզն ինչ չափազանցնելու: Նման պատմություն մարդու հետ մի անգամ է պատահում: Ինչպես ասում են՝ պապիկն ամեն անգամ գաթա չի ուտում: Դրանից հետո՝ որպես տարբեր հանդեսների խմբագիր, այցելուներ շատ եմ ունեցել, շատ մարդկանց հետ եմ շփվել, բայց նման նվեր Աստված էլ չի առաքել: Որովհետեւ չափից ավելին էր վայելքը

Ինչ որ է, 1989-ին էր, ավագ խմբագիր էի աշխատում նորաստեղծ «Արցախ» հանդեսում: Շոգ ամառ, աշխատաքային օրվա վերջ, սովորական տաղտուկ աշխատասենյակ: Ոչինչ չէր առույգացնում՝ ոչ օդորակիչ, ոչ թան, ոչ գարեջուր, ոչ էլ կարդացածս ոտանավորներում առկա «քանքարները» (արցախյան ազգային-ազատագրական պոռթկումը թեւեր էր տվել բոլորին՝ յուրաքանչյուր երրորդը բանաստեղծ էր դարձել): Մտքերդ էլ քեզնից անկախ տաղտուկ ու մածուցիկ՝ ժելեի նման. ոչ միայն չեն սավառնում, այլեւ չեն էլ ծորում, պարզապես ծուլորեն սողում են: Ու հանկարծ ներս է մտնում նա… երկնային մանանայի պես, միջանցուկ զովացուցիչ քամու, ոչ` զեփյուռի պես:

Նրան մինչ այդ էլ էի մի քանի անգամ տեսել մարզկենտրոն Ստեփանակերտում: Չնկատել հնարավոր չէր: Ասես թղթի վրա սեւ մատիտով ու քանոնով գծված լիներ՝ ուղիղ ու հարթ: Մի ծուռ տեղ չկար, ոչ մի ավելորդ գալար կամ «պավարոտ» չուներ մարմնի որեւէ մասում: Սեւ կոստյում, սպիտակ վերնաշապիկ, սեւ փողկապ, սեւ կոշիկներ, սպիտակ գուլպաներ, սեւ ակնոց, սեւ դիպլոմատը (այն ժամանակ դեռ «քեյս» չէին ասում) միշտ ձեռքին, ուղիղ ու ձիգ մարմին, ուղիղ ու ձիգ կերպար, ես կասեի՝ շրջանակային կերպար: Մոնումենտալ կերպար: Շարժվող մոնումենտ: Քայլում էր քաղաքի կենտրոնական փողոցներով՝ առաջին հերթին գրավելով մարդու տալու աղջիկ ունեցող կանանց ակնդետ ուշադրությունը: Ոչ մի ավելորդ իր կամ դետալ չկար նրա վրա: Այն աստիճան, որ մարդ ուղղակի դժվարանում էր նրան պատկերացնել կենցաղային որեւէ իրավիճակում՝ առանց նշածս անտուրաժի: Ասենք՝ լողանալիս կամ քնած վիճակում, զուգարանում կամ առավոտյան մարզանք անելիս: Ցանկացած դետալի պակասություն կխաթարեր այդ իդեալական, գծած կամ քանդակած կերպարը:

Խոսում էր ընդգծված գրական հայերենով՝ զինաթափելով գավառական ցանկացած քամահրական կամ նույնիսկ նյարդային վերաբերմունք: Արքայական հայերենի միջոցով նա գերում էր հատկապես աղջիկներին: Մի անգամ փողոցում պատահաբար ականջալուր էի եղել նրան հանդիպած աղջիկներից մեկի հընթացս նետած ջիգյարով խոսքին՝ «վայ, երեւանցե տղոցը ցավը տանիմ»:

Սակայն գրական խոսելը դեռեւս չէր նշանակում, որ նա պարտադիր երեւանցի է: Ճիշտ է, շարժման առաջին տարիներին հաճախ էին հայտնվում տարբեր մարդիկ Երեւանից ու Հայաստանի տարբեր շրջաններից, սակայն Ստեփանակերտում էլ կային ընդգծված գրականով խոսող մարդիկ, այնպես որ չեմ բացառում, որ կարող էր, ասենք, արցախյան գյուղարանքներից մեկից եկած ուշիմ երիտասարդ լինել, որ այդպիսով փորձեր ուշադրության արժանանաl, կամ էլ մայրաքաղաքում կրթված արցախցի երիտասարդ:

Նրա մոգական գրական հայերենն ինձ անընդհատ հիշեցնում էր ուսանողական տարիների մի դրվագ: Հին Նորագյուղի պիոներական ճամբարում դաստիարակ էի աշխատում եւ հաճախ էի գործընկերներիս հետ գնում հարեւան գյուղը՝ իմ հայրենի Սարդարաշենը: Եւ ահա մի օր էլ մեր կատակասեր գործընկերներից մեկի հետ գնացի, ու գյուղամիջում հանդիպեցինք մի խումբ տարեց մարդկանց, որ մի կերպ հայտնագործած հով տեղում (արցախցիք ասում են՝ «շոք տեղ») նստած ինչոր բանից էին խոսում: Գործընկերս՝ հասակակից ուսանող տղա, երկար մազերը ծոծրակին պոչ արած, շորտիկով, գոտկատեղից վերեւը՝ մերկ, բադմինտոնի ռակետներով խաղալով, մի ոտքի վրա ցատկոտելով մոտեցավ եւ գրական հայերենով ամենայն բարեսրտությամբ ասաց.

Բարեւ ձեզ, հարգելիներս, թույլ տվեք իմանալ ձեր որպիսությունը:

Մեղմ ասած՝ շոկային վիճակ էր: Կյանքը կաթվածահար էր եղել իմ հայրենի Սարդարաշենում: Որոշ ժամանակ անց տատիկներից մեկն, այնուամենայնիվ, ուշքի եկավ եւ արձագանքեց.

Կլյոխըտ թաղիմ, տերտակ կլյոխըտ

Պապիկներից մեկը, հայացքը մեր հերոսի «խվոստիկից» չկտրելով, լրացրեց.

Փարմազոն շանվե՛րթի:

Իսկ գյուղի ամենաիրազեկ մարդու համբավ ունեցող տատիկն էլ կարդաց դատավճիռը.

Սադանա յա, սադանա: Հա, հաստատ:

Հետո տատիկը ճանաչեց ինձ.

Էս մեր Սըմսոնեն ու Հոսաննեն թոռնը չի՞, Կուլին ու Վըրթուշեն տղան: Հա լիԳյեղամը: Քե մատաղ, հունցը էդ սադանուն պերալ ըս՝ տի էլ տար:

Հա, նեմեդլեննի,- ձեռքի կոպալը գետնին զարկելով ճշգրտեց պապիկներից մյուսը:

Ու ես՝ որդին Կոլյայի ու Վարդուշի եւ թոռը Սամսոնի ու Օվսաննայի, մի կերպ գործընկերոջս փրկեցի համագյուղացիներիս արդար ցասումից:

Ահա այսպիսի մոգական ազդեցություն էր ունենում մեր ոսկեղենիկ հայերենն իմ համերկրացիների վրա:

Բայց շատ հեռացանք մեր գլխավոր հերոսից:

Այո, շոգ ամառ, աշխատանքային օրվա վերջ, սովորական տաղտուկ աշխատասենյակ: Ոչինչ չէր առույգացնում` ոչ օդորակիչ, ոչ թան, ոչ էլ գարեջուր: Մտքերդ էլ քեզնից անկախ տաղտուկ ու մածուցիկ` ժելեի նման. ոչ միայն չեն սավառնում, այլեւ չեն էլ ծորում, ընդամենը ծուլորեն սողում են: Ու հանկարծ ներս է մտնում նա… երկնային մանանայի պես, միջանցուկ զովացուցիչ քամու, ոչ` զեփյուռի պես:

-Բարեւ Ձեզ,- խոսքի, միմիկայի ու ժեստերի չափից ավելի ընդգծված հարգանքով ասաց նա:- Կներեք, որ խլում եմ Ձեր թանկագին ժամանակը, բայց վստահ եմ, որ կորսված ժամանակը կփոխհատուցվի կարդալիքի սպասված անհրաժեշտությամբ:

Տարակուսած ուզում էի հարցնել, թե ինչ է ուզում, երբ նա, դեմքիս կարդալով հարցս, վրա տվեց.

-Բանաստեղծությունների նոր շարքս եմ բերել: Ինձ համար պատիվ կհամարեմ ձեր հանդեսում նույնպես տպագրվելը: Թույլ տվեք այն հրամցնել Ձեզ:

Ասաց ու սեղանիս դրեց մուգ դարչնագույն ընդհանուր տետրը:

Մի տեսակ ինձ լավ չէի զգում այդ, թվում է, սովորական, բայց չգիտես ինչու ինձ համար ոչ հարմարավետ իրավիճակում եւ աշխատեցի արագ վերջացնել զրույցը: Նրա ներկայությունը ճնշում էր ինձ, ավելի ճիշտ` նրա մոնումենտալ մեծությունը կարծես թե ընդգծում էր իմ առօրյա մանրությունը:

-Շատ լավ: Թողեք տետրը մեզ մոտ: Կկարդամ եւ կտեղեկացնեմ` տպագրելո՞ւ ենք, թե՞ ոչ, եւ եթե այո, ապա քանի հատ ենք տպագրելու: Մի քանի օրից նորից եկեք կամ զանգեք:

– Խորապես շնորհակալ եմ: Հենց նման վերաբերմունք էլ ակնկալում էի Ձեզնից, ինչի համար անսահման երախտապարտ եմ Ձեզ:

Ասաց ու շրջվելով առաջացավ դեպի դուռը: Ես դեռ տարակուսանքի մեջ էի ու անսովոր այցելուին հայացքով ուղեկցում էի, երբ նա հենց դռների մեջ շրջվեց ու…

-Այսուեւայդուամենայնիվ, մի սկզբունքային հարց ունեմ, որ կուզենայի պարզել Ձեզ հետ՝ ի սկզբանե գնահատելով հարաբերությունների հստակությունն ու միանշանակությունը:

Փորձեցի ի պատասխան ինչ-որ բան ասել, բայց կմկմոցից բացի ոչինչ դուրս չեկավ: Թուքս կուլ տալով ձեռքով նշան արեցի, որ շարունակի:

-Թույլ տվեք տեղեկանալ՝ կետադրական նշաններ դնելը ու՞մ պարտականությունն է՝ հեղինակի՞, թե՞ խմբագրության:

Մի հաճելի ալիք անցավ մարմնովս, այնքան հաճելի, որ փորձեցի հասկանալ, թե ինչի հետ կարելի է համեմատել այդ երանելի զգացողությունը: Փնտրում էի ու չէի գտնում:

Ինչ որ է, այդ զգլխիչ ալիքից, ամառվա տապին այդ սառը ցնցուղից հետո վերադարձավ շոգից չգիտես ուր ծլկած տրամաբանությունս եւ իսկույն երկու վարկած առաջ քաշեց: Այցելուն կամ անհուսալի ապուշ է, կամ էլ վերջապես հայ գրականությունը նոր երգիծաբան է ունենալու: Ու զովացած տրամաբանությունս իսկույն եւեթ փորձեց պարզել, թե որ տարբերակն է համապատասխանում իրականությանը:

-Դա ի՞նչ մի հարցնելու բան է,- վերածնված առույգությամբ ասացի ես:- Իհարկե՝ խմբագրության: Հեղինակի պարտականությունը հանճարեղ մտքեր հղանալն ու թղթին ինչ-որ կերպ հանձնելն է: Մնացյալը խմբագրության պարտականությունն է, բա ինչու՞ ենք աշխատավարձ ստանում,- հատ-հատ ու մեծագույն հաճույքով արտաբերեցի բառերը:

Դիմացինիս դեմքին մի այնպիսի երանություն հայտնվեց, որ հասկացա՝ նա էլ է փորձում համարժեք իրավիճակներ գտնել իր այդ կացության համար:

-Սակայն մի փոքրիկ նրբություն կա,- խորամանկ ժպիտս մի կերպ զսպելով հավելեցի ես:

Նրա երանության մեջ գրեթե ոչինչ չփոխվեց՝ ասես անամպ երկնքում մի բուռ ամպ հայտնված լիներ, որը չէր սպառնում փոխելու եղանակը:

-Համակ ուշադրություն դարձած լսում եմ Ձեզ,- թեթեւակի քերծված երանությամբ ասաց նա:

-Գիտե՞ք, կետադրությունը մեծ հասկացություն է, այնքան մեծ, որ մի մարդ, մի աշխատող չի կարող ամբողջությամբ զբաղվել դրանով: Դրա համար հատուկ բաժիններ ունենք: Մենք հրապարակման պատրաստվող նյութն ուղարկում ենք բոլոր բաժիններ, որոնցից յուրաքանչյուրն իր առանձին, մասնագիտական կետադրական նշանն է դնում ու նյութը փոխանցում մյուս բաժնին: Ստորակետերի բաժնում ստորակետերն են դնում, միջակետերի բաժնում՝ միջակետերը, եւ այսպես շարունակ: Քանի որ Դուք հիմա այստեղ եք, խնդրում եմ վերցնեք տետրը եւ անցնեք բաժին առ բաժին: Սկսեք հենց կողքի բաժնից, որտեղ բութերն են դնում:

Ու ցույց տվեցի գործընկերոջս՝ Դավթի աշխատասենյակը: Դավիթը շատ ծանր օրեր է քաշել իմ պատճառով: Իմ ու այլոց օյինբազություններով շատ էինք նրա նյարդերը կերել:

Մինչ երիտասարդը, առանց դույզն ինչ կասկածելու, նույն «անամպ երկինք» տրամադրությամբ տետրը վերցրեց եւ դուրս եկավ իմ սենյակից, ես զանգեցի մյուս գործընկերներիս, որպեսզի նրանք շտապ գան եւ հասցնեն կիսել իմ ուրախությունը: Հազիվ էին նրանք ժողովվել իմ սենյակում, երբ ահավոր աղմուկով, կրնկահան բացվեց սենյակիս դուռը, կատաղած ու այլայլված ներս մտավ, ոչ՝ ներս խուժեց մեր բազմաչարչար ընկերը՝ Դավիթը, եւ ահարկու հայացքն ուղղելով ինձ՝ կատաղած վրա տվեց.

-Էս տավարին դու՞ ես ուղարկել ինձ մոտ:

-Չէ, չէ,- մի կերպ ծիծաղս զսպելով ու ընկերներիս էլ նույնը աչքունքով հասկացնելով չքմեղացա ես:- Իսկ ի՞նչ է պատահել:

-Դուռը բացել է, թե՝ սա բութերի բաժի՞նն է…

Թվաց՝ խմբագրության շենքը դղրդաց մեր հռհռոցից: Գերմարդկային ջանք պիտի պահանջվեր ծիծաղը զսպելու համար: Դեռ երկար չէինք կարողանում զսպել մեզ: Երբ ուշքի եկանք՝ այցելուն այլեւս չկար:

Ոչ ոք այլեւս նրան չտեսավ մեր մարզկենտրոնում:

«Անալիտիկոն» հանդես, հունիս, 2015

Մեկնաբանել