Միացյալ Նահանգների Սենատի հատկացումների հանձնաժողովը որոշել է վերականգնել Լեռնային Ղարաբաղը ամերիկյան օգնություն ստացողների շարքում և ավելացնել Հայաստանին հատկացվող գումարը: Այս մասին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Եղիսաբեթ Չուլջյանը:
«Արցախին Ամերիկայի օժանդակությունը շարունակելու մասին երեկվա որոշումը կարևոր քայլ էր՝ Ամերիկա-Արցախ հարաբերությունների ամրապնդման համար»,- ասել է Չուլջյանը:
Չուլջյանի խոսքով՝ 1998-ից ի վեր շարունակվող ամերիկյան օգնությունը Լեռնային Ղարաբաղին կարևոր դեր է խաղում տեղի բնակչության մարդասիրական խնդիրները կարգավորելու համար: Սենատի հատկացումների հանձնաժողովի որոշմամբ՝ 10 տոկոսով ավելացել է նաև ամերիկյան օժանդակությունը Հայաստանին` հասնելով 20 միլիոն դոլարի:
«Հայաստանին ամերիկյան հատկացումները սոսկ թվեր չեն: Այդ միջոցներով տասնյակ հայ երիտասարդներ արտերկրում ուսումը շարունակելու հնարավորություն են ստանում, հարյուրավոր կանանց համար ապահովվում է քաղցկեղի անվճար վաղ ախտորոշում և լիակատար բուժում, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում վնասազերծվում են հազարավոր ականներ, փրկվում և բարելավվում են բազմաթիվ մարդկանց կյանքեր: Միայն Ղարաբաղում ԱՄՆ-ի պետբյուջեից ստացված միջոցներով և բարերարների օգնությամբ հաջողվել է վնասազերծել 250-ից ավելի ականապատված դաշտ: Հայաստանում տասնյակ գյուղեր ապահովվել են ոռոգման և խմելու ջրով, լուսավորվել են մարզային քաղաքների և գյուղերի փողոցներ, մանր արտադրողներին վարկ ստանալու հնարավորություն է տրվել»:
Եղիսաբեթ Չուլջյանի խոսքով, Միացյալ Նահանգների օգնությունը նաև կարևոր խորհրդանշական դեր է կատարում.
«Սրանք կարևոր քայլեր են՝ ամերիկյան կառավարության հետ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի կապերն ամրապնդելու ուղղությամբ»:
«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շարունակում է աշխատանքները, որպեսզի այն բոլոր հայերը, որոնք Սիրիայից տեղափոխվել են Հայաստան և այլ երկրներ, օժանդակություն ստանան»,- ասել է Չուլջյանը:
***
Փետրվարին ներկայացրած բյուջեի նախագծով ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել էր 2016թ. Հայաստանին հատկացնել 18 ,360 միլիոն դոլարի օգնություն, Լեռնային Ղարաբաղի համար օգնություն նախատեսված չէր: Ամերիկայի հայկական կազմակերպությունները կոչ էին արել կրկնապատկել Հայաստանին հատկացվելիք օգնության չափը և Ղարաբաղին տրամադրել 5 միլիոն դոլարի օգնություն:
ԱՄՆ Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովը նախագծում ավելացրել է Հայաստանի համար նախատեսված օգնության չափը՝ հասցնելով այն 20.06 միլիոն դոլարի, ևս 1․7 միլիոն դոլար առաջարկվում է հատկացնել որպես ռազմական ֆինանսավորում, 600 հազար դոլար էլ՝ ռազմական կրթության և վարժանքների համար: Ինչպես և նախորդ տարիներին, հանձնաժողովը կոչ է արել պահպանել Հայաստանին և Ադրբեջանին հատկացվելիք ռազմական օգնության հավասարակշռությունը:
Հայաստանի հարևան երկրներ Վրաստանին և Ադրբեջանին որպես տնտեսական օգնություն հանձնաժողովն առաջարկել է տրամադրել համապատասխանաբար 54 միլիոն և 8․778 միլիոն դոլար:
1998-2015 թթ. ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղին ընդհանուր առմամբ հատկացրել է 44.5 մլն դոլար ֆինանսական աջակցություն:
ԱՄՆ ֆինանսական հատկացումները Լեռնային Ղարաբաղին, 1998-2015 թթ. *
Տարի | Կոնգրեսի առաջարկը | Փաստացի ծախս | Նպատակը |
1998 | $12,500,000 | $5,500,000 | Հակամարտությունից տուժածների համար |
1999 | $7,500,000 | $3,500,000 | Խաղաղ կարգավորմանն առնչվող վերակառուցման և այլ գործողությունների համար |
2000 | N/A | $2,000,000 | Վստահության ամրապնդման միջոցառումների և խաղաղ կարգավորմանը նպաստելու այլ գործողությունների համար |
2001 | N/A | $4,000,000 | Վստահության ամրապնդման միջոցառումների և խաղաղ կարգավորմանը նպաստելու այլ գործողությունների համար |
2002 | N/A | $2,000,000 | Վստահության ամրապնդման միջոցառումների և խաղաղ կարգավորմանը նպաստելու այլ գործողությունների համար |
2003 | $5,000,000 | $2,000,000 | Մարդասիրական ընթացիկ խնդիրները լուծելու համար |
2004 | $5,000,000 | $2,000,000 | Մարդասիրական և օգնության ծրագրերի համար՝ մարդկանց առաջնային կարիքները հոգալու, այդ թվում՝ խմելու ջրի ծրագրերի համար |
2005 | $3,000,000 | $2,500,000 | Մարդասիրական և օգնության ծրագրերի համար |
2006 | $3,000,000 | $3,000,000 | Մարդասիրական և օգնության ծրագրերի համար |
2007 | $3,000,000 | $2,000,000 | Վստահության ամրապնդման միջոցառումների և խաղաղ կարգավորմանը նպաստելու այլ գործողությունների համար |
2008 | $6,000,000 | $2,000,000 | Մարդասիրական ընթացիկ խնդիրները լուծելու համար |
2009 | $8,000,000 | $2,000,000 | Մարդասիրական ընթացիկ խնդիրները լուծելու համար |
2010 | $8,000,000 | $2,000,000 | Մարդասիրական ընթացիկ խնդիրները լուծելու համար |
2011 | N/A | $2,000,000 | N/A |
2012 | N/A | $2,000,000 | N/A |
2013 | N/A | $2,000,000 | N/A |
2014 | N/A | $2,000,000 | N/A |
2015 | N/A | $2,000,000 | N/A |
Ընդամենը | N/A | $44,500,000 | N/A |
* Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ ֆինանսական հատկացումների հետազոտությունն իրականացրել է ԼՂՀ վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը: