Հունիսի 23-ի դեպքերով ինը ոստիկան կարգապահական տույժի է ենթարկվել

MHM96966Հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում ոստիկանության մի խումբ ծառայողներ թույլ են տվել կարգապահական խախտումներ: Ինչպես հաղորդում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, դա պարզվել է հուլիսի 13-ի դրությամբ կատարված քննության արդյունքներով:

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գ. Աբրահամյանի պաշտոնը մեկ աստիճանով իջեցվել է, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա. Մեհրաբյանին հայտարարվել է «նկատողություն», ևս յոթ ծառայողի` «խիստ նկատողություն»:

«Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում հունիսի 23-ին տեղի ունեցած հավաքների ընթացքում ծառայության ընդգրկված ոստիկանության մյուս ծառայողների գործողությունների և քաղաքացիների դիմումների քննարկման մասով ծառայողական քննությունը շարունակում է: Արդյունքների մասին կտեղեկացվի պարբերաբար»,- հաղորդում է ոստիկանությունը:

***

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ:  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀԾԿՀ-ին հայտ էր ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու վերաբերյալ:

Հունիսի 19-ին Երևանում` Ազատության հրապարակում, մեկնարկեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերը: Հունիսի 22-ին ցույցը տեղափոխվեց Բաղրամյան պողոտա: Հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանությունը ցրեց նստացույցը՝ բերման ենթարկելով և նույն օրը ազատ արձակելով 237 քաղաքացու:

Ջրցան մեքենայի, քաղաքացիական հագուստով ոստիկանների մասնակցությամբ իրականացված ոստիկանական գործողությունից իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս տուժել ու բերման էին ենթարկվել նաև մի շարք լրագրողներ: Ոստիկանները կոտրել էին նրանց աշխատանքային տեխնիկան, առգրավել տեխնիկայի և հեռախոսների հիշողության քարտերը:

Հունիսի 24-ից քաղաքացիները Բաղրամյան պողոտայում նստացույց սկսեցին:

Հունիսի 26-ի երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ում աուդիտ կանցկացվի: Հունիսի 27-ի երեկոյան Սերժ Սարգսյանը խորհրդակցություն հրավիրեց տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ և հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում աուդիտի եզրակացության կազմումը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը` նշելով, որ ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չեն դիպչի, այլ գումարներ կգտնեն անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից:

Հունիսի 28-ի երեկոյան «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հանդես եկան հայտարարությամբ` Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին կոչ անելով երթով շարժվել Ազատության հրապարակ և այնտեղ «կայացնել խելամիտ որոշումներ»: Ցուցարարների շատ քիչ մասը հետևեց կոչին, իսկ մեծ մասը բողոքը շարունակեց Բաղրամյան պողոտայում: Ոստիկանությունը հայտարարեց, որ միջոցներ ձեռք կառնի` ցրելու Բաղրամյան պողոտայում մնացողներին, սակայն որևէ գործողության չդիմեց:

Հունիսի 30-ին «Ոչ թալանին»-ը վերադարձավ Բաղրամյան պողոտա, սակայն ոչ որպես շարժումը համակարգող խումբ:

Բաղրամյան պողոտայում քաղաքացիների նստացույցը շարունակվեց մինչև հուլիսի 6-ը: