Սահմանադրության նախագիծը պատրաստ է

gagik harutyunyan constitution Լուսանկարում՝ Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Հուլիսի 13-ին կայանալիք Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստում կհաստատվեն Սահմանադրության նախագծի հիմնական` 1-ից 7-րդ գլուխները և մինչև հուլիսի 15-ը կհրապարակվեն: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:

Նա նշել է, որ այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են Սահմանադրության 4-ից 7-րդ գլուխների մասին Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ քննարկումների արդյունքները և նույն փորձագետների առաջարկությունների հիման վրա հայտարարություն է ընդունվել:

Սահմանադրության նախագծի հիմնական գլուխները 7-ն են լինելու, իսկ մնացած հատվածը լինելու են բաժիններ տարբեր ոլորտների վերաբերյալ: Այսօրվա նիստում ընդունված հայտարարությունը, ըստ Ղազինյանի, վերաբերում էր առաջիկայում կազմակերպվելիք հանրային քննարկումներին:

«Սահամանդրության հիմնական մասը հրապարակելուց հետո մենք ընդունելու ենք առաջարկություններ, այսինքն, սկսում ենք հանրային քննարկումներ այդ գլուխների վերաբերյալ»,- ասել է Ղազինյանը: Քննարկման դրվելիք Սահմանադրության նախագիծը դարձյալ կարող է փոփոխության ենթարկվել, եթե ընդունելի առաջարկներ ներկայացվեն:

Քննարկումների փուլը, ըստ հանձնաժողովի անդամի, կավարտվի մինչև հուլիսի վերջ, կներկայացվի հանրապետության նախագահին, և եթե նախագահը հաստատի, օգոստոսին միայն կներկայացվի Ազգային ժողովին:

«Իսկ թե ինչքան կտևի Ազգային ժողովում քննարկումները նախագծի շուրջ, չեմ կարող ասել: Երբ Ազգային ժողովը ընդունեց նախագիծը, նոր միայն կնշանակվի հանրաքվեի օր: Թե երբ կնշանակվի, չեմ կարող ասել: Մասնագիտական հանձնաժողովը այդ փուլի համար պատասխանատու չէ» – ասել է Ղազինյանը:

Հարցին, թե կառավարման համակարգի վերաբերյալ ի՞նչ վերջնական մոտեցում է հայտնել մասնագիտական հանձնաժողովը, Ղազինյանն պատասխանել է.

«Նախագիծը պատրաստվել է կառավարման այսպես կոչված խորհրդարանական մոդելի հիման վրա, որովհետև ամեն ինչ` ինչպես է կառավարություն կազմվում, ինչպես է խորհրդարան ընտրվում, ինչպես են դատական ատյաններ ձևավորվում, պայմանավորված է խորհրդարանական մոդելով: Սահմանադրության մեջ ձևավորվել են սկզբունքային մոտեցումներ, այսինքն` լինելու է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ, խորհրդարանում մեծամասնություն ստացող քաղաքական ուժը ձևավորելու է կառավարություն` վարչապետի գլխավորությամբ: Արդեն իսկ համամասնական ցուցակում պետք է նշվի, թե ով է լինելու վարչապետի թեկնածուն, այսինքն խորհրդարանում մեծամասնություն կազմող քաղաքական ուժը կներկայացնի վարչապետի իր թեկնածուին: Վարչապետ դառնալու համար չկան և չեն կարող լինել սահմանափակումներ: Դա նախագահի ընտրություն չէ: Խոսքը վերաբերում է քաղաքական ուժին. եթե հանրությունը վստահում է տվյալ քաղաքական ուժին և դա էլ ստանում է մեծամասնություն, ապա ինքն ազատ է նախագահ ընտրելու հարցում` ում կցանկանա, վարչապետի հարցում: Եթե չի վստահում հանրությունը, ուրեմն հաջորդ անգամ քվե չեն ստանում և բնականաբար, չեն կարող մեծամասնություն կազմել խորհրդարանում: Այսինքն` հանրության տված քվեների քանակն է որոշիչ. եթե քաղաքական ուժը կամ ուժերի դաշինքը ստանում է հանրության վստահությունը, ապա մեծամասնություն կազմում են: Հետևաբար, սահմանափակումներ չեն կարող լինե, թե ում` ԱԺ նախագահ, ում` վարչապետ: Անձերի վրա կենտրոնանալ պետք չէ»:

Դիտարկմանը, թե Հայաստանում ընտրական համակարգի նկատմամբ վստահություն չկա, Ղազինյանը նկատել է, որ դա արդեն օրենքի կիրառության դաշտում է: «Հասարակությունն ինքը թող մտածի, որոշի կամ իշխանությունները քաղաքական կամք դրսևորեն և այլն: Դա մասնագիտական հանձնաժողովի խնդիրը չէ»,- ասել է Ղազինյանը:

Բացի կառավարման մոդելի փոփոխությունից, ի՞նչ հեղափոխական փոփոխություն է առաջարկում նոր Սահմանադրությունը հարցին, Ղազինյանը պատասխանել է.

«Այդպես կարելի է գնահատել նաև դատական համակարգի` դատարանների և դատարանների բարձրագույն խորհրդի հետ կապված հարցերի լուծումը, որը իմ կարծիքով, նույնպես սկզբունքային նշանակություն ունի` դատարանների անկախության ապահովման, նրանց արդյունավետ գործունեության և հանրային հաշվետվողականության համար: Դատարանների և Արդարադատության խորհուրդ, որը հետագայում կոչվելու է Դատարանների բարձրագույն խորհուրդ, երկու ինստիտուտների մասով սկզբունքային փոփոխություններ են սպասվում, որոնք կոչված են ապահովելու դրանց գործունեությունը»:Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: