Վաղինակ, դու Աստվածաշունչը չպետք է վերցնեիր

Vaghinak Shushanyan«Ոչ թալանին» շարժման Վաղինակը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից արծաթակազմ Աստվածաշունչ է նվեր ստացել։ Հունիսի 23-ի վայրագություններից ուղիղ երկու օր հետո։ Վայրագություններ, որոնց հրամանն ուղղակիորեն տվել է ոստիկանապետը Սերժ Սարգսյանի համաձայնությամբ, որովհետև երկուսին էլ թվում էր, թե այդ օրը ոչնչով չի զիջում 2004-ի ապրիլի 12-ին։ Ժողովուրդը կցրվի տներով և կմոռանա, թե ինչքան անմարդկային էր ոստիկանությունը։

Միգուցե Աստվածաշունչ նվիրելով Վլադիմիր Գասպարյանը մտածել է մեղքերի քավության մասի՞ն։ Вздор։ Գասպարյանը թողության վատ զգացում ունի՝ Վաղինակը թողություն շնորհող չէ։ Իսկ Վաղինակին՝ ի՞նչ։ Այդ պահին իր հեղինակությամբ մրցում էր հենց ոստիկանապետի հետ։ Որովհետև նրա հեղինակությունը ոստիկանապետն է, և երբ այդ տղան ասում է, որ Աստվածաշունչը որպես նվեր չեն մերժում, ինքը փորձում է սղացնել հենց հեղինակությունների մասին իր պատկերացումը, իբր հեղինակությունն Աստվածաշունչն է և ոչ թե՝ Վլադիմիր Գասպարյանը։ Вздор։ Նվիրել էր, որ հետո ամբողջ Բաղրամյան պողոտայով գոռում էր՝ ես Գասպարյան Վովան եմ։ Հասկանու՞մ ես։ «Թողության» նրա պատկերացումն աշխատել էր՝ վերցրել էիր Աստվածաշունչն ու քեզ, որպես շարժման գլխին կանգնած մեկը, զրկել այդ պահին նրա վրա ունեցած ամբողջ իշխանությունից։ Դու նրա ողորմածությունն էիր, մինչդեռ դարձար թողությունը։

Այդպիսի բաներ, Վաղինակ։ Պայքարը, ինչպես դուք եք ցույց տալիս, ձեր խելքի բանը չէ, քանի դեռ ձեր կենսադաշտում Վլադիմիր Գասպարյանը Վլադիմիր Գասպարյանն է, Օսիպովն Օսիպովն է, Սերժ Սարգսյանն էլ Սերժ Սարգսյանն է։ Մինչդեռ, ավելի հասուն մարդիկ մեռան ձեզ ասելով՝ մյուս կողմում չարիքն է, ոչ թե՝ սակագին որոշողը։ Եթե ավելի խելքը գլխին տղաներ լինեին պայքարի առջևում, էդ ոստիկանները ստիպված կլինեին հաշվի նստել ձեզ հետ և ձեզնից աղերսել, ասենք, Մայն Ռիդի «Անգլուխ ձիավորը»։ Որպեսզի լցնեին ամբողջ օրվա այն պարապությունը, որն Աստվածաշնչի մեկ տողով չես լցնի։ Բա՞։ Կողքից էլ որ ասում են, թե ձեր ուզածն ի՞նչ է էդ «Ոչ թալանին»-ի խեղճ ու կրակ տղաներից, հո նրանք փորձված քաղաքական գործիչներ չե՞ն, անմիջապես մեջքներդ ուղղվում է։ Որովհետև էս մխիթարանքի տակ սղացնում եք էն ամբողջ խայտառակությունը, որը թույլ տվեցիք կենդանի պատի և ոստիկանության ամեն հիմարության հետ հաշվի նստելուց։ Ձեր ամեն քայլն այդ պահից նահանջ էր։ Սերժ Սարգսյանն այլևս կարիք չուներ որևէ բան հայտարարելու, պատը և արևն ամեն ինչ կանեին։ Ի դեպ, ինչպես և եղավ։ Սակայն «իմաստալից» նահանջի համար ձեզ «նախագահի» հայտարարություն էր պետք։

Ընդհանրապես, այն պահից, երբ վեցրել ես Աստվածաշունչը, Վաղինակ, ես ինչու՞ պիտի դա չընկալեմ, ասենք, շարժման կամ քո կոդավորված զրույցը Վլադիմիր Գասպարյանի հետ առ այն, որ դուք կամ դու ձախողելու եք շարժումը։ Ինչպես ես եմ հասկանում, քեզնից շատ բան էր կախված, Վաղինակ, միքայելմինասյանական լրատվությունը հատկապես քեզ էր «չաղացնում» ժողովրդի բերանը գցելու համար։ Վլադիմիր Գասպարյանն առանց քեզ արված նվերի էլ երջանիկ մարդ է, հասկանու՞մ ես, դու շարժման ամբողջ ընթացքում պիտի անեիր բաներ, որոնք հենց շարժման տրամաբանության մեջ են։ Հետո՞ ինչ, թե քո ծննդյան օրն էր։ Եվ հետո՞ ինչ, որ ոստիկաններն էլ են հայ տղաներ։ Նաիրի Հունանյանն էլ է հայ։ Արեց, չէ՞, իր սև գործը։ Ուրեմն, ո՞վ պետք է Գասպարյանի ձեռքից վերցներ Աստվածաշունչը։

Ապրի արևդ, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, որն իր ծառայակիցներին քսի էր տալիս նույնիսկ էն լրագրողների վրա, որոնք իշխանությանը ոչնչով չէին սպառնում։ Էդ Աստվածաշունչը դու իրավունք չունեիր վերցնելու հենց այդ լրագրողների անունից, որոնք ծեծվել էին և կորցրել շատ նյութական գույք։ Եթե շարժումն այդքան հավաքական էր, գլուխ-գլխի տայիք որևէ որոշում կայացնելիս, եթե հավաքական չէիք, ուրեմն ձեր մեջ կային իշխանության կողմնակիցներ, որոնց, ինչպես դասականն է ասում, «վեցրածդ Աստվածաշնչով կճանաչեմ»։ Մարդու լեզուն չի պտտվում ձեզ շատ բան բացատրելու, որովհետև ձեր տարիքն այնուամենայնիվ շատ խորանալու տեղ չի թողնում։ Բայց երբ ոստիկանությունը քեզ, Վաղինակ, Աստվածաշունչ է տալիս, ուզում է ասել, որ ինքն Աստծով է, իսկ դու՝ ոչ։ Իսկ եթե ինքն «Աստծով» է,- եթե իհարկե, դու, Վաղինակ, պատկերացնում ես որևէ մեկի Աստծով կամ «Աստծով» լինելը,- ուրեմն ինչի՞ շուրջ եք հավաքվել։ Եթե դա պայքար է, ի՞նչ կապ ունի Աստվածաշունչը։ Դա կաշառք է, եղբայր, ծնունդդ է, թե կնունքդ, բայց պայքարի բովի մեջ դա կաշառք է, որպեսզի ինչ-որ պահից քեզ կարողանա հիշեցնել, թե «ինչի համար ենք հավաքվել»։ Իսկ դու, որպես հետողորմյա, վեցրած Աստվածաշնչի մասին պատմում ես մի բան, որը մենք՝ ավագներս, էն գլխից գիտեինք՝ պողոտան ձեր պոդիումն էր։ Իսկ պոդիումը բարի ու չար չի ճանաչում, այնտեղ դուք ձեզ եք ցուցադրում։

Եթե քաղքենի չես, Վլադիմիր Գասպարյանը քեզ գլխատել է Աստվածաշնչով։ Իսկ եթե դու այդքան ջահել, բայց արդեն քաղքենի ես, ուրեմն ուզածդ ոչ թե էլեկտրաէներգիայի սակագնի չեղարկումն էր, այլ հենց «աշխարհի մեծերի» հետ տալիք-առնելիքը։ Դու կարծում ես, քեզնից առաջ Գասպարյանն ուրիշ ոչ մեկին Աստվածաշունչ չի՞ նվիրել։ Կամ նրան չե՞ն նվիրել։ Եղել է այդ ամենը։ Եվ մենք ունենք մեկին, որը պողոտայով մեկ վերջին անհավասարակշռի նման բղավում էր՝ ես Գասպարյան Վովան եմ։ Եվ հենց նրա նմաններն են, որ խրախուսում են ձեր հոգով աղքատությունը, Վաղինակ։ Որովհետև հոգով աղքատությունը հակամետ է իշխանությանը։ Ինքը պետք է համոզվի, հասկանա, որ դուք ավելին չեք, իշխանությունը՝ իրենց, հոգով աղքատությունը՝ ձեզ։ Վերցրու քո հոգով աղքատոտթյունն ու գնա Ազատության հրապարակ։ Իսկ մինչ այդ, հունիսի 23-ի մեր գազանություններն էլ տեղավորիր «մյուս այտիդ իջնող ապտակի» մեջ։ Հաջող, ախպեր։