Սահմանադրության երաշխավորների սպառնալիքը Սահմանադրությանը

serzh sargsyan constitutionԱսված էր, որ առաջիկայում սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը կդրվի քննարկման։ Մայիսի 13-ին Սերժ Սարգսյանը, որը անձամբ է նախաձեռնել այս փոփոխությունները, տվել է իր դրական գնահատականը։ Սահմանադրական փոփոխությունների հիմնական մեխը Հայաստանի կառավարման համակարգի փոփոխությունն է․ կառավարման կիսանախագահական համակարգից անցումը խորհրդարանական համակարգի։

2014-ին մեկնարկած այս նախաձեռնությունը քննադատության ենթարկվեց ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ մասնագիտական հանրության կողմից: Իրավաբան Վահե Գրգորյանը ilur.am կայքին տված հարցազրույցում մտահոգություն է հայտնում, որ այս փոփոխություններով վտանգվում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Խոսքը վերաբերում է հայեցակարգով նախատեսվող հանրաքվեի ինստիտուտի զարգացմանը: «Հանրաքվեի ինստիտուտի զարգացման համար հայեցակարգային հիմնական մոտեցումներն են…. նախապատվությունը տալ հանրաքվեների շրջանակի որոշակիացման այն տարբերակին, ըստ որի՝ հանրաքվեի են դրվում այն միջազգային կազմակերպություններին միանալու հարցերը, ինչը հանգեցնելու է երկրի ինքնիշխանության մասնակի սահմանափակումների»:

Մեկ այլ իրավաբան, սահմանադրագետ Արմեն Մազմանյանը և նրա հիմնադրած «Ապելլա» ինստիտուտը ևս զգուշացնում են, որ սահմանադրական այս փոփոխությունները, որոնք հաջողելու դեպքում նախագահական և խորհրդարանական ընտրությունները միավորվելու են մեկ՝ խորհրդարանական ընտրություններում, մեծ հարված են հասցնելու Հայաստանի՝ առանց այդ էլ չկայացած ժողվրդավարական համակարգին։

Անզեն աչքով էլ տեսանելի է, որ Սերժ Սարգսյանը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխությունը գործող համակարգում և/ կամ իշխանության մեջ իր վերարտադրությունը ապահովելու նպատակով, քանի որ գործող Սահմանադրության 50-րդ հոդվածն ասում է. «Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության նախագահի պաշտոնում»։

Այսօր Հայաստանի բնակչության մի ստվար հատված չի գիտակցում, թե ինչ արհավիրք է կախված երկրի ինքնիշխանության և յուրաքանչյուր քաղաքացու գլխին: Խնդրի վերաբերյալ այս պահին հանրային անտարբերության կամ ոչ բավարար հետաքրքրվածության պատճառներից մեկն էլ այն է, որ ՀՀ քաղաքացին իր առօրյա կյանքում չի զգացել Սահմանադրության՝ որպես իր իրավունքների երաշխավորի կարևորությունը։

Ունենալով քաղաքացու իրավունքների սահմանման և պաշտպանության համար բավական հաջող Սահմանադրություն՝ քաղաքացին այս տարիների ընթացքում ապրել է ոտնահարված իրավունքներով, չի կարողացել իրականացնել Սահմանադրությամբ իրեն վերապահված ամենակարևոր՝ իշխանություն ձևավորելու գործառույթը: Թեև Սահմանադրության երկրորդ հոդվածն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, փաստացի ժողովուրդը երբեք էլ չի եղել այդ իշխանության կրողը։ Հետևաբար ակնկալել, որ հանրության ստվար զանգվածներ կարող էին շահագրգիռ լինել փոփոխությունն իրականացնելու կամ կանխելու խնդրով, անիրատեսական է։ Փոխվում է մի բան, ինչը նրանց հետ կապ չունի, և մեծ հաշվով, թող փոխվի՝ իրենց ինչ։

Ահա և իշխանության գլխավոր խաղաթուղթը։ Բնակիչն անտարբեր է, իսկ հանրային ակտիվ հատվածը, էլիտան, հարցի վերաբերյալ տարակարծիք են։ Տարակարծիք են նաև նրանք, ովքեր կարծում են, որ հանրաքվեն պետք է տապալվի։ Տապալման առաջարկներից մեկը ընտրատեղամասերում վերահսկողություն իրականացնելն է։ Մյուս առաջարկն այսպես կոչված ոտքերով քվեարկելն է, այսինքն՝ հանրաքվեի օրը դուրս գալ հրապարակ և հրապարակում ոչ ասել Սահմանադրության փոփոխությանը։ Թերևս այդ օրը և դրանից առաջ հրապարակում լինելը հանրաքվեն տապալելու և Սահմանադրությունը պաշտպանելու լավագույն միջոցն է։ Հակառակ առաջարկը՝ հանրաքվեի օրը տեղամասերը վրահսկելը և հանրաքվեի արդյունքը կասկածի տակ առնող փաստեր հավաքելը, անարդյունավետ է այն պարզ պատճառով, որ համաձայն «Հանրաքվեի մասին» օրենքի հոդված 35-ի 5-րդ կետի՝ հանրաքվեի արդյունքները կարող են վիճարկվել Սահմանադրական դատարանում՝ արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում:

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ հանրաքվեի արդյունքների կասկածի տակ դնող փաստերը տարվում են Սահմանադրական դատարան, որի նախագահը նույն ինքը սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն է։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ Սահմանադրության արդյունավետությունը կասկածի տակ դրած անձը,- իսկ Գագիկ Հարությունյանը դառնալով մասնագիտական հանձնաժողովի նախագահ, արդեն կասկածի տակ է դրել Սահմանադրության արդյունավետությունը,- քննում է դատարան տարված գործը։ Եվ պատկերացրեք մի իրավիճակ, երբ մարդ, որի գործառույթն է պաշտպանել Սահմանադրությունը, լծվել է այն փոխելու գործընթացին։ Իսկ հիմա պատկերացրեք հանրաքվեն կասկածի տակ առած փաստերի քննությունն ու Սահմանադրական դատարանի տված որոշումը։

Այսօր բոլոր այն պետական ինստիտուտները, որոնք երդվել են պաշտպանել Սահմանադրությունը, ներառյալ նախագահը, լծվել են Սահմանադրությունը փոխելու գործին: Հայաստանում գործող քաղաքական ու քաղաքացիական էլիտայի հիմնական գործը պետք է դառնա ՀՀ քաղաքացուն հասանելի դարձնել այն գիտակցումը, որ 2005թ. ընդունված և այս պահին ուժը չկորցրած Սահմանադրությունը Հայաստանի արժանապատիվ ապագայի երաշխավորն է և պետք է մնա անձեռնմխելի։ Մնացած խնդիրները տեխնիկական են և կարող են լուծվել 2017թ. խորհրդարանական և 2018թ. նախագահական ընտրությունների ճանապարհով։

Արփի Մախսուդյան

Մեկնաբանել