Սեյրան Օհանյանն այցելել է հայ-նախիջևանյան սահման

ktAcXkdK2VxciIoZcdHLI4HAJhՊաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 8-ին աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտում:

Ինչպես հաղորդում են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, մարտական հենակետերում Սեյրան Օհանյանը ստուգել է պաշտպանական և ինժեներական կառույցների ամրությունն ու հուսալիությունը, հետևել է դիրքերի մարտավարական բնագծի և ամրաշինական կառույցների բարելավման, դիրքերի կահավորման աշխատանքներին, ծանոթացել սահմանի տվյալ հատվածում տիրող իրավիճակին:

«Պաշտպանության նախարարի ուշադրության կենտրոնում են եղել նաև առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանները, ճաշացանկը, սննդի որակը, տեսականին և պահպանման պայմանները:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է նաև 5-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկում, ստուգել է սպառազինության և տեխնիկայի վիճակն ու պահպանման պայմանները, ինչպես նաև նախորդ այցերի ժամանակ տրված ցուցումների և հանձնարարականների կատարման ընթացքը։ Իրականացված աշխատանքներն ընդհանուր առմամբ դրական են գնահատվել:

Աշխատանքային այցն ամփոփվել է բանակային զորամիավորման հրամանատարության հետ անցկացված խորհրդակցությամբ, որի ընթացքում ճշգրտվել են առաջիկա անելիքներն ու ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր, առաջադրվել են որոշակի խնդիրներ, ցուցումներ և հանձնարարականներ»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Սեյրան Օհանյանը հարավարևմտյան սահմանագոտի էր այցելել նաև հունիսի 29-ին: Հունիսի 26-ին` ժամը 18:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատված խախտել էր հրադադարի ռեժիմը` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարելով Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդի կրակից զոհվել էր շարքային պայմանագրային Արման Եփրեմյանը՝ ծնված 1987թ.: