Բակո Սահակյանը ելույթ է ունեցել Chatham House-ում

080715ChathamHouse-1Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին այցելել է Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ (Chatham House) և հանդես եկել այնտեղ ելույթով:Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից, Սահակյանն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին, պատասխանել բարձրացված հարցերին:

«Իր ելույթում նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախին հոգեհարազատ է Chatham House-ի կարգախոսը` «Օգնել՝ կառուցելու անվտանգ, բարեկեցիկ և արդար աշխարհ»` հավելելով, որ այս գաղափարներն առկա են նաև մեր աշխարհընկալման մեջ: Նախագահի խոսքով՝ նման հանդիպումներն օգտակար են թե´ Արցախի, թե´ տարբեր պետությունների և միջազգային կառույցների համար»,- ասված է ԼՂՀ նախագահականի հաղորդագրությունում:Հանդիպմանը ներկա են եղել օտարերկրյա դիվանագետներ, գիտնականներ և վերլուծաբաններ:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի աշխատանքային այցը Մեծ Բրիտանիա մեկնարկել է հուլիսի 6-ին: Հուլիսի 7-ին նա Լոնդոնում հանդիպում էր ունեցել Հայ համայնքային խորհրդի անդամների հետ և քննարկել տեղի հայ համայնքի ու Արցախի միջև կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Նույն օրը Սահակյանը Լոնդոնի Սբ Եղիշե եկեղեցում հանդիպում էր ունեցել բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Բակո Սահակյանի` Մեծ Բրիտանիա այցի մասին տեղեկությունը հարուցել էր Ադրբեջանի իշխանությունների զայրույթը: Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանը հուլիսի 1-ին կանչվել էր Ադրբեջանի արտգործնախարարություն: Բացի այդ` Բաքուն բողոքի նոտա էր հղել Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությանը:

Մեկնաբանել