Միացյալ Նահանգները կօգնի Ղարաբաղին

Nagorno Karabakh, StepanakertՄիացյալ Նահանգների Սենատի հատկացումների հանձնաժողովը որոշել է վերականգնել Լեռնային Ղարաբաղը ամերիկյան օգնություն ստացողների շարքում և ավելացնել Հայաստանին հատկացվող գումարը: Այս մասին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Եղիսաբեթ Չուլջյանը:

«Արցախին Ամերիկայի օժանդակությունը շարունակելու մասին երեկվա որոշումը կարևոր քայլ էր՝ Ամերիկա-Արցախ հարաբերությունների ամրապնդման համար»,- ասել է Չուլջյանը:

Չուլջյանի խոսքով՝ 1998-ից ի վեր շարունակվող ամերիկյան օգնությունը Լեռնային Ղարաբաղին կարևոր դեր է խաղում տեղի բնակչության մարդասիրական խնդիրները կարգավորելու համար: Սենատի հատկացումների հանձնաժողովի որոշմամբ՝ 10 տոկոսով ավելացել է նաև ամերիկյան օժանդակությունը Հայաստանին` հասնելով 20 միլիոն դոլարի:

«Հայաստանին ամերիկյան հատկացումները սոսկ թվեր չեն: Այդ միջոցներով տասնյակ հայ երիտասարդներ արտերկրում ուսումը շարունակելու հնարավորություն են ստանում, հարյուրավոր կանանց համար ապահովվում է քաղցկեղի անվճար վաղ ախտորոշում և լիակատար բուժում, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում վնասազերծվում են հազարավոր ականներ, փրկվում և բարելավվում են բազմաթիվ մարդկանց կյանքեր: Միայն Ղարաբաղում ԱՄՆ-ի պետբյուջեից ստացված միջոցներով և բարերարների օգնությամբ հաջողվել է վնասազերծել 250-ից ավելի ականապատված դաշտ: Հայաստանում տասնյակ գյուղեր ապահովվել են ոռոգման և խմելու ջրով, լուսավորվել են մարզային քաղաքների և գյուղերի փողոցներ, մանր արտադրողներին վարկ ստանալու հնարավորություն է տրվել»:

Եղիսաբեթ Չուլջյանի խոսքով, Միացյալ Նահանգների օգնությունը նաև կարևոր խորհրդանշական դեր է կատարում.

«Սրանք կարևոր քայլեր են՝ ամերիկյան կառավարության հետ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի կապերն ամրապնդելու ուղղությամբ»:

«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շարունակում է աշխատանքները, որպեսզի այն բոլոր հայերը, որոնք Սիրիայից տեղափոխվել են Հայաստան և այլ երկրներ, օժանդակություն ստանան»,- ասել է Չուլջյանը:

***

Փետրվարին ներկայացրած բյուջեի նախագծով ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել էր 2016թ. Հայաստանին հատկացնել 18 ,360 միլիոն դոլարի օգնություն, Լեռնային Ղարաբաղի համար օգնություն նախատեսված չէր: Ամերիկայի հայկական կազմակերպությունները կոչ էին արել կրկնապատկել Հայաստանին հատկացվելիք օգնության չափը և Ղարաբաղին տրամադրել 5 միլիոն դոլարի օգնություն:

ԱՄՆ Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովը նախագծում ավելացրել է Հայաստանի համար նախատեսված օգնության չափը՝ հասցնելով այն 20.06 միլիոն դոլարի, ևս 1․7 միլիոն դոլար առաջարկվում է հատկացնել որպես ռազմական ֆինանսավորում, 600 հազար դոլար էլ՝ ռազմական կրթության և վարժանքների համար: Ինչպես և նախորդ տարիներին, հանձնաժողովը կոչ է արել պահպանել Հայաստանին և Ադրբեջանին հատկացվելիք ռազմական օգնության հավասարակշռությունը:

Հայաստանի հարևան երկրներ Վրաստանին և Ադրբեջանին որպես տնտեսական օգնություն հանձնաժողովն առաջարկել է տրամադրել համապատասխանաբար 54 միլիոն և 8․778 միլիոն դոլար:

1998-2015 թթ. ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղին ընդհանուր առմամբ հատկացրել է 44.5 մլն դոլար ֆինանսական աջակցություն:

ԱՄՆ ֆինանսական հատկացումները Լեռնային Ղարաբաղին, 1998-2015 թթ. *

Տարի Կոնգրեսի առաջարկը Փաստացի ծախս Նպատակը
1998 $12,500,000 $5,500,000 Հակամարտությունից տուժածների համար
1999 $7,500,000 $3,500,000 Խաղաղ կարգավորմանն առնչվող վերակառուցման և այլ գործողությունների համար
2000 N/A $2,000,000 Վստահության ամրապնդման միջոցառումների և խաղաղ կարգավորմանը նպաստելու այլ գործողությունների համար
2001 N/A $4,000,000 Վստահության ամրապնդման միջոցառումների և խաղաղ կարգավորմանը նպաստելու այլ գործողությունների համար
2002 N/A $2,000,000 Վստահության ամրապնդման միջոցառումների և խաղաղ կարգավորմանը նպաստելու այլ գործողությունների համար
2003 $5,000,000 $2,000,000 Մարդասիրական ընթացիկ խնդիրները լուծելու համար
2004 $5,000,000 $2,000,000 Մարդասիրական և օգնության ծրագրերի համար՝ մարդկանց առաջնային կարիքները հոգալու, այդ թվում՝ խմելու ջրի ծրագրերի համար
2005 $3,000,000 $2,500,000 Մարդասիրական և օգնության ծրագրերի համար
2006 $3,000,000 $3,000,000 Մարդասիրական և օգնության ծրագրերի համար
2007 $3,000,000 $2,000,000 Վստահության ամրապնդման միջոցառումների և խաղաղ կարգավորմանը նպաստելու այլ գործողությունների համար
2008 $6,000,000 $2,000,000 Մարդասիրական ընթացիկ խնդիրները լուծելու համար
2009 $8,000,000 $2,000,000 Մարդասիրական ընթացիկ խնդիրները լուծելու համար
2010 $8,000,000 $2,000,000 Մարդասիրական ընթացիկ խնդիրները լուծելու համար
2011 N/A $2,000,000 N/A
2012 N/A $2,000,000 N/A
2013 N/A $2,000,000 N/A
2014 N/A $2,000,000 N/A
2015 N/A $2,000,000 N/A
Ընդամենը N/A $44,500,000 N/A

 

* Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ ֆինանսական  հատկացումների հետազոտությունն իրականացրել է ԼՂՀ վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը: