Հասարակության տրանսֆորմացիան

Հայաստանում երկար ժամանակ հանրությունը զրկված է եղել իշխանությունների և քաղաքական տարբեր գործիչների հանդեպ հանրային վերաբերմունք արտահայտելու հնարավորությունից:

Այսօր հանրությունը ունի տարբեր միջոցներ իր վերաբերմունքը քաղաքական գործիչների հանդեպ արտահայտելու համար: Այդ առումով մեծ փոփոխություն է կատարել սոցիալական մեդիան: Ժամանակին լրահոսը միակողմանի էր, այսինքն` հանրությունը թերթերից կամ հեռուստաընկերություններից ստանում էր ինֆորմացիա քաղաքական գործիչների և գործընթացների մասին, և իր վերաբերմունքը նրանց հանդեպ արտահայտում էր խոհանոցում: Այդ իրավիճակը բոլորովին այլ է մեր օրերում: Սոցիալական ցանցերը ամբողջությամբ փոխել են այդ ինֆորմացիոն հոսքերի սկզբունքը: Մարդիկ արդեն հնարավորություն ունեն իրենց կարծիքը արտահայտել ստացած ինֆորմացիայի մասին:

Նման փոփոխությունները շատ քաղաքական գործիչներ չեն հասկացել: Նրանք հաճախ օգտվել են ավանդական լրատվամիջոցներից, որը սխալ պատկերացում է ստեղծել նրանց իմիջի մասին: Օրինակ 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը որոշել էր ֆեյսբուքյան ասուլիս տալ, և պատասխանել քաղաքացիների հարցերին: Կեղծված ընտրություններից հետո հանրային վերաբերմունքը Մուկուչյանի հանդեպ շատ բացասական էր, որը արտահայտվեց նաև այդ հարցազրույցում, որ վերածվեց զավեշտի: Հայ ժողովրդի հումորի զգացումը բարձր մակարդակի դրսևորվեց: Մարդիկ սարկազմի միջոցով իրենց վերաբերմունքն էին արտահայտում Մուկուչյանի և նրա ղեկավարած մարմնի հանդեպ: Կարճ ժամանակ հետո Մուկուչյանը հրաժարվեց մասնակցել ասուլիսին:

Պարույր Հայրիկյանը ևս համաձայնել է մասնակցել Ազատության ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին: Արդյունքում քաղաքացիները հումորային ժանրի քննարկման են վերածել այդ հարցազրույցը: Ասուլիսի էջում գրված հարցերի 90 տոկոսից ավելին սարկազմի ու հումորի ժանրից է, գրեթե ոչ ոք Պարույր Հայրիկյանին լուրջ չի վերաբերվում:

Վերջերս նմանատիպ մի դեպք տեղի ունեցավ նաև Բաղրամյան փողոցում, երբ Արմեն Աշոտյանը որոշեց միանալ «կենդանի պատին»: Աշոտյանը երկար ժամանակ չկարողացավ մնալ Բաղրամյան պողոտայում՝ քաղաքացիները նրան ուղարկեցին այլ ուղղությամբ: Բաղրամյանի ցույցի մասնակիցները հստակ ցույց տվեցին, թե ինչպիսի վերաբերմունք ունեն Աշոտյանի հանդեպ: Իրականում Աշոտյանին թվացել էր, որ նա եկել է ՀՀԿ-ի երիտասարդների հետ հանդիպման: Չէր հասկացել, որ նա հանրության կողմից չընդունված գործիչ է, և նման վայրում հայտնվելու դեպքում արժանանալու է համապատասխան վերաբերմունքին:

Բաղրամյան փողոցի իրադարձություններից հետո հետաքրքիր էր նաև հանրային արձագանքը Վլադիմիր Գասպարյանի վարքագծին: Հանրությունը կրկին սոցիալական մեդիայի միջոցով ծաղրանքի ենթարկեց Գասպարյանի հայտարարությունները: «Սթափվեք», «Ես Գասպարյան Վովան եմ» դարձել էին ինտերնետային մեմեր:

Հայաստանում հասարակությունը տրանսֆորմացիայի է ենթարկվել: Այլևս հանրությունը նոր միջոցներ ունի քաղաքական գործիչների հանդեպ իր վերաբերմունքն արտահայտելու համար: Կարծիք կա, որ Ֆեյսբուքը ջնջել է բոլոր սահմանները, և հնարավոր է, որ նման թիրախի կենտրոնում հայտնվի ցանկացած ոք: Իրականում, նման վերաբերմունքը լեգիտիմացնում են հենց քաղաքական գործիչները: Այս պահին չկան օրինակներ, երբ հանրությունը առանց հիմնավոր պատճառների է արտահայտել իր վերաբերմունքը: