Բակո Սահակյանը ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում

16216Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին այցելել է Մեծ Բրիտանիայի խորհրդարան և այնտեղ հանդես եկել ելույթով:

Ինչես հաղորդում է ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից, Բակո Սահակյանն իր ելույթում անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և պատասխանել բարձրացված հարցերին:

Նա նշել է, որ «Արցախում Միացյալ Թագավորության հանդեպ տածում են հատուկ վերաբերմունք՝ Մեծ Բրիտանիան դիտարկելով որպես միջազգային քաղաքականության ազդեցիկ տերություն, որը նաև ժողովրդավարության ու եվրոպական քաղաքակրթության բնօրրաններից մեկն է»:

«Բակո Սահակյանի բնութագրմամբ՝ Արցախը շահագրգռված է խորհրդարանական կապերի խորացման, գիտակրթական և մարդասիրական ոլորտներում Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների զարգացման մեջ: Երկրի ղեկավարի խոսքով՝ նման լավատեսությունն առաջին հերթին պայմանավորված է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Արցախի և հայ ժողովրդի անկեղծ ու հավատարիմ բարեկամների առկայությամբ»- ասված է ԼՂՀ նախագահականի հաղորդագրությունում:

Հանդիպմանը ներկա են եղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի աշխատանքային այցը Մեծ Բրիտանիա մեկնարկել է հուլիսի 6-ին: Հուլիսի 7-ին նա Լոնդոնում հանդիպում էր ունեցել Հայ համայնքային խորհրդի անդամների հետ և քննարկել տեղի հայ համայնքի ու Արցախի միջև կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Նույն օրը Սահակյանը Լոնդոնի Սբ Եղիշե եկեղեցում հանդիպում էր ունեցել բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հուլիսի 8-ին նա ելույթ էր ունեցել Chatham House-ում` Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում:

Բակո Սահակյանի` Մեծ Բրիտանիա այցի մասին տեղեկությունը հարուցել էր Ադրբեջանի իշխանությունների զայրույթը: Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանը հուլիսի 1-ին կանչվել էր Ադրբեջանի արտգործնախարարություն: Բացի այդ` Բաքուն բողոքի նոտա էր հղել Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությանը:

Մեկնաբանել